HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատական գործերի ճակատագիրը. ի՞նչ վիճակով են հասնում արխիվ

Գլխավոր լուսանկարում երևում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրի դատական արխիվի մի մասը: Այս թղթապանակներից յուրաքանչյուրում մարդկային տխուր պատմություն է: Մեկի ամուսնալուծության գործն է այդտեղ տեղ գտել, մյուսի՝ ազատազրկման դատավճիռը, մեկ ուրիշի՝ կորցրած սեփականության իրավունքը, խարդախության դրվագներն ու այդպես շարունակ: Այս դատական գործ-պատմությունների համար տարածք չկա, և վերջնական հանգրվանը գտել են դատարանի միջանցքում՝ զուգարանի դիմաց: Նույն պատկերն է  Հայաստանի գրեթե բոլոր դատարաններում:

Հույսը դատարանների կենտրոնական արխիվն է: Սակայն, չի բացառվում, որ առաջիկայում այնտեղ ևս նույն պատկերը լինի՝ տարածք չունենալու պատճառով:

Դատական դեպարտամենտի դատարանների արխիվը 2022թ. մարտ ամսից տեղափոխվել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկը, որը նախկինում դպրոց է եղել: Եռահարկ շենքի մի հատվածում արխիվն է տեղակայված, մյուսում՝ Միասնական սոցիալական ծառայությունը, մի հատվածում էլ Դատական կարգադրիչների ծառայությունն է տեղավորվել, իսկ երրորդ հարկում երաժշտական դպրոց է: Մինչ այդ, դատարանների արխիվը գործել է այլ վայրում, որտեղ այժմ Հակակոռուպցիոն դատարանն է: 

Այսօր դատարանների արխիվը, նախորդ տարիների համեմատ, լավ վիճակում է գտնվում: 

Հայտնի չէ, թե քանի գործ է պահվում դատարանների կենտրոնացված արխիվում: Սակայն, այս պահին ընդունում են վարչական դատարանի գործերը, որը կավարտեն մինչև տարեվերջ։ Հետո կընդունեն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերի 2007-2016թթ. գործերը: 

Տարածքի ընդարձակ չլինելու պատճառով ոչ բոլոր դատարաններից են կարողանում արխիվային գործերն ընդունել: Մարզերից ընդունել են միայն Տավուշի և Արմավիրի դատարանների արխիվային գործերի մի մասը: Հույս ունեն առաջիկայում ևս երկու մարզից դատական գործեր ընդունել:

Տավուշի մարզից ընդունել են 2001թ․-ից մինչև 2016թ. ներառյալ գործերը՝ 12 հազ. 674 հատ, իսկ Արմավիրի մարզից ընդունել են 2006թ․-ից մինչև 2016թ. ներառյալ՝ 46 հազ. 588 գործ:

Դատարանների արխիվում պահվող ամենահին գործը 2001թ.-ի է: Մինչև 2000թ.-ն ներառյալ բոլոր դատական գործերը հանձնվել են Ազգային արխիվ: 

Դատական դեպարտամենտի արխիվային փաստաթղթերի պահպանման բաժնի պետ Ռուզաննա Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ դատական գործերն Ազգային արխիվ չեն հանձնվել: Գործընթացը լայն թափով սկսել է 2019թ․-ից:

«Մեր կողմից գործերի ընդունումը կախված է ծավալից և տարածքից: Ցավոք, այսօր չունենք մեծ տարածք, երևի մեզ անհրաժեշտ կլիներ մեծ շենք, որ կարողանայինք Հանրապետության բոլոր գործերը, մինչև ինչ-որ տարեթիվ, ընդունել մեզ մոտ»,- ասում է Ռուզաննա Հարությունյանը:

Նա նշեց, որ ֆիզիկապես չի եղել ոչ մի մարզի դատարանի արխիվում, սակայն տարածքային պատասխանատուների հետ ամեն օր շփվում է, տեղյակ է, թե ինչ վիճակում են պահվում գործերը:

«Գիտեի, որ Արմավիրի դատարանի գործերը շատ վատ վիճակում են, դրա համար նախապատվությունը տվեցինք Արմավիրին ու սկսեցինք Արմավիրից: Հետո Տավուշն է, որ ուներ խնդիրներ: Հաջորդը վարչական դատարանն է, դատավորներն անցնում են միջանցքներով, ու այնտեղ դրված են դատական գործերը»,- նշում է բաժնի պետը:

Ռուզաննա Հարությունյանն ասում է, որ երբեմն դատարաններից գործերն իրենց հասնում են վատ վիճակում: Նշում է, որ Արմավիրի մարզի դատարանը և՛ տարածքի փոքրության, և՛ շենքային պայմանների առումով վատ վիճակում է գտնվում: Շատ գործեր անմխիթար վիճակում են հասել կենտրոնացված արխիվ. դրանք խոնավ են եղել: Հարությունյանն ասում է, որ մարզից գործ են ստացել՝ կրծոտած և խունացած, ընթերցել հնարավոր չի եղել:

Եթե դատական գործը վատ պահպանման հետևանքով անընթեռնելի է, ապա դատարանում ակտ են կազմում և արձանագրում, որ գործը չի հանձնվում արխիվ: Վնասված գործերը փորձում են վերականգնել, սակայն ոչ միշտ է հաջողվում:

«Ինչ վերաբերում է վնասված փաստաթղթերին, ապա ոչինչ անել չենք կարող: Եթե նույնիսկ դատական ակտի մեջ կան անընթեռնելի տողեր, ոչինչ չենք անում, որովհետև հնարավոր չէ վերականգնել»,- ասում է Ռ. Հարությունյանը:

Նշենք, որ Դատական դեպարտամենտի միջոցով փորձեցինք թույլտվություն ստանալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արխիվ այցելելու համար: Սակայն ստացանք մերժում՝ «աշխատակազմը ծանրաբեռնված է» պատճառաբանությամբ:

Արմավիրի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցնում է Կարեն Մելքոնյանը: Վերջինս Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի որդին է:

Այս դատարանի հետ կապված «տխուր» պատմությունները նոր չեն: Դեռ 2013թ․-ին էինք անդրադարձել․ Կարեն Մելքոնյանի իմացությամբ դատարանի զուգարանի դռները կողպվում էին, իսկ բանալին պահում էր կարգադրիչների մոտ:

Ռուզաննա Հարությունյանի դիտարկմամբ՝ արխիվին պետք է լուրջ ու զգույշ վերաբերվել, քանի որ դրանցում պահվում են մարդկանց պատմություններ: Համեմատության համար նշեց, որ Ազգային արխիվում կան համապատասխան պայմաններ՝ ջերմաստիճան, խոնավություն, լուսավորություն, սակայն իրենք այդ պայմանները չունեն:

«Ինչպես տեսնում եք, լուսավորությունն ընկնում է գործերի վրա, բնականաբար լույսը փչացնում է թանաքը, և խոնավությունն է փչացնում: Չեմ պատկերացնում, թե ոնց կլինի հետագայում: Այդ ամենը պայմանավորված է ոչ թե մարդկային գործոնով, այլ պայմաններով, իսկ պայմաններ ստեղծելու համար շատ մեծ ֆինանսական ներդրում է պետք: Դատական դեպարտամենտն ամեն ինչ անում է»,- նշում է Ռուզաննա Հարությունյանը:

Համաշխարհային բանկի հետ նախատեսվում է դատական գործերի թվայնացման ծրագիր իրականացնել, սակայն, Ռ. Հարությունյանը չգիտեր, թե որ փուլում են գտնվում բանակցությունները, քանի որ լուրջ գումարների մասին է խոսքը: Սակայն, թվայնացումից հետո էլ բնօրինակ դատական ակտերը պահպանվելու են, հետևաբար դարձյալ բախվելու են տարածքի ու պահման պայմանների անլուծելի թվացող խնդրին:

Տարածքի պատճառով նույնիսկ չեն կարողանում նույն հատվածում տեղավորել այդ դատարանի բոլոր գործերը: Օրինակ, եթե կենտրոնացված արխիվ բերեն Տավուշի և Արմավիրի մարզերի 2017թ. և հաջորդ տարիների գործերը, ապա հնարավոր չի լինի դրանք տեղավորել նախորդ տարիների արխիվային փաստաթղթերի կողքին: Ստիպված այլ տեղ են տանելու, ինչը ստեղծում է խառնաշփոթ:

Ռուզաննա Հարությունյանն ասում է՝ բոլոր դատարանները ցանկանում են, որ գործերը տեղափոխվեն իրենց մոտ, սակայն պայմանները թույլ չեն տալիս: Կարծում է, մի տեղ կենտրոնացնելը ճիշտ է,  բոլոր գործերը կլինեն նույն վայրում: 

Պատմեց՝ քաղաքացիները լսել են, որ կա դատարանների արխիվ, մարզից գալիս են Երևան ու տեղում պարզում, որ այդ մարզի դատական գործերը հանձնված չեն և գտնվում են մարզի դատարանում, ձեռնունայն վերադառնում են:

Արխիվային փաստաթղթերի պահպանման բաժնում աշխատում է 5 հոգի: Բաժնի պետը նույնպես հաճախ պահոցներում է աշխատում, որ կարողանան հասցնել գործերը տեսակավորել, փակցնել համապատասխան գրություններն ու տեղավորել դարակաշարերում: 

Տեսակավորված գործերը կոկիկ շարված էին դարակաշարերում՝ վրան փակցված գործի համարը, դատավորների անունները և այլ անհրաժեշտ տվյալներ:

Բաժնի պետը պատմեց, որ դատական գործերն ունեն պահման տարբեր ժամկետներ՝ 5 տարուց մինչև 100 տարի: Օրինակ, ամենաերկարը սեփականության իրավունքին վերաբերող գործերն են պահվում, ամենակարճը՝ գումարի բռնագանձման և ամուսնալուծությանը վերաբերողները: Ժամկետը լրանալուց հետո մրցույթ է հայտարարվում, և հաղթող ընկերությունն այդ գործերը մշակում է։ Գործի մեջ պահվում է միայն դատական ակտի բնօրինակը, ձեռագիր որոշ փաստաթղթեր, քրեական գործերով՝ մեղադրական եզրակացությունը, իսկ մնացածը ոչնչացվում է: Մշակված գործերում պահվում է մինչև 100 էջ, ինչն օգնում է տարածք խնայելուն: 

«Ծավալը մեծ է և ավելի է մեծանալու, եթե ընդունենք Երևանի ու մարզերի գործերը: Իմ կարծիքով՝ 5 հոգին շատ քիչ են այս մեծ բաժնի համար: Բայց փորձում ենք աշխատել, ժամկետներ չենք խախտում»,- ասում է Ռ. Հարությունյանը:

Դարակաշարերը բարձր էին: Աշխատակիցները, աստիճանների վրա կանգնելով ու գործի հատորներն իրար փոխանցելով էին վերև բարձրացնում: Բաժնում աշխատում են միայն կանայք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter