
ՌԴ-ն հույս ունի, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանը հույս ունի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է կառուցողական ճանապարհով Երևանի հետ լուծել բոլոր հարցերը։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ավանդական նախատոնական հանդիպմանը: Այնտեղ, ըստ էության, կարելի էր բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը։ Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մշտապես պատրաստ են հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային ճանապարհով լուծել ծագող բոլոր խնդիրները»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են՝ այս երկու երկրների միջև կապերի հետագա զարգացման հեռանկարով։
Գալուզինը մատնանշել էր Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապեր: «Դա ինձ վստահություն է ներշնչում, չնայած ոչ միայն ինձ, այլև՝ բոլորիս, որ մեր հարաբերություններում ինչ-որ ժամանակավոր դժվարություններ ոչ միայն հաղթահարելի են, այլ դրանք հաղթահարելի են «պլյուսով»՝ մեր բազմաբնույթ կապերի հետագա զարգացման համար»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել էր ռուսաստանցի դիվանագետը։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել