
Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի Ջո Բայդենի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 12-ին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ամերիկյան օգնության հարցերը։
Սպիտակ տան փոխանցմամբ՝ Բայդենի և Զելենսկիի առաջիկա հանդիպումը պետք է «ընդգծի Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Ուկրաինայի ժողովրդին աջակցելու հարցում, երբ վերջինս իրեն պաշտպանում է Ռուսաստանի դաժան ներխուժումից»:
Ինչպես ակնկալվում է, Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում Զելենսկին ելույթ կունենա նաև Սենատի անդամների հանդիպման ժամանակ ու բանակցություններ կվարի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ:
Դեռ դեկտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Արգենտինա, որտեղ մասնակցել էր նորընտիր նախագահ Խավիեր Միլեյի երդմնակալության արարողությանն ու շփվել այլ երկրների առաջնորդների հետ, որոնք մասնակցում էին երդմնակալության արարողությանը։
Սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Լատինական Ամերիկայի երկրներ՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո։
ԱՄՆ կոնգրեսը ներքաղաքական տարաձայնությունների պատճառով դեռևս չի հաստատել Ուկրաինային հետագա ռազմական օգնության ֆինանսավորումը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում ընդգծում են, որ Ուկրաինային աջակցելու համար արդեն հատկացված գումարները գրեթե սպառվել են և կոչ են անում Կոնգրեսին հնարավորինս արագ հավանություն տալ օգնության նոր փաթեթին:
Լուսանկարը՝ AP Photo/Evan Vucci
Մեկնաբանել