HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց ոռոգման ջրի, մանկապարտեզի և բուժօգնության․ Գեղարքունիքը 4-րդ ամենաաղքատ մարզն է

Գեղարքունիքի մարզը Հայաստանի չորրորդ ամենաաղքատ մարզն է։ Մարզում աղքատության մակարդակը 33.9% է։ Որոշ գյուղական բնակավայրերում մարդիկ զրկված են այնպիսի կարևոր ենթակառուցվածքներից, ինչպիսիք են բուժկետները, մանկապարտեզները, դպրոցները, գազամակատարարումը և այլն։ Թեև մարզում զբաղվածության հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է, սակայն ոռոգման համակարգերի խիստ պակաս կա։

Հայրավանք գյուղի բնակիչ, երկու չափահաս տղաների հայր Սամվել Գրիգորյանն այս տարվա ցորենի բերքահավաքից դժգոհ չէ, բայց կարող էր ավելի լավ արդյունք ունենալ, եթե գյուղի վարելահողերը բացի անձրևից ու ձյունից, ոռոգման այլ եղանակով ջրվեին։

Ջրի բացակայության պատճառով նա չի կարողանում մշակել նաև տնամերձ հողամասը, որտեղ ծնողների տնկած խնձորի ծառերի կողքին նոր ծառեր չի տնկել։ Եղած մի քանի ծառն այս տարի խորը էտի է ենթարկել։ Հողագործությամբ եկամուտ ստանալու հույս Սամվելը չունի, քանի դեռ գյուղում ոռոգման համակարգ չկա։

«Առաջ կարտոֆիլ էինք աճացնում, որը վաճառում էինք բանակին։ Հիմա կարտոֆիլ էլ չի լինում աճացնել, բերքատվությունն առանց ջրի քիչ է»,- ասում է Սամվել Գրիգորյանը, որը խոշոր եղջերավոր կենդանիներ պահում է միայն տան կարիքները բավարարելու համար։ Ջրի բացակայության պատճառով անասնակերը պետք է գնել։

Նույն իրավիճակն է հարևան Բերդկունք գյուղում։ Հայրավանքը և Բերդկունքը ժամանակին ոռոգման ջուր ստացել են Ծովազարդ գյուղի պոմպակայանից, սակայն պոմպակայանի աշխատանքը խորհրդային տարիներից հետո դադարել է, սարքավորումները գողացել են։

Հարևան գյուղերը զրկվել են ոռոգման ջրից։ Գյուղացիների խոսքով՝ Հայրավանքն էլ է պոմպակայան ունեցել, Սևանա լճի բարձրացման հետևանքով մնացել է ջրի տակ։

Գեղարքունիքում գյուղատնտեսական հողերի 76%-ը չի ոռոգվում

Հայրավանքն ընդգրկված է Գավառ խոշորացված համայնքում, ունի 786 բնակիչ։ Գյուղում վարելահողերի ընդամենը 5%-ն է ոռոգվում (17 հա)։ Հայրավանքում 320 հեկտար վարելահող անջրդի է։ Հարևան Բերդկունքի 206 հեկտարը չի ոռոգվում, գյուղում ընդհանրապես ջրովի վարելահող չկա։

Բերդկունք գյուղի վարչական ղեկավար Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ 293 բնակիչ ունեցող գյուղի մի մասը վերածվել է ամառանոցային ավանի։ Տների դռները բացվում են զբոսաշրջային շրջանում՝ հիմնականում ամռանը։ Գյուղացիները մեծ մասամբ զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ։

Գյուղատնտեսությամբ զբաղվողները հացահատիկ են մշակում՝ ցորեն, գարի, իսկ կարտոֆիլը միայն իրենց ընտանիքների սպառմանն է բավականացնում։ Գյուղի տղամարդկանց ընդամենը 20%-ն է մեկնում արտերկիր՝ արտագնա աշխատանքի։

«Սովետի ժամանակ անասնագոմեր են եղել, մեծ ֆերմաներ։ Հիմա հողագործությունը փոքր մաս ունի մարդկանց զբաղվածության մեջ։ Ոռոգման համակարգը որ չկա, շատ է  խանգարում։ Խմելու ջրով մարդիկ կարողանում են մի կերպ իրենց կարտոֆիլը ջրել, դրանով էլ չեն կարողանում ջրել»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը։

Բերդկունքը ոռոգման համակարգ ունեցել է, խողովակներից մոտ 1 կմ-ն պահպանվել է։ Գյուղը պոմպակայան ունեցել է խորհրդային տարիներին, սակայն Սևանա լճի մակարդակի բարձրացումից հետո ռիսկ է առաջացել, որ այն կմնա ջրի տակ։ Դրանից հետո այն թալանվել է։ Բայց պոմպակայանի գործելու ժամանակ էլ ոռոգման ցանցը վարելահողեր չի հասել։ Ինչպես հիմա, այնպես էլ նախկինում վարելահողերը ոռոգվել են անձրևաջրերով։

Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական վարելահողերը շուրջ 81 հազար հեկտար են, բազմամյա տնկիները՝ 104.4 հեկտար։ Գեղարքունիք ՋՕԸ–ից ստացված տվյալների համաձայն՝ մարզի գյուղատնտեսական հողերի 24%-ն է ոռոգվում։

«Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը մեզ գրավոր հայտնել է, որ մարզի ընդհանուր ոռոգելի հողերը 8927 հեկտար են (այդ թվում՝ վարելահողերը, բազմամյա տնկիները և այլն)։ Ոռոգման ջրի մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվող ընկերությունը 2023 թ․-ին ոռոգել է 2146 հեկտար հողատարածք՝ 2018 թ․-ի 1397 հեկտարի փոխարեն։

Մարզի ջրային ոլորտի սպասվելիք խոշոր ներդրումը երկու նոր ջրամբարի կառուցման ծրագիրն է։ Դրանք կառուցվելու են Աստղաձորում և Արգիճում։

Ըստ Արտաշ Սարդարյանի՝ այժմ կազմվում են ջրամբարների նախագծերը։ Բացի այդ, մարզի 8 բնակավայրում կառուցվելու են օրական կարգավորող ջրավազաններ, որոնց շինարարությունը նախատեսված է 2024 թ․-ին։

Կվերանորոգվի նաև Գեղարքունիք համայնքի ջրամբարներից մեկի պատվարը, որի նախագծման մրցույթը հայտարարվել է։

2018 թվականից հետո մարզի ջրային ենթակառուցվածքներում իրականացված ներդրումների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը պատասխանել է, որ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգման ծրագիր է իրականացվել։

Իրականացված և ընթացի մեջ գտնվող ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 545 միլիոն դրամ։ Դրանից 827 միլիոն դրամով Գեղհովիտ, Լիճք, Ներքին Գետաշեն, Ծովինար և Զոլաքար գյուղերում առկա ինքնահոս ջրանցքներ են վերականգնվել։ Աշխատանքները կշարունակվեն գալիք տարվա գարնանը և կարժենան 718 միլիոն դրամ։

Կառավարության և համայնքների մասնակցությամբ 2022 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված 34 սուբվենցիոն ծրագրերից միայն 1-ն է ոռոգման համակարգերին վերաբերել և ունեցել է 932 մլն դրամ բյուջե։ Մարտունի համայնքի 11 գյուղում ոռոգման համակարգեր են կառուցվել և նորոգվել։ Իսկ 2023 թվականին մարզում սուբվենցիոն 22 ծրագիր է մեկնարկել, որից 2-ն է ոռոգման համակարգերին նվիրված։ Վարդենիս համայնքի 10 բնակավայրում ոռոգման ջրի ցանց է կառուցվել և վերակառուցվել։

1 միլիարդ 522 միլիոն դրամ է հատկացվել Վարդենիս համայնքի 10 բնակավայրում ոռոգման ջրի ցանցի կառուցման և վերակառուցման համար։ 877 միլիոն դրամ էլ հատկացվել է Մարտունի համայնքի 11 բնակավայրի ջրատարների կառուցման և վերանորոգման համար։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի մոտ 12%-ն է ապահովել Գեղարքունիքի մարզը։ Համեմատության համար նշենք, որ այս ցուցանիշով առաջատարը Արմավիրի մարզն է՝ 22%-ով։

Գեղարքունիքի մարզում տարածված է հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի և անասնաբուծական մթերքի արտադրությունը: Մարզը հանդիսանում է Հայաստանում թարմ ձկան հիմնական մատակարարը: Տնտեսության մնացած ոլորտներում մարզի կշիռը բավականին ցածր է ՝ 5%-ի չի հասնում։ 

«Անարդյունավետ գյուղատնտեսությամբ չես կարող բարձր կենսամակարդակ ապահովել»

Տնտեսագետ Արմեն Քթոյանը նկատում է, որ Հայաստանի մարզերում գյուղատնտեսության ցածր արտադրողականությունն առաջին հերթին ոռոգման խնդիրների, ոչ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման և գյուղացիական տնտեսությունների փոքր լինելու հետևանքն է։ Ծախսերը շատ են, արդյունավետությունը՝ ցածր։ Դրա արդյունքում բնակչության եկամուտներն ու կենսամակարդակը ցածր են։

«Անարդյունավետ գյուղատնտեսությամբ չես կարող բարձր կենսամակարդակ ապահովել։ Իսկ տնտեսության մյուս ճյուղերը զարգացած չեն, որ այդ բացը լրացնեն։ Չկան այլ աշխատատեղեր»,- ասում է տնտեսագետը։

Նա հիշում է, որ խորհրդային տարիներին գյուղական բնավայրերում կենսամակարդակի ընդունելի աստիճանը հնարավոր էր լինում ապահովել գյուղերում արտադրամաս հիմնելու կամ որևէ միավորման մասնաճյուղ բացելու միջոցով։ Խորհրդային տարիներից հետո հատկապես այն բնակավայրերը, որոնց տնտեսության կառուցվածքում մեծ տեղ ուներ գյուղատնտեսությունը, հայտնվեցին բարդ վիճակում, որովհետև գյուղատնտեսության արտադրողականությունը խիստ իջավ, ձեռնարկությունները փակվեցին։

«Այսօր մարդիկ նվազագույն կենսամակարդակի խնդիր են փորձում լուծել Երևանում կամ Երևանին մոտ մարզերում։ Առաջնային խնդիրը զբաղվածությունն է։ Խորհրդային տարիներին մարդկանց զբաղվածությունը՝ հատկապես գյուղական բնակավայրերում և այսօրվա զբաղվածությունը էապես տարբեր են։ Մեկ զբաղվածի հաշվով թողարկումը Երևանում չորս անգամ ավելի բարձր է, քան Գեղարքունիքում։ Այդպիսի պատկեր կարող ենք գտնել նաև Շիրակում, Լոռիում, Տավուշում։ Երևանի և մարզերի միջև անհամաչափությունը հատկապես ավելացել է 2003-2008 թվականներին, դրանից հետո այն էապես չի ավելացել, բայց ոչ էլ կրճատվել է»,- նշում է Արմեն Քթոյանը։

Ըստ նրա՝ թեև ներկա և նախկին կառավարությունները փորձել և փորձում են տարածքային անհամաչափության խնդիրը մեղմել, սակայն տեսանելի արդյունքներ փաստացի չկան։ Մարզերում տնտեսական ակտիվությունը մնում է ցածր մակարդակում։

Նկար 4.JPG (998 KB)Բերդկունք գյուղ

«Կուզեինք՝ երեխաների և մեզ համար ժամանցի կենտրոններ լինեին»

Գեղարքունիքի մարզում համայնքների մի մասը չունի դպրոց, մանկապարտեզ և պոլիկլինիկա։ Բերդկունքը դրանց շարքում է։ Գյուղում ապրող երեխաները դպրոց գնալու համար ստիպված են ամեն առավոտ ավտոբուսով հասնել հարևան Հայրավանք գյուղի միջնակարգ դպրոց։

Բերդկունքի բնակիչ Անուշ Հովհաննիսյանի դպրոցական երկու որդիներն ամեն առավոտ գնում են Հայրավանք։ Իսկ կրտսեր որդին՝ չորս տարեկան Էմիլը, տանն է մնում։

Գյուղում չկա մանկապարտեզ կամ ժամանցի այլ վայր, որտեղ երեխան կարող է անցկացնել օրվա մի մասը։ Նրա հիմնական խաղընկերները տատն ու մայրն են։

Ժամանակին Բերդկունքում եղել է դպրոց, սակայն տարիների ընթացքում շենքը դարձել է վթարային։ Համայնքապետարանի շենքը, որի երկու սենյակում հիմա աշխատում են Բերդկունքի վարչական ղեկավարն ու օպերատորը, նախկինում եղել է գյուղի դպրոցը։

Հայրավանքում ևս մանկապարտեզ չկա։ Խորհրդային տարիներին Հայրավանքում կառուցվող մանկապարտեզի շենքը կիսատ է մնացել և այդպես էլ չի ծառայել նպատակին։ Այս երկու գյուղերից քիչ թվով երեխաներ ժամանակին մանկապարտեզ են հաճախել ոչ հեռու գտնվող Լճափ համայնքում։ Սակայն, այդ դեպքում էլ երեխաներին մեքենաներով տեղափոխելու խնդիր է առաջացել։

Բերդկունքում նոր մանկապարտեզ է կառուցվում։ Նախատեսում են տեղավորել չորս խումբ՝ մոտ 100 սան։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի սկզբին։ 

«Այսօր երկու գյուղում միասին այս թվով մանկապարտեզի տարիքի երեխաներ չկան, սակայն ավելի շատ սաների համար է նախատեսված կառուցվող մանկապարտեզը, մտածում ենք, որ հետագայում երեխաների թիվը կավելանա»,- ասում է Բերդկունքի վարչական շրջանի ղեկավար Լևոն Հովհաննիսյանը։

Բերդկունքում նաև բուժկետ չկա։ Հայրավանքի բուժկետում աշխատող թերապևտը օգնության է հասնում նաև Բերդկունքում, որտեղ պոլիկլինիկա չկա։ Առաջին օգնության համար գյուղացիները նրան են դիմում, երբեմն էլ՝ շտապօգնություն կանչում Գավառից կամ Սևանից։

Իսկ ավելի երկար և ախտորոշում պահանջող հիվանդությունների դեպքում բուժառուները հասնում են Գավառի, Սևանի, Մարտունու, Հրազդանի կամ Երևանի հիվանդանոցներ։ 

Գեղարքունիքում բնակավայրերից 44%-ում մանկապարտեզներ չեն գործում

Գեղարքունիքի մարզն ունի ընդհանուր առմամբ 98 բնակավայր՝ 5 քաղաքային և 93 գյուղական։ Դրանք Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ և Վարդենիս քաղաքներ են՝ իրենց հարակից գյուղերով։

Մարզի բնակավայրերից 43-ում այսօր մանկապարտեզներ չեն գործում։

Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նրանցից 3-ում՝ Բերդկունքում, Աստղաձորում և Երանոսում, նոր մանկապարտեզներ են կառուցվում։ Իսկ 2-ում՝ Ծովինարում և Զոլաքարում, 2024 թվականից նոր մանկապարտեզներ կսկսեն գործել։ Գյուղերի մի մասն էլ ընդգրկված են նոր կառուցվող կրթահամալիրների ցանկում, որտեղ հնարավոր կլինի իրականացնել նախադպրոցական կրթություն, սակայն այս գյուղերի մասով դեռևս ժամկետներ չի նշում մարզպետարանը։

Մարզի բնակավայրերից դպրոցներ չունեն չորսը՝ Բերդկունքը, Բարեպատը՝ Ճամբարակ խոշորացված համայնքից, Տորֆավանն ու Գեղաքարը՝ Վարդենիսից։

Գազ չունեն բնակավայրերից 34-ը 

Գեղարքունիքի մարզում այսօրվա դրությամբ 34 գյուղ գազիֆիկացված չէ։ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ից ստացված տվյալները ցույց են տալիս, որ հիմնականում Վարդենիսի և Ճամբարակի հարակից գյուղերի մեծ մասը գազ չունի։

