HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Գագիկ Բեգլարյանի ապօրինի գույքի գործով նախնական դատալսումները ավարտական փուլում են

Հակակոռուպցիոն դատարանում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։

Այս գործով նախնական դատալսումները հասել են ավարտական փուլի, և շուտով կսկսվի դատաքննության փուլը։ Դատարանն արդեն իսկ իրականացրել է ապացուցման բեռի բաշխումը։ Այսօրվա նիստին կողմերը հանդես եկան միջնորդություններով։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը դատարանին ներկայացրեց փորձագետների եզրակացությունները՝ որպես ապացույցներ։ Մասնավորապես, դրանք վերաբերում էին՝

  • Ազատության պողոտա 1/8 և 1/9 հասցեներում գտնվող անշարժ գույքերի շուկայական արժեքներին, 
  • Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջի հիման վրա կոնկրետ փոխարժեքների վերաբերյալ ներբեռնված տեղեկատվությանը։ Ըստ դատախազի՝ իրավասու մարմնի կողմից կատարված վերլուծության ժամանակահատվածը ներառում է նաև արտարժույթով փոխանցումներ, որոնք հայցադիմումում ներկայացված են ՀՀ դրամով, հետևաբար՝ ապացուցվելու են նաև այդպիսի փաստերը։
  • Ընդհանուր շինարարական աշխատանքների արժեքներին և գույքերի շուկայական արժեքներին։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդությամբ դատարանին խնդրեց հայցադիմումին և այս միջնորդությանը կից ներկայացված ապացույցները ճանաչել որպես գրավոր ապացույցներ։ Բացի այդ՝ դատախազը խնդրեց, որ լազերային սկավառակներում առկա նյութերը դատարանը հետազոտի էլեկտրոնային եղանակով։ Դատարանը բավարարեց այս միջնորդությունը։

Դահլիճում էին նաև 3 փորձագետները, որոնք համապատասխան եզրակացություններն են տվել։ Նրանք գրավոր ստորագրությամբ հաստատեցին իրենց եզրակացությունները։ Դատարանը հիշեցրեց, որ կեղծ եզրակացություն տալը քրեական պատասխանատվություն է առաջացնում։ Նշենք, որ դատաքննության փուլում փորձագետները կհրավիրվեն դատարան, որ հարցաքննվեն։

Հաջորդիվ պատասխանողների ներկայացուցիչներից փաստաբան Գոհար Ավագյանը ներկայացրեց միջնորդություն, որով դատարանին խնդրեց փոխել ապացուցման պարտականության բաշխման մասին որոշումը, և հայցվորի վրա դնել հետևյալ փաստերը ապացուցելու պարտականություն՝

  • Գագիկ Բեգլարյանի կնոջը՝ Նունե Նիկոլյանին պատկանող գույնքերի նկատմամբ Գագիկ Բեգլարյանի՝ իրական շահառու հանդիսանալու հանգամանքը ապացուցելու պարտականություն։
  • Պատճառահետևանքային կապի ապացուցման պարտականություն՝ Գագիկ Բեգլարյանին մեղսագրվող քրեաիրավական արարքի և հայցապահանջում ներառված բոլոր գույքերի ձեռքբերման միջև,
  • Հայցադիմումում ներառված և եզրակացությամբ օրինական ճանաչված գույքերի մասով 100%-ի չափով ապօրինի հանդիսանալու ապացուցման պարտականություն։ Մասնավորապես, պատասխանող կողմի համար անհասկանալի է, թե ինչու Է դատախազությունը գույքերի որոշակի մասը ճանաչել ապօրինի, սակայն ամբողջի բռնագանձման պահանջ ներկայացրել։ 
  • Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի անբարեխիղճ ձեռքբերող լինելու հանգամանքի ապացուցումը,
  • Գագիկ Բեգլարյանի հոր՝ Բեգլար Բեգլարյանի կողմից ձեռք բերված գույքերի առնչությամբ Գագիկ Բեգլարյանի՝ իրական շահառու լինելու հանգամանքը, ինչպես նաև Բեգլար Բեգլարյանի կողմից այդ գույքերի ձեռքբերումը օրինական եկամուտներով չհիմնավորվելու փաստը։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ապացուցման բեռը բաշխվել է օրենքին համապատասխան տրամաբանությամբ։ Հաշվի առնելով միջնորդության ծավալուն լինելը՝ դատարանը հայտնեց, որ այդ մասին որոշումը կհրապարակի առանձին ակտի ձևով։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 27-ին՝ 10։30-ին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ նախկին պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների։ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին և նրա ընտանիքի անդամաներին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ունեցվածքը հօգուտ Հայաստանի բռնագանձել։ Բռնագանձման ենթակա գույքերի ցանկում են նաև Գագիկ Բեգլարյանին պատկանող Մոնումենտի 2 առանձնատները, որոնց «Հետքն» անդրադարձել էր 2018 թ․-ին։

Գագիկ Բեգլարյանը անցնում է նաև քրեական գործերով, որոնցից մեկը հարուցվել է «Հետքի» հրապարակման հիման վրա, որտեղ ներկայացրել էինք Բեգլարյանների կողմից Երևանի կենտրոնում գտնված 4 մանկապարտեզի սեփականաշնորհման պատմությունը։

Մանկապարտեզներից մեկը գտնվել է Թամանյան փողոցում (Կասկադի հարևանությամբ), մյուսը՝ Թումանյան փողոցում, երրորդը՝ Սայաթ-Նովա պողոտայում, իսկ չորրորդը՝ Նորագյուղում (Էջմիածնի հին խճուղում)։ Նշված մանկապարտեզների տարածքների հետ միասին ևս 2 տասնյակ գույք յուրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում քրական գործ էր հարուցվել, որի նախաքննությունը 3 տարի է դեռ շարունակվում է։ Դատախազությունը միայն 2022 թ․-ի նոյեմբերին այս գործով Գագիկ Բեգլարյանին մեղադրանք առաջադրեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter