HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

«Երասխ-2» զորամաս հասցեի տարածքը կվերադարձվի պետությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ներկայացրեց որոշման նախագիծը, որի համաձայն՝ «Երասխ-2» զորամաս հասցեի տարածքը 0․9 հեկտար մակերեսով կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին։

2005-ին Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի որոշումներով, անհատույց օգտագործման իրավունքով Պաշտպանության նախարարությանն էր տրամադրվել հատուկ նշանակության հողամաս, որն ունեցել է զորամասի կարգավիճակ։ Խոսքը «Երասխ-1»-ի և «Երասխ 2»-ի մասին է։ «Երասխ 1»-ի վերաբերյալ գործը դեռևս դատաքննության փուլում է, իսկ «Երասխ-2-»ը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

Գլխավոր դատախազի խոսքով՝ ԱԱԾ քնչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականաության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել Պաշտպանության նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը՝ 0․9 հեկտար մակերեսով, և դրա վրա առկա շինությունները։ 

«2023-ի փետրվարի 7-ին ԱԺ քննարկմանը իմ կողմից ներկայացվեց ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որը բավարարվեց և, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։ Ներկայում գործը գտնվում է դատական քննության փուլում, քրեական գործից բացի՝ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանական գործառույթի շրջանակում 2023-ի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի և երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի, պահանջելով անվավեր ճանաչել 2009-ի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ»,- ասաց Աննա Վարդապետյանը։

2023-ի սեպտեմբերի 11-ին դատավարության մասնակիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան։ Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0․9 հեկտար մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ-ին։ Հակակոռուպցիոն դատարանը 2023-ի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ հաստատվել է ՀՀ սեփականության իրավունքը։ 

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter