HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչու է լրատվամիջոցին հարկավոր ինքնակարգավորման մեխանիզմ ունենալ. հանրային քննարկում

Արդարադատության նախարարությունը և «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դեկտեմբերի 20-ին համատեղ հանրային քննարկում էին կազմակերպել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ներդնել լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգ, որի մասին խոսվում է մեկ տարուց ավելի:

Նախագծի հեղինակ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների պնդմամբ՝ ինքնակարգավորման գաղափարն այն է, որ լրատվամիջոցներն ու լրագրողներն իրենք խթանեն էթիկական չափանիշների պահպանումը՝ դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը: Ստեղծեն ինքնակարգավորման մարմիններ՝ լուծում պահանջող մասնագիտական հարցերը, ընթերցողի կամ հեռուստադիտողի բողոքները քննարկելու համար: Այն նաև հնարավորություն է տալու վեճերը լուծել արտադատական կարգով։

Քննարկմանը մասնակցող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ լրատվամիջոցների ընտրությունն է լինելու ինքնակարգավորման համակարգին մաս կազմելը, և եթե լրատվամիջոցը դրան մաս չկազմի, չի դադարելու նրա լրատվամիջոց լինելը։

Բանախոսը նշեց, որ լրատվամիջոցները կարող են միանալ գործող կարգավորումներին կամ ունենալ իրենց ներքին կարգավորումները, որոնք պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին:

Աշոտ Մելիքյանն ասաց, որ քննարկվում է որոշ արտոնություններ սահմանել ինքնակարգավորման մեխանիզմներ ունեցող լրատվամիջոցների համար: Սակայն նրա խոսքով՝ այդ արտոնությունների հարցը պետք է լավ քննարկվի, որպեսզի այն չլինի միջամտող կամ էական տարբերություն առաջացնի լրատվամիջոցների համար:

Մեր այն հարցին, թե ինչու այդքան հապճեպ նախագիծը դրվեց քննարկման, Ա. Մելիքյանը պարզաբանեց, որ որոշ հապճեպություն կա, որը պայմանավորված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրով: Վերջինս նախատեսում է զանգվածային լրատվության մասին օրենսդրության մեջ արտացոլել միջազգային լավագույն փորձը։

«Որևէ մեծ խնդիր չեմ տեսնում, որովհետև սա քննարկումների սկիզբն է: Ժամանակ է լինելու անդրադառնալու բոլոր հարցերին: Նախագիծն օրենք դարձնելու հարցում հապճեպություն չի լինելու, փոփոխելու հնարավորություն լինելու է»,- ասաց Աշոտ Մանուկյանը:

Մեր դիտարկմանը, որ լրագրողների վարքագծի կանոնակարգման հետ մեկտեղ ինչու չի քննարկվում նաև պաշտոնյաների վարքագիծը՝ հատկապես տեղեկատվության տրամադրման հարցերի վերաբերյալ, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ հայեցակարգային ուղղությունների շուրջ դեռ աշխատելու են:

Ըստ Տիգրան Դադունցի՝ կան երկրներ, որտեղ «որակյալ» լրատվամիջոցներին կրճատ ժամկետներով են տեղեկատվությունը տրամադրում, օրինակ՝ 5 օրվա փոխարեն 1 օրում: Սակայն, այստեղ էլ պետք է լուրջ քննարկում ծավալել:

«Ինչ վերաբերում է հապճեպությանը, շուրջ 2 տարի է՝ աշխատում ենք այս նախագծի շուրջ, որպեսզի ունենանք կոնսենսուսային նախագիծ: Սրանով գործընթացը նոր է սկսում»,-հավելեց Տ. Դադունցը:

Նախագծում նշված է, որ պարզեցվելու է պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը: Ինքնակարգավորման մարմնին անդամակցող կամ ներքին ինքնակարգավորման մարմին ունեցող լրատվական գործունեություն իրականացնողների լրագրողների հավատարմագրումն իրականացվելու է առանց նախապայմանների: Հետաքրքրվեցինք, թե ինչ նախապայմանների մասին է խոսքը, երբ այսօր էլ գրեթե անարգելք լրատվամիջոցները հավատարմագրվում են:

«Այդ հատվածը ևս պետք է քննարկվի»,- հավելեց Տիգրան Դադունցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter