
Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
Մելիքբեկյանից բացի, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Փակ քվեարկության 23 մասնակիցներից 20-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 3-ը՝ Օզբիլիզի օգտին։ ՀՖՖ 25 անդամներից 2-ը՝ «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները չէին ներկայացել ընտրությանը։
«Շարունակելու որոշումը միանգամից չի տրվել, արագ չի կայացվել: Իմ թիմը, ես մեր շահառուներից շատերի հետ ենք զրուցել, վերլուծել կատարված աշխատանքը, գնահատել ենք արածը և չարածը, ստացվածը և չստացվածը, որից հետո նաև գնահատել ենք, թե ինչ է հնարավոր անել ապագայում»,- ընտրություններից առաջ իր ելույթում նշեց Մելիքբեկյանը։
Արդյունքների ամփոփումից հետո Արմեն Մելիքբեկյանը անդրադարձավ 3 դեմ ձայներին՝ խոսելով երկու ակումբների հետ առկա կոնֆլիկտի մասին։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գալիք ամիսներին, տարիներին, օրերին մշտապես պատրաստ է լինելու համագործակցել բոլոր ակումբների հետ, պահպանել հավասարության սկզբունքները։ Ուղղակի մենք կցանկանայինք որոշակի քայլեր տեսնել նաև երկու ակումբների կողմից»,- նշեց ՀՖՖ նախագահը։
Մելիքբեկյանը նաև հույս հայտնեց, որ հնարավոր է լուծել բոլոր խնդիրները և շարունակել համագործակցությունը՝ հանուն հայկական ֆուտբոլի։
Մելիքբեկյանը կպաշտոնավարի մինչև 2026 թվականը: Նա ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերից՝ այս պաշտոնում փոխարինելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։
Մեկնաբանել