HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Ապարանի վթարային երկու շենքում ապրող 38 ընտանիքի նոր բնակարան կհատկացվի

Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհ 7 հասցեներում գտնվող վթարային շենքերում ապրում է 38 ընտանիք։ Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագծի՝ այս ընտանիքները բնակարան կստանան Գարեգին Նժդեհ 38 հասցեում պետության միջոցներով կառուցված շենքում, որն ունի 43 բնակարան։ Իսկ մնացած հինգ բնակարանները կհատկացվեն 1988-ին Ապարանում երկրաշարժի հետևանքով տունը կորցրած ընտանիքներին և 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին։ «Բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտված են, իսկ վթարային շենքերի տեխնիկական վիճակն օրեցօր վատթարանում է»,- նշված է նախագծում։

«Եթե մակերեսային համեմատություն անցկացնենք, վթարային երկու շենքերը 1800 քմ էին, իսկ նոր կառուցված շենքը՝ 2800 քմ։ Գրեթե բոլորն իրենց նախկին բնակարանների մակերեսից մեծ մակերեսով բնակարաններ կստանան։ Նախկինում եթե երկու սենյակ ուներ, հիմա էլ երկու սենյակ կունենա, բայց բնակարանի մակերեսը՝ ավելի մեծ։ Նաև հաշվի է առնվել, որ շենքում հաշմանդամություն ունեցող անձինք կան։ Հավելյալ հինգ բնակարաններից երեքը կտրվի 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, երկուսը՝ 1988-ի երկրաշարժի հետևանքով բնակարանը կորցրած ընտանիքներին»,- Կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ 

«Շենքն ամբողջությամբ վերանորոգված է, դռները և լուսամուտները տեղադրված են։ Շենքը շահագործման է հանձնվել 2022 թվականին, ավարտական ակտը կազմվել է առանց թերությունների՝ նախագծին համապատասխան»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչու են բնակարանները հիմա տրամադրվում, եթե շենքը շահագործման է հանձնվել 2022-ին, Արմեն Ղալումյանը պատասխանեց՝ խնդիրներ են եղել, որոնք այս ընթացքում շտկվել են։ 

«Սա վատ պատմությունների շղթա է, որ նորից պետք է պոտենցիալ շահառուներ ինձ հանդիպեն ինչ-որ տեղում, չեմ թաքցնի՝ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հուղարկավորության ժամանակ են մարդիկ ինձ մոտեցել և ասել, որ այսպիսի խնդիր կա, մեկ ամիս առաջ։ Այսինքն, եթե կարելի էր այս ամեն ինչը մեկ ամսում անել, մեկ տարի ինչո՞վ ենք զբաղված եղել։ Վթարային շենքը լիկվիդացնելու հետ կապված հարցերը պլանավորվա՞ծ են։ Ինչու՞ եմ ասում, որովհետև ես գիտեմ օրինակներ, երբ վթարային շենքի դիմաց մարդիկ բնակարան են ստացել, և ընտանիքի մի մասը մնացել է հին շենքում, մյուս մասը տեղափոխվել է նոր բնակարան, և խնդիրը մեզ համար մնացել է նույնը։ Երաշխավորե՞լ եք, որ նոր բնակարանները բաշխելուց հետո հին բնակարանում ոչ ոք չի մնալու։ Պետք է կազմակերպել և այդ վթարային շենքը հողին հավասարեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

«Արդյոք հին շենքը քանդվելու է» հարցին ի պատասխան՝ Գնել Սանոսյանը ասաց, որ քաղաքացիները բնակարան կստանան իրենց հին տներից հրաժարվելու պայմանով։ Իսկ բնակարանների տրամադրման գործընթացի ավարտից հետո նախատեսված է հին շենքերը քանդել։

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter