Նարինե Ավետիսյանը ԿԿՀ անդամ ընտրվելու դեպքում խոստանում է լինել անաչառ և անկախ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանը Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ ընտրվելու դեպքում իր որոշումները լինելու են անկախ և անաչառ, միայն ի շահ Հայաստանի Հանրապետության: Թեկնածուն կարևորեց նաև հանձնաժողովի դերը:
Հիշեցնենք, որ արդեն 2 օր է՝ Ազգային ժողովում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թեկնածուները երկուսն են՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հայկուհի Հարությունյանը և Նարինե Ավետիսյանը: Վերջինս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում վարչության պետ է: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրվել են։
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Նարինե Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ինչ նորարարություններ կարելի է ներդնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
Նարինե Ավետիսյանն ասաց, որ էլեկտրոնային համակարգն արդեն ներդրված է: Քննարկվում է ներդնել արհեստական բանականությունը բարեվարքության եզրակացությունների համար:
Թագուհի Թովմասյանը Ն. Ավետիսյանին հարցրեց, թե որ պատգամավորների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասին են վարույթներ կազմվել և ինչ ընթացք են ունեցել:
2020-2023թթ. եղել է 18 վարույթ՝ կապված անհամատեղելիության, շահերի բախման դեպքերի հետ: Թե քանի վարույթ է եղել հայտարարագրերի լրացման վերաբերյալ, տեղեկություն չուներ:
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց նաև, թե Նարինե Ավետիսյանն ինչպես է աշխատանքի անցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եւ ինչպես է աշխատել հանձնաժողովի արդեն նախկին նախագահ, հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի հետ:
Նարինե Ավետիսյանն ասաց, որ աշխատանքի անցել է մրցույթով, ինչպես բոլորը: Ինչ վերաբերում է Հ. Հարությունյանի հետ աշխատանքին, նշեց, որ նրա հմտություններից օգտվել է ամբողջ հանձնաժողովը, հետևաբար իր վրա խորը հետք է թողել նրա հետ աշխատանքը:
Մեկնաբանել