Մասնավորապես, Վարդենիս խոշորացված համայնքում, որում ներառված է 36 բնակավայր, 23-ը գազիֆիկացված չէ, ինչպես Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ազատ, Ախպրաձոր, Գեղամասար, Դարանակ և այլ գյուղերը։

Ճամբարակի 19 համայնքից գազ չունեն 8-ը, այդ թվում՝ Շողակաթը, Կալավանը, Ձորավանքը և այլն։

«2024 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի արտադրական ծրագրերով նոր բնակավայրի գազիֆիկացման աշխատանքներ նախատեսված չեն»,- տեղեկացնում է Հայաստանի մենաշնորհային գազամատակարարը։

Մարզի բնակավայրերը, որոնք չունեն գազամատակարարում, ձմռանը տները տաքացնում են հիմնականում փայտի ու աթարի վառարաններով։ Իսկ կենցաղային աշխատանքների համար գազին փոխարինում է էլեկտրաէներգիան։

Մարզի բոլոր համայնքները ունեն ջրամատակարարում և էլեկտրաէներգիա

Գեղարքունիքի մարզպետարանից «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ մարզի բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերը ունեն շուրջօրյա ջրամատակարարում։

Քաղաքային 5 համայնքում և գյուղական 15 բնակավայրի սպասարկումը իրականացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Մարզի մնացած բնակավայրերն ունեն ինքնուրույն ջրամատակարարում։

Գալիք տարում մարզի մի քանի բնակավայրերում նախատեսվում են խմելու ջրի ջրագծերի կառուցում և վերանորոգում։

Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերում խմելու ջրի ջրագծեր են կառուցվելու, Վերին Ճամբարակ թաղամասում, Վահան և Ծափաթաղ գյուղերում ջրագծեր են վերանորոգվելու, ջրահավաք ավազանների կառուցում է պլանավորվում Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ներքին Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում։ Սևանի Գեղամավան բնակավայրում նախատեսվում է վերակառուցել խմելու ջրի ցանցը և կառուցել խորքային հոր։ Ընդհանուր առմամբ՝ այս ծրագրերը միասին կարժենան 1 մլրդ 222 մլն դրամ, որից 319 մլն դրամը կհատկացվի համայնքի բյուջեից։

Մարզպետարանի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում հասանելի է էլեկտրամատակարարումը։

Գեղարքունիքի մարզում բնակչության 33.9 %-ը աղքատ է

2022 թվականի տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի 33.9%-ը աղքատ է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հաշվարկների՝ աղքատության մակարդակով Գեղարքունիքը չորրորդն է՝ Շիրակից (41.6%), Արմավիրից (40.8%) և Տավուշից (37.4%) հետո։

Գեղարքունիքի մարզում աղքատության մակարդակը վերջին տարիներին կտրուկ տատանվել է։ Եթե 2017-2018 թվականներին այն 20-22 % էր, ապա դրան հաջորդող չորս տարիներին կտրուկ բարձրացել է ու 2019-ին հասել 49.1 %-ի։

Երևանի և մարզերի միջև տարածքային անհամաչափությունը փորձագետները չափում են տարբեր եղանակներով՝ հաշվի առնելով աշխատաշուկան, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները և այլն։ Կարելի է ընտրել այս կամ այն չափանիշը, իսկ վերջում ստացված արդյունքի իրական պատկերը երևալու է Բերդկունքում, Հայրավանքում և Հայաստանի բազմաթիվ այն գյուղերում, որտեղ մեծերն ու երեխաները երբեմն կենսամակարդակի նվազագույն պայմաններից զրկված են։

Խորհրդային տարիներին Գեղարքունիքի մարզում, հատկապես՝ մարզկենտրոն Գավառում, գործել են բազմաթիվ արտադրական ձեռնարկություններ, որոնք աշխատանքով են ապահովել բնակչությանը։ Այսօր այդ գործարաններից մեծ մասի տարածքներում դատարկ կամ կիսափուլ պատեր են։ Մյուս հոդվածում կպատմենք այդ մասին։

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter