
Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երրորդ անգամ ընտրվել է Եգիպտոսի նախագահ
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հաղթել է այդ երկրի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների ընդհանուր թվի 89,6 %-ը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովին։
Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 10-12-ը: Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցությունը կազմել է 66,8 %։
Գործող նախագահի հետ միասին նախագահի պաշտոնի համար պայքարում էին «Հանրապետական ազգային կուսակցության» առաջնորդ Հազեմ Օմարը, «Վաֆդ» լիբերալ կուսակցության առաջնորդ Աբդել Սանադ Յամաման և «Եգիպտական սոցիալ-դեմոկրատական կուսակցության» նախագահ Ֆարիդ Զահրանը։ Ինչպես նշում Է Reuters-ը, ալ-Սիսիի մրցակիցներից ոչ մեկին չի կարելի հեղինակավոր քաղաքական գործիչ անվանել։
Օգոստոսին Եգիպտոսի խորհրդարանի խոշորագույն «Մուսթաքբալ վաթան» («Հայրենիքի ապագա»-խմբ.) կուսակցությունը հայտարարել էր, որ աջակցում է ալ-Սիսիի թեկնածությանը։
Սեպտեմբերի 25-ին Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովը հայտարարել էր ընտրությունների անցկացման օրվա մասին։ Հոկտեմբերի սկզբին երկրի գործող ղեկավարը հայտնել էր, որ առաջադրվելու է երրորդ ժամկետով։
Ընտրություններին գրանցվելու համար փաստաթղթերի ընդունումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 5-14-ը։ Թեկնածուների վերջնական ցուցակը Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովը հաստատել էր նոյեմբերի 9-ին։ Նույն օրը պաշտոնապես մեկնարկեց շուրջ մեկ ամիս տևած քարոզարշավը: Անցած ուրբաթ և շաբաթ օրերը լռության օրեր էին, որոնց ընթացքում արգելվում էր նախընտրական ցանկացած քարոզչություն:
Եգիպտոսի ազգային ընտրական հանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն դեկտեմբերի 18-ին: Անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կայանալու էր 2024 թվականի հունվարին։
Ալ-Սիսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2014 թվականի ընտրություններում տարած հաղթանակից հետո, որոնք տեղի էին ունեցել Մուհամեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության իշխանությունից հեռացումից մեկ տարի անց։ 2018 թվականին նա վերընտրվել էր երկրորդ ժամկետով։ 2019 թվականի ապրիլին Եգիպտոսում տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում ընդունվեցին փոփոխություններ, որոնք ալ-Սիսիին հնարավորություն տվեցին առաջադրվել նոր ժամկետով, իսկ նախագահական լիազորությունների ժամկետը չորսից բարձրացվեց վեց տարվա: Այսպիսով, ներկայիս ընտրություններում հաղթելուց հետո նա նախագահի պաշտոնում կմնա մինչև 2030 թվականը:
Լուսանկարը՝ Khaled Desouki/AFP/Getty Images
Մեկնաբանել