HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մի ցուցմունքով՝ վկան տեսել է մարտադաշտը լքող հրամանատարին, մեկ այլ ցուցմունքով՝ միայն նրա մեքենան

Մոտ 3 ժամ դատարանի միջանցքում սպասելուց հետո դատական նիստերի դահլիճի դուռը բացվեց, զոհվածների ծնողներին և լրագրողներին թույլ տվեցին ներս մտնել։

Նիստը ժամանակին չսկսելու պատճառն այն էր, որ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով վկա Ալբերտ Քարամյանին բերում էին Սյունիքի մարզից։

Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը Խուռհատ սարի վրա միայնակ է թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։ Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ 
Չիմանալով հակառակորդի տեղակայման մասին՝ նորակոչիկների մի մասը Վանք գյուղ նահանջելով՝ զոհվել կամ գերեվարվել է։

Ալբերտ Քարամյանը 44-oրյա պատերազմի ժամանակ Ջրականի զորամասի իրային ծառայության պահեստապետն է եղել։

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հերթական դատական նիստի ժամանակ Քարամյանը հայտնեց, որ հոկտեմբերի կեսերին Սարուշեն գյուղում գտել է Իշխան Վահանյանի ռադիոկապը, որից հետո զանգել է զորամասի կապի պետին և ռադիոկապն ուղարկել նրան։ 

Ռադիոկապի վրա գրված է եղել մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ, ինչից էլ Քարամյանը ենթադրել է, որ այն Իշխան Վահանյանին է պատկանում։

Վկա Ալբերտ Քարամյանը պատերազմից շատ դրվագներ չէր մտաբերում։ Այդ իսկ պատճառով դատավոր Ջոն Հայրապետյանը հետաքրքրվեց. «Որ զանգեցիք կապի պետին, գոնե իր անունը հիշո՞ւմ եք»

-Վիգեն էր։

-Չասե՞ց Վիգենն՝ ո՞ւմ ռացիան ա, ո՞նց ա հայտնվել։

-Ես իրան ասեցի։

-Այսինքն կապի պետը տեղյա՞կ չէր, որ գումարտակի հրամանատարի ռացիան կապի չի,- հարցրեց դատավորը։

-Չգիտեմ։ Ասեց ուղարկի, թող գա մեր մոտ։

Ալբերտ Քարամյանը նշեց, որ տեղյակ չի եղել Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակից, միայն գիտի, որ շրջափաման մեջ են հայտնվել, մի տան մեջ են մնացել։

-Չգիտեք՝ ինչո՞ւ են շրջափակման մեջ ընկել,- հետաքրքրվեց հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը։

-Դե պատերազմա էլի,- պատասխանեց վկան։

-Չե՞ք փորձել ճշտել՝ ինչո՞ւ են հայտնվել։

-Չէ,- ասաց իրային ծառայության պահեստապետը։

Հանրային մեղադրողը հարցրեց, թե ե՞րբ է վկան տեսել Իշխան Վահանյանին։ 

«Պատերազմի սկսվելու օրերին եմ տեսել, էլ չեմ տեսել»,- ասաց Ալբերտը։

Խոսելով Իշխան Վահանյանի՝ զինծառայողների հետ հարաբերություններից՝ վկան ասաց. «Ներսը չեմ կարա ասեմ ինչ ա կատարվել, կողքից նայելով՝ նորմալ ա եղել»։

Դատախազը նշեց այն հակասությունները, որոնք կան վկայի նախաքննության ընթացքում տված և այժմ տված ցուցմունքներում։

Դատախազ Գևորգ Ավետիսյանը նախ նշեց՝ նախաքննության ընթացում Ալբերտ Քարամյանն ասել է, որ պատերազմի օրերին ինքը տեղեկացել է՝ 5-րդ գումարտակը ստացել է մարտական խնդիր, որը պետք է իրականացներ Խուռհատ սարի դիրքերում։ Տեղի են ունեցել մարտական գործողություններ, որի ընթացքում գումարտակը հայտնվել է շրջափակման մեջ, իսկ Իշխան Վահանյանն ինքնակամ լքել է գործողությունների վայրը՝ իր զորքին թողնելով առանց հրամանատարի։

