
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը մոտ 230 հազար դոլարին համարժեք կանխիկ գումար ունի
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են մոտ 230 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրից։
Կարեն Բրուտյանը պետական կառավարման համակարգում աշխատում է արդեն ավելի քան 20 տարի։ 2000-2011 թվականներին ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում եղել է վարչության պետ, 2014-2016թթ․՝ գլխավոր դատախազի խորհրդական, 2016-18թթ․՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, իսկ 2018-21թթ․՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ 2021թ․ օգոստոսի 13-ից զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։
- Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը 5 անշարժ գույք և 109 հազար դոլար կանխիկ գումար է հայտարարագրել
Կարեն Բրուտյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) է ներկայացրել գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, որում ամենաուշագրավը կարելի է համարել Բրուտյանի հայտարարագրած կանխիկ գումարը։ Պաշտպանության փոխնախարարը՝ հայտարարագրել է 55 միլիոն դրամ, 40 հազար ԱՄՆ դոլար և 55 հազար եվրո կանխիկ գումար: Դոլարային արժեքով Բրուտյանի ընդհանուր կանխիկ գումարը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար է։
Բրուտյանի անկանխիկ դրամական միջոցներն անհամեմատ ավելի համեստ են, 2022-ի տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 856 հազար դրամ։
Հարկ է նշել, որ նույնքան կանխիկ գումար Կարեն Բրուտյանը նշել էր նաև 2021-ի իր տարեկան հայտարարագրում։
Պաշտպանության փոխնախարարը հայտարարագրել է նաև 3 միավոր անշարժ գույք․ բնակելի տուն՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում, որը նվիրատվություն է ստացել 2012 թվականին, բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը ժառանգություն է ստացել 2017 թվականին, և մեկ անշարժ գույք՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որը գնել է 2019 թվականին։
Կարեն Բրուտյանի հայտարարագրից պարզ է դառնում նաև, որ նա մի քանի վարկեր ունի, որոնց մայր գումարների մնացորդը 2022-ի տարեվերջին կազմել է ընդհանուր 48 միլիոն դրամ։
Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի 2022-ի եկամուտները կազմել են 19,2 մլն դրամ, որից 15,5 միլիոնը նրա տարեկան աշխատավարձն է, իսկ մնացածը այլ եկամուտ է՝ Պետական եկամուտների կոմիտեից, ամենայն հավանականությամբ՝ եկամտահարկի վերադարձից ստացված գումարները։
Մեկնաբանել