
«Հետքի» հոդվածի հիման վրա «Սիթի բայք»-ում ներգրավված ոստիկանի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Դատախազություն
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները «Հետքի» հրապարակման հիման վրա իրականացրած ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։
«Բացի այդ, ոստիկանության ծառայողը նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ: Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով:
Այսպիսով, իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ:
Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը, որը «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերության սեփականատերն է, գրանցված և հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ «Հետքը» պարզել էր, որ Ժորան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։
Գրել էինք նաև, որ «Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ նաև, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։
Ժորա Մոսինյանի հետ հեռախոսազրույցը՝ տեսանյութում։
Մեկնաբանել