HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկի հենասյունը դատարանի վճռից հետո կտեղափոխվի ճանապարհի երթևեկելի մասից

Էդգար Չիլինգարյանը 2020 թվականի հունիսի 6-ին իր մեքենայով հարվածել է Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան-Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում գտնվող էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենան վնասվել էր։

Էլեկտրասյունը տեղադրված է փողոցի երթևեկելի հատվածում։ Էդգարը դիմել է դատարան, որպեսզի Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնի տեղափոխել փողոցում տեղադրված էլեկտրասյունը:

«Մեքենաս աջ ղեկ էր, ճանապարհի գծանշումներով պիտի քշեի, ու էնպես ստացվեց, որ կողքից եկող մեքենան փակեց տեսադաշտս։ Հարվածեցի սյանը, ու քանի որ ես էի վթարային իրավիճակ ստեղծել, բնականաբար, ապահովագրական ընկերությունը վնասը չէր փոխհատուցելու։ Դիմեցի քաղաքապետարան, որ գոնե սյունը հեռացնեն, որպեսզի հետագայում էլի վթարներ չլինեն։ Չնայած, որ իմ դեպքն առաջինը չէր։ Երբ իմ դիմումներին չէին արձագանքում, հասակացա, որ ոչինչ չեն անելու, դիմեցի դատարան, որպեսզի դատական կարգով հարցին լուծում տրվի»,- պատմում է Էդգարը։

Դատարանը վճռել է բավարարել Էդգար Չիլինգարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ոչ իրավաչափ ճանաչել Աճառյան-Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում գտնվող սյունը երթևեկելի մասից չտեղափոխելու քաղաքապետարանի անգործությունը։

Էդգարի պատմելով՝ դատարանի որոշումից հետո, երբ կրկին Երևանի քաղաքապետարան նամակ է գրել՝ տեղեկանալու, թե ինչու՞ սյունը փողոցից չի տեղափոխվում, նրան չեն պատասխանել։

«Էլեկտրասյան վրայով անցնում են տրոլեյբուսի գծերը, երբ ես նաև տրոլեյբուսի պարկի հետ խոսեցի, էնտեղից ինձ ասացին՝ իսկ ի՞նչ անենք, որտե՞ղով անցնի տրոլեյբուսը։ Բայց կարելի է տեղափոխել, մի բան մտածել, ի վերջո սյունը փողոցի երթևեկելի հատվածում հայտնվել է ապօրինի կերպով, որի մասին փաստում է նաև դատարանի որոշումը»,- ասում է Էդգարը։

«Հետքը» դիմել է Երևանի քաղաքապետարան՝ տեղեկանալու թե ինչու՞ Աճառյան-Բաբաջանյան խաչմերուկում տեղադրված սյունը չի տեղափոխվում։

Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ քաղաքապետարանն իրազեկել է Ավան վարչական շրջանին, որպեսզի թեմային առնչվող բոլոր կողմերի՝ Ավան վարչական շրջանի, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի միջոցով հենասյունը տեղափոխվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter