HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ելիզավետա Դանիլչևան ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նա անցնում է ապօրինի թմրաշրջանառության գործով

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր՝ դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ռուսաստանի քաղաքացի Ելիզավետա Դանիլչևայի գործով հերթական նիստը։ Ելիզավետան մեղադրվում է իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեջ։ Նա 6 ամիս է՝ կալանավորված էր, սակայն այսօր դատարանը որոշեց փոխել խափանման միջոցը տնային կալանքով՝ համակցված 2․5 մլն դրամ գրավով և երկրից բացակայելու արգելքով։

Այս տարվա հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։ 

Ոստիկանությունն ակումբից թմրանյութեր էր գտել, հարուցվել էր քրեական վարույթ։ 27 բերման ենթարկվածներից Դանիլչևան միակ մեղադրվող անձն է։

Այսօր դատարանի դահլիճում էր նաև Ելիզավետայի ամուսինը՝ Նիկիտա Մաքսիմենկոն։ Նա «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և առանց որևէ ապացույցի պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին այդ օրվա տեսանյութերը, որոնք նկարվել էին պարեկներին կցված տեսախցիկներով։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես են պարեկները գալիս ակումբ, մտնում սենյակներից մեկը, որտեղ նստած է նաև Ելիզավետան։ Սեղանին կար կշեռք, կողքին՝ թմրանյութի նմանվող զանգված։ Ելիզավետայի պաշտպան Արտաշես Հովհաննիսյանն ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ թմրանյութը չի եղել Ելիզավետայի ձեռքում, հետևաբար՝ մեղադրող կողմը չի կարող պնդել, որ դա պատկանել է Ելիզավետային կամ նա զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։

Ոստիկանները Ելիզավետայի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ ակումբից հայտնաբերել են 1,47 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 5,3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակների թմրամիջոցներ, որոնք համարվում են առանձնապես խոշոր չափի և նույնպես վերագրում են Ելիզավետային։

Ելիզավետան դատարանին հայտնեց՝ չի ժխտում, որ 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամինը» պատկանել է իրեն, բայց չի ընդունում մեղադրող կողմի այն պնդումը, որ ակումբից հայտնաբերված թմրանյութը ևս պատկանել է իրեն։ Նա հայտնեց նաև, որ թմրանյութերի իրացմամբ չի զբաղվել։

«Տեսագրությամբ հստակ ֆիքսված է, որ մեղադրյալի ձեռքում ոչինչ չկա, նա ոչնչի չի դիպչել․ ոչ այդ չարաբաստիկ կշեռքին, ոչ էլ՝ փաթեթին։ Դրանք իր առջև դրված են եղել, բայց դրա բացատրությունն էլ կա, թե ինչու»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ այդ մասին Ելիզավետան ցուցմունք կտա։ Պաշտպանի խոսքով՝ մեղադրող կողմը մինչ օրս որևէ հիմնավորում և ապացույց չի բերել այն պնդմանը, թե Ելիզավետան թմրանյութ իրացնելու նպատակ է ունեցել։ 

Արտաշես Հովհաննիսյանն արարքի վերաորակման անհրաժեշտություն է տեսնում։ Իրացնելու նպատակ հետապնդելը, որը, ըստ պաշտպանի, իրականությանը չի համապատասխանում,  կրկնակի ծանրացնում է սպառնացող պատիժը՝ դարձնելով 6-12 տարվա ազատազրկում։ Մինչդեռ Ելիզավետայի մոտ հայտնաբերված թմրանյութի հիմքով նրան սպառնում է տուգանք կամ մինչև 3 տարի ազատազրկում։

Պաշտպանի գնահատմամբ՝ պարեկները, որոնք ներխուժել էին ակումբ, ոչ պատշաճ վերաբերմունք են ցույց տվել քաղաքացիների նկատմամբ։ Ձերբակալելուց անմիջապես հետո բանավոր կերպով, իսկ բաժին տանելուց հետո՝ նաև գրավոր, պետք է անձին պարզաբանել, թե ինչու է ձերբակալվում և հայտնել, որ ունի լռելու իրավունք, և այն, ինչ կհայտարարի, հետագայում կարող է օգտագործվել իր դեմ։ Մինչդեռ, ինչպես երևաց տեսանյութում, պարեկները տեղյակ չեն պահել այս մասին Ելիզավետային և մյուսներին, ավելին՝ տեղում սկսել են հարցեր տալ, պարզաբանումներ պահանջել։

Հովհաննիսյանն ասում է՝ Ելիզավետային չեն տրամադրվել նաև գործում առկա փաստաթղթերը՝ իրեն հասկանալի լեզվով թարգմանված։ «Մինչ օրս էլ նրան չի տրամադրվել գործում առկա որևէ փաստաթղթի թարգմանություն՝ բացառությամբ մեղադրական եզրակացության և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի»,- ասաց պաշտպանը։

Նա խտրական մոտեցում է տեսնում իրավապահ համակարգի կողմից։ «Ընտրվել է ամենախիստ խափանման միջոցը, ինչը անընդհատ արդարացնում են ազգությամբ ռուս լինելու փաստով»,- ասում է փաստաբանը։ Խոսելով իրավապահ մարմինների նման մոտեցման դրդապատճառներից՝ Հովհաննիսյանն ասաց՝ դա պայմանավորված է նրանով, որ այս տարի հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ «Եթե դատարանը զգում է, որ այս տարի հատուկ ջանքեր են գործադրվում թմրամիջոցների դեմ պայքարելու համար, շատ հնարավոր է, որ այս ճնշվածության տակ այլևս ռիսկի չդիմի և փորձի չջարդել գործը, որ չստացվի, թե պետական մարմինների գործադրած ողջ ջանքերը ջուրը գնացին»,- նշում է Հովհաննիսյանը։

Նա թմրամիջոցների դեմ պայքարը ոչ արդյունավետ է որակում՝ ասելով, թե իրավապահ մարմինները մեծ քանակի ապօրինի թմրաշրջանառության դեպքերի մասին են հայտնում, սակայն դրանք շատ քիչ կամ չնչին քանակով թմրանյութերի հայտնաբերման դեպքեր են։ «Ավելի շատ մարդկանց կյանքերն են խորտակում։ 2 գրամի համար մարդկանց դատե՞ն 10 տարով»,- ասում է փաստաբանը։

Կալանքի հարցի քննարկման ժամանակ հանրային մեղադրող Արման Ալիխանյանը հայտնեց, որ թեև պաշտպանը կարծում է՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու պատճառով է խտրական վերաբերմունք ցուցաբերվում, դա կապ չունի ՌԴ քաղաքացի լինելու հետ։ «Դա կապ ունի օտարազգի լինելու հետ, օրենսդրորեն ամրագրված է, որ մշտական բնակության վայր չունենալը, նաև սոցիալական կայուն կապեր չունենալը Հայաստանի որևէ բնակավայրի հետ փախուստի դիմելու չափորոշիչ է»,- ասաց դատախազը։ 

Նա միջնորդեց 3 ամսով երկարացնել կալանքի ժամկետը։ Ըստ դատախազի՝ եթե խափանման միջոց կալանքը  փոխվի, Ելիզավետան կարող է այլ եղանակներով էլ թմրամիջոց իրացնել, նույնիսկ բնակության վայրից, օրինակ՝ հեռահաղորդակցության միջոցներն օգտագործելով։ Ալիխանյանն ասաց նաև, որ շահադիտական նկատառումներով թմրանյութ իրացնելը կրկնվելու հավանականություն ունի, քանի որ եկամուտ ստանալու միջոց է։

Ելիզավետա Դանիլչևան դատարանին հայտնեց՝ շարունակում է պնդել, որ թմրամիջոցների իրացմամբ երբեք չի զբաղվել և չի զբաղվում։ Նա նշեց, որ Երևանում արդեն 2 տարի է՝ վարձակալությամբ, իր ամուսնու հետ ապրում է նույն տանը, որտեղ խուզարկություն է կատարվել և բոլորը տեսել են, որ այդ բնակարանում ինքը հիմնավորվել է և ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ։ 

«Ես չգիտեմ, թե մեղադրող կողմը որտեղից է հնարում այն տեղեկությունը, թե ես զբաղվում եմ թմրաջմիջոցների վաճառքով։ Ես բավականին կիրթ և ուսում ստացած անձնավորություն եմ, և իմ խելքով կարող եմ բավականաչափ գումար վաստակել․ գրելով, թարգմանություններով, անգլերեն լեզվի դասընթացներով, իլյուստրացիաներով և այլն»,- ասաց նա։ Ելիզավետան հուզվում էր խոսելիս։ Նա հայտնեց, որ 2․5 մլն դրամ գրավ են առաջարկում, ինչը ևս կարող է փաստել, որ ոչ մի տեղ չի փախչի։

Փաստաբանը ևս բերեց հիմնավորումներ՝ դատավոր Մասիս Մելքոնյանին հանձնեց մի շարք փաստաթղթեր, որոնք կարող էին հիմք հանդիսանալ կալանքի փոփոխության համար։ Դատարանը կես ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում ընդունելու։ Թեև փաստաբան Արտաշես Հովհաննիսյանն ու Ելիզավետայի ամուսինը չէին սպասում, դատարանը փոխեց Ելիզավետայի խափանման միջոցը։ Ըստ այդ որոշման՝ Ելիզավետան անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Նրա նկատմամբ ընտրվեց 2 ամիս ժամկետով տնային կալանքը՝ որպես խափանման միջոց՝ համակցված 2․5 մլն դրամ գրավով և երկրից բացակայելու արգելքով։ Պաշտպանը համոզմունք հայտնեց, որ դատավորի այս որոշման հիմքում այսօրվա տեսանյութերի ուսումնասիրությունն էր։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter