
Վլադիմիր Զելենսկին մեկնել է Արգենտինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է մասնակցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանը: Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Զելենսկին Արգենտինա մեկնելու ճանապարհին հանդիպել է Կաբո Վերդեի վարչապետ Ժոզե Ուլիսեշ Կորեա-ի-Սիլվայի հետ:
Վլադիմիր Զելենսկին Կաբո Վերդեի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է աֆրիկյան այդ երկրի աջակցությունն Ուկրաինայի միջազգային նախաձեռնություններին: Նա Կաբո Վերդեի վարչապետին հրավիրել է միանալ «խաղաղության ուկրաինական բանաձևի իրագործմանը»։
Խավիեր Միլեյը Արգենտինայի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Արգենտինայում համաժողով անցկացնել՝ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման թեմայով: Այդ նպատակով կողմերն ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել։
Միլեյը Արգենտինայի նախագահի պաշտոնը կստանձնի այսօր՝ դեկտեմբերի 10-ին։ Երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Արգենտինա է մեկնել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Միլեյը նախընտրական քարոզարշավի ընթացքում դեմ էր հանդես եկել Ռուսաստանի, Չինաստանի և Բրազիլիայի հետ համագործակցության խորացմանը, հայտարարել, որ Արգենտինան չի անդամակցի ԲՐԻԿՍ-ին, իսկ առաջնային դաշնակիցներ է համարում ԱՄՆ-ին և Իսրայելին:
Լուսանկարը՝ Ukrainian Presidency/Handout/Anadolu Agency via Getty Images
Մեկնաբանել