-Ի՞նչ կասես այս կապակցությամբ,- հարցրեց դատախազը։

-Չեմ հիշում,- ասաց Քարամյանը։

-2021թ. հուլիսի 8-ին ես տվել ցուցմունքը։ Ստե՞լ ես։

-Չէ, չեմ ստել։

-Կարո՞ղ ենք հիմք ընդունել քո նախաքննական ցուցմունքը, որը 2 տարի առաջ ես տվել։

-Հա,- նշեց վկան։

Երկրորդ հանգամանքը, որտեղ դատախազը հակասություն գտավ վկայի նախաքննական ցուցմունքի հետ, այն էր, որ վկան տեսել է Իշխան Վահանյանին Կարմիր Շուկայի ճանապարհին, սակայն դատարանում նա նշեց, որ միայն պատերազմի առաջին օրերին է տեսել նրան։

«Երբ Ստեփանակերտից ստացել եմ նոր հանդերձանքներ, և մեքենայով տեղափոխվել եմ Դրախտիկ գյուղում տեղակայված ղեկավարման կետ, ճանապարհին իմ հանդիպակաց գոտիով Կարմիր Շուկա գյուղ է երթևեկել Իշխան Վահանյանն՝ իր անձնական մեքենայով։ Այդ իրադարձությունները տեղի են ունեցել 2020թ. հոկտեմբերի 10-15-ն ընկած ժամանակահատվածում»,- վկայի նախաքննական ցուցմունքից մեջբերեց դատախազը։

-Հա, մեքենան հիշում եմ, որ տեսել եմ իր մեքենայից, իր մեքենայի գույնի։

-Գույնով որոշեցի՞ր, որ ինքն էր, հա՞,- տեղից արձագանքեց զոհվածների հարազատներից մեկը։

-Ձեր ցուցմունքում հստակ նշում եք՝ դեպի Կարմիր Շուկա գյուղ է երթևեկել Իշխան Վահանյանը,- կրկնեց դատախազը։

-Իրա ավտոն եմ ես տեսել,- պատասխանեց վկան։

-Ես Ձեր ցուցմունքը բառացի կարդում եմ,- շեշտեց դատախազ Գևորգ Ավետիսյանը։

-Ես էն վախտ չգիտեի։ Ասել եմ՝ Վահանյանի ավտոն եմ տեսել։

-Մեքենայի ղեկին տեսել եմ Վահանյանին, և նա եղել է միայնակ,- կրկին վկայի ցուցմունքից մեջբերեց դատախազը։

-Տեսել եմ, որ կողքը մարդ չի եղել նստած։ 

-Ո՞նց ճանաչեցիք։

-Իր ավտոյի գույնից։

-Բա ինչի՞ եք Ձեր ցուցմունքում նշել, որ ղեկին տեսել եք Վահանյանին։

-Մեքենայի ղեկին 100% չեմ կարա ասեմ, տեղյակ եմ եղել, որ էդ իր ավտոն ա եղել, գիտեմ որ էդ նույն ճամփով դուրս ա եկել, ենթադրել եմ, որ Վահանյանն ա։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք զինծառայողներին ապահովել են անհրաժեշտ համազգեստով։

-Ինչի անհրաժեշտություն ունեցել են, պատերազմի ողջ ընթացքում ապահովել ենք։

Գուրգեն Գրիգորյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ են զինծառայողներն ցուցմունքներում նշում, որ հագուստ չեն ունեցել։

Իրային ծառայության պահեստապետը հայտնեց՝ դեպքեր են եղել, երբ մեքենան՝ համազգեստերով բեռնված, դուրս էր գալիս և խոցվում։

«Ինչ-որ պետք էր, մասկվիչով շուտ տանում էին»,- նշեց նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter