
Ադրբեջանի իշխող կուսակցությունը ընտրություններին պաշտոնապես առաջադրել է Ալիևի թեկնածությունը
Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան» -խմբ.) կուսակցությունը գործող նախագահ Իլհամ Ալիևին նախագահի թեկնածու է առաջադրել 2024 թվականի փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ ընտրություններում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Կուսակցության վարչությունը ընդլայնված նիստ է անցկացրել, որի արդյունքում Ալիևի թեկնածությունն արժանացել է միաձայն հավանության:
Գործող օրենսդրության համաձայն՝ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների փաստաթղթերը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի հավանական թեկնածուին այդ կարգավիճակում հաստատելու մասին: Դրանից հետո թեկնածուն անձամբ կամ նրա կողմից լիազորված խմբերը սկսում են նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումը: Գրանցման համար անհրաժեշտ է հավաքել 40 հազար ընտրողների ստորագրություն։ ԿԸՀ-ն փաստաթղթերի ընդունումը կիրականացնի 2023 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հունվարի 8-ը:
Ադրբեջանում նախընտրական քարոզարշավը կսկսվի քվեարկության օրվանից 23 օր առաջ, այսինքն՝ հունվարի 15-ին: Ընտրություններից մեկ օր առաջ հայտարարվում է լռության օր, երբ այս կամ այն թեկնածուի օգտին ցանկացած քարոզչություն արգելված է։
Իլհամ Ալիևը դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել Հանրապետությունում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ որպես քվեարկության օր նշանակելով 2024 թվականի փետրվարի 7-ը: Պետության ղեկավարի հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականի հոկտեմբերին։ Ընտրությունների օրվա տեղափոխության պատճառների մասին չի հաղորդվում։
Ադրբեջանի գործող Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, ժամկետների սահմանափակում նախատեսված չէ: Ադրբեջանում նախագահի վերջին ընտրությունները կայացել էին 2018 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ հաղթել էր Ալիևը։ Նրա օգտին քվեարկել էր ընտրողների 86,22 % -ը։ Ընտրություններին մասնակցել էր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 74,5 %-ը։
Այն մասին, որ իշխող կուսակցությունը կառաջադրի գործող նախագահի թեկնածությունը դեռ դեկտեմբերի 12-ին հայտարարել էր «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Թահիր Բուդաղովը։ «Առաջիկա արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ մեր թեկնածուն կլինի գործող նախագահ Իլհամ Ալիևը»,- լրագրողներին ասել էր Բուդաղովը։
Լուսանկարը՝ Omer Messinger/Getty Images
Մեկնաբանել