
Մոսկվան պատրաստ է շարունակել օգնել Երևանին ու Բաքվին. Օվերչուկ
ՌԴ-ն պատրաստ է, որպես միջնորդ, շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունները։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Անհրաժեշտ է հասկանալ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումն իրականացվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն: Դրա համար ստեղծվել է աշխատանքային խումբ ՝ մեր կառավարությունների փոխվարչապետների նախագահությամբ։ Աշխատանքային այդ խումբը հավաքվել է, մշակվել են փաստաթղթեր, որոնք պատրաստվածության բարձր աստիճանի են։ Առաջին հերթին խոսքը երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման մասին է։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ ՌԴ-ն հանդես է գալիս որպես միջնորդ։ Եթե կողմերը պատրաստ են շարունակել այդ աշխատանքը, ապա մենք նույնպես պատրաստ ենք մասնակցել դրան»,- նշել է նա։
Օվերչուկը հավելել է, որ ՌԴ-ն դրական է համարում տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունները: «Նշում ենք դրական կետերը, որ կողմերը սկսում են միմյանց հետ ուղիղ աշխատել։ Սա թերևս ամենակարևոր արդյունքն է»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել