HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Գնդի հրամանատարից մինչև վաշտի հրամանատար մատը մատին չեն տվել». որդուն կորցրած հոր վկայությունը

Շուրջ 1,5 տարի է՝ դատարանը քննում է Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործը։ Հրամանատարը մեղադրվում է նորակոչիկներին մարտի ժամանակ միայնակ թողնելու և մարտական դիրքը լքելու մեջ։

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հերթական դատական նիստի ժամանակ զոհված զինծառայող Հարութ Ղարախանյանի հայրը՝ Ալեքսանդր Ղարախանյանը, դատարանին ներկայացրեց որդու՝ Խուռհատ սարից իջնելու, շրջափակման մեջ հայտնվելու մանրամասները, ապա՝ նրան փնտրելու փորձերը։

Հարութ Ղարախանյանը 1 տարի 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Հարութը սերժանտ էր, ծառայում էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակում։

Ջրականից նահանջելուց հետո անձնակազմը եղել է Հադրութում։ Հոկտեմբերի 9-ին Հարութն իր գումարտակի հետ բարձրացել է Հադրութի մոտակայքում գտնվող Խուռհատ սար։

Ըստ Ալեքսանդրի՝ գումարտակին Խուռհատ են բարձրացրել, որ պաշտպանեն Հադրութ քաղաքը։

Հարութը հոր հետ խոսելիս ասել է, որ թշնամու մեքենաներ են երևում, իրար հետևից գալիս են, բայց ոչ մի հրետանի չի աշխատում, ոչ մի կրակոց։

Հոկտեմբերի 10-ի առավոտյան Խուռհատ սարի վրա մարտ է սկսվում, որի ընթացքում Ալեքսանդրի որդին՝ Հարութը, վիրավորվում է երկու ոտքից։ Որդու վիրավորվելու մասին Ալեքսանդրն իմանում է այդ երեկո։

Ալեքսանդրը պատերազմի պահին Արցախի Պաշտպանության բանակի սպա էր։ Երբ իմացել է որդու վիրավորվելու մասին, հայտնել է թիկունքի պետին և թույլտվություն ստանալուց հետո զորամասը լքել, գնացել է Հադրութի շրջան։

«Հոկտեմբերի 10-ին հասնում եմ Տող գյուղ, գիշերը մնում այդտեղ, առավոտ 11-ին հասնում «Թութակներ» կոչվող բարձունքը։ Ինձ դիմավորում է ՊԲ թիիկունքի պետ Բորիս Դավիդովը, էնտեղ լինում են Արթուր Աղաբեկյանը և շտաբի պետ Կամո Վարդանյանը։ Դավիդովը հարցնում է՝ ի՞նչ է եղել, պատմում եմ, ասում, որ եկել եմ էրեխուն հանեմ։ Ներկայացնում են Վարդանյանին, լինում ա ԱԱԾ պետը Սերգեյ Միրզոյանը, հեռախոսի համարն է ուզում էրեխու, ասում եմ, զանգում են, ասում են՝ հա, էրեխեն Վանք գյուղում է, հետո խումբ է կազմվում, որ իջնենք Հադրութ»,- պատմում է Հարութի հայրը։

Որդուն փնտրելու ճանապարհին Ալեքսանդրը մարտի է բռնվել թշնամու հետ

7-8 հոգով գնացել են Հադրութ և այնտեղ մարտի մեջ մտել թշնամու հետ։

«Անբավարար միջոցներ ունեինք, անհնարին էր բոյ տալը։ Որոշում ենք նահանջ տանք, քաղաքապետարանի շենքից դուրս հանենք ժողովրդին, մի կերպ հանում ենք, հասնում «Թութակներ», էրեխեքն էդ ժամանակ «ցիրկի շենքերից» մի 500 մետր բարձր էին։

Կապ է տալիս՝ պապ, էդ դու՞ք եք, ասում եմ՝ հա, էդ օրը ոչ մի բան չի ստացվում անել։ Մյուս օրը էրեխեն զանգում ա, ասում՝ 14 հոգով Վանք գյուղում են»,- պատմում է Ալեքսանդրը։

Վանք գյուղի ճանապարհին 14-հոգանոց խմբի զինծառայողները հանդիպել են իրենց 16 զինակիցներին և բոլորով տեղավորվել Վանք գյուղի տներում։

«Էրեխեն զանգում է Գարիկին Վարդերեսյան, շատ մարդու է զանգել, բայց ոչ մեկ, ոչ մի հրամանատար՝ գնդի հրամանատարից սկսած մինչև վաշտի հրամանատար, ոչ մեկը մատը մատին չի տվել, չի ասել՝ էսքան երեխա ունեմ ես կորած։ Զանգել հետը խոսել եմ, հարցրել՝ բոյի ժամանակ ովքե՞ր են եղել, ասել է՝ սպաներից մարդ չկար, մենակ ես եմ, ես էլ չէի իմանում, որ իրան լեյտենանտ էին տվել»,- նշում է Ալեքսանդր Ղարախանյանը։

Ալեքսանդրի խոսքով, իրենց թույլ չեն տվել մտնել Վանք գյուղ։

«Ինչքան փորձել ենք մտնել դեպի գյուղ, մեզ չեն թողել։ Էդ ժամանակ ղեկավար եղել ա Դավիթ Մանուկյանը։ Քանի անգամ փորձել ենք մտնել, չեն թողել, կես ճանապարհը մտած, ասել են՝ հետ եկեք, հենա սպեցնազը, ռազվեդկեն մտել են, էրեխեքին հանում են, դուք եկեք, ձեզ ուրիշ տեղ են ուղարկում։

Մինչև վերջին մարդն էլ զեկուցված էր, որ էրեխեքը ողջ են, 30 հոգի էսինչ տարածքում կա… Շրջափակման մեջ են ընկել, որովհետև հրամանատարը թողել ա, փախել, ղեկավարում չի եղել»,- պատմում է Հարութի հայրը։

Համաձայն որոշ վկայությունների՝ Հարութ Ղարախանյանը նոյեմբերի 24-ին զանգել է բարեկամներից մեկին, ընկերոջ մասին է հարցրել, ասել են՝ զոհվել է։ 

«Հարութն ասել է՝ ուզում ենք գանք, Շուշիով դուրս գանք, պատասխանել են՝ Շուշին գրավված է, պատերազմն էլ՝ ավարտված»։

Մինչև հունվարի վերջ Ալեքսանդր Ղարախանյանն այլ ծնողների հետ որոնողական աշխատանքներ էր իրականացնում։

«Ամեն օր մտնում էինք, էրեխեքին փնտրում, դիերը հանում»,- ասում է նա։

Ըստ Ալեքսանդրի՝ Հադրութի շրջանում գրավված տարածքներում մոտ 300 զինծառայող է եղել։ «Այդ մասին տարբեր տեղերից տեղեկություն ենք ստացել, իրար գումարում էինք, էդքան զինառայող էր մնացել։ Անձամբ ներկայացրել եմ Արայիկ Հարությունյանին, Արթուր Աղաբեկյանն ասաց՝ էդքան մարդ չկա, դե ինքը վրդովված ա որդու համար»։

Զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի ցուցմունքը, թե Խուռհատ սարը խրամատավորված է եղել, Ալեքսանդր Ղարախանյանը սուտ որակեց։ 

«Ինչ վերաբերում է Վահանյանին, ես 1992-ից համազգեստի մեջ եմ, կա երդում, որը զինվորականը տալիս է ու մինչև վերջին շունչը պետք է կատարի, կյանքից թանկ է, բայց մարդիկ չեն արել, իրենց զինվորին լքել են»,- ասաց նա։

Դատարանը տեղեկացրեց, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետին գրություն է ուղարկել, որպեսզի հնարավոր լինի պարզել Արցախից բռնի տեղահանված այն անձանց գտնվելու վայրը, որոնք պետք է վկայություն տան։

Դատավոր Ջոն Հայրապետյանը տուժողի իրավահաջորդ Հակոբ Մկրտչյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց, քանի որ վերջինս ասել է, որ կգա դատական նիստին, սակայն չի ներկայացել։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14.00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter