
Եվրամիությունը պատրաստ է անվտանգության և պաշտպանության ոլորտներում զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Վարհելի
Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որտեղ նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է անվտանգության և պաշտպանության ոլորտներում զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը։
In the margins of the #FAC met Foreign Affairs Minister of #Armenia @AraratMirzoyan on how to deepen our relations further.
— Oliver Varhelyi (@OliverVarhelyi) December 11, 2023
Expressed our strong support to the peace process.
We are ready to upgrade our cooperation in areas eg. security, defence, energy, connectivity & trade. pic.twitter.com/ypmJQDtvYr
«Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույց եմ ունեցել մեր հարաբերությունների հետագա խորացման ուղիների շուրջ։ Արտահայտել եմ մեր ամուր աջակցությունը խաղաղության գործընթացին։ Մենք պատրաստ ենք բարելավել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը, էներգետիկան, կապը և առևտուրը»,- իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան։
Դեռ մի քանի օր առաջ Օլիվեր Վարհելին ողջունել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որի արդյունքում կողմերը պայմանավորվել էին գերիների փոխանակում իրականացնել։ Եվրոպացի պաշտոնյան գրել էր, որ ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել երկու երկրներին։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ զորավարժություններ անցկացնել։
«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, դա արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,- հայտարարել էր Ստանոն։
Եվրոպացի պաշտոնյան նաև հավելել էր, որ Եվրոպական միությունը պլաններ չունի հայ զինծառայողներին վերապատրաստել ԵՄ անդամ երկրների տարածքում։
Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայք էջից
Մեկնաբանել