HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Այստեղի աշակերտների մեջ ես իմ երեխաներին եմ գտնում»․ արցախցի ուսուցիչ

Արցախի Մարտակերտ քաղաքի դպրոցը, որտեղ Լուսաբեր Առուստամյանն աշխատում էր, 600-ից ավելի աշակերտ ուներ։ 30 տարի դասավանդելու ընթացքում նա յոթ դպրոցում է աշխատել, վերջինը Մարտակերտի թիվ 2 դպրոցն էր։

«Ամուսինս զինվորական էր, ու աշխատանքի բերումով հաճախ տեղից տեղ էինք տեղափոխվում։ Ստիպված էի անընդհատ կոլեկտիվներ ու դպրոցներ փոխել, Մարտակերտինը եղավ վերջինը»,-ասում է ուսուցչուհին։

Դպրոցը նրանց տնից հեռու չէր՝ մոտ 100 մետր, բայց միշտ աշխատում էր շուտ գնալ, որպեսզի աշակերտներից առաջ հասնի։ «Այսքան դպրոցում եմ աշխատել, բայց Մատաղիսի դպրոցի ճանապարհը երբեք չեմ մոռանա, աշխատանքի գնալիս միշտ կանգնում էի կամրջի վրա ու նայում․ սքանչելի տեսարան էր։ Էդտեղ մի հէկ կար ու երևի մասնագիտական էր, միշտ ուշադիր նայում էի, թե ոնց են ջրից հոսանք ստանում»,-հիշում է ուսուցչուհին։

Մարտակերտում Լուսաբեր Առուստամյանը դասղեկական դասարան ուներ, Հայաստանում էլ են նրան առաջարկել, բայց չի ուզել, ասում է՝ դեռ պատրաստ չի։

«Ամենաշատը երևի իմ աշակերտներին եմ կարոտում, անընդհատ իմ մտքում են, հիշում եմ, թե ով ինչ էր անում, ինչպիսին էր։ Պտղունքի դպրոցի (Արմավիրի մարզ) աշակերտների մեջ թվում է՝ ես իմ երեխեքին եմ գտնում։ Ասում եմ՝ էս մի երեխան Մարտակերտի իմ էս աշակերտին է նման, էն մյուսը՝ մեկ ուրիշին։ Աստիճանաբար սկսում եմ սիրել երեխեքին, հիմա արդեն ես իրենց եմ հարմարվել, իրենք՝ ինձ»,-պատմում է Լուսաբեր Առուստամյանը:

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում ֆիզիկայի ուսուցչի թափուր հաստիք կար։ Դպրոցի տնօրեն Արմինե Գրիգորյանն ասում է, որ մի օր ուշ երեկոյան զանգ է ստացել, հարցրել են՝ ուսուցչի թափուր հաստիք դեռ ունե՞ն։ «Ամեն ինչ կարծես շատ լավ դասավորվեց, մեզ ուսուցիչ էր հարկավոր, իրեն՝ աշխատանք։ Պայմանավորվեցինք, հենց հաջորդ օրը հանդիպեցինք, ու արդեն գրեթե 3 ամիս է միասին աշխատում ենք, աշակերտները գոհ են, տիկին Առուստամյանը՝ նույնպես, կարծեք թե, սկսում է հարմարվել»,-ասում է Արմինե Գրիգորյանը։

Պտղունքի դպրոցում բացի ֆիզիկայից կար նաև քիմիայի ուսուցչի կարիք։ Լուսաբեր Առուստամյանն այս մասին պատմում է Գոհար Եղիազարյանին․ նրանք երկուսն էլ Մարտակերտից էին, բայց աշխատում էին տարբեր դպրոցներում։

«Լուսաբերը, երբ ինձ զանգեց աշխատանքի համար, սկզբում մերժեցի, չէի ուզում որևէ բան անել, սթրեսը դեռ մեծ էր, ու բացի այդ էլ՝ ինձ թվում էր, թե ես միշտ պետք է ապրեի Արցախում ու աշխատեի իմ դպրոցում։ Հետո տնօրենը ինձ զանգեց, խոսեց, բացատրեց ու ասաց՝ վաղը առավոտյան 9-ին քեզ սպասում ենք»,-պատմում է 48-ամյա Գոհար Եղիազարյանը։

Ուսուցչի կարծիքով, անկախ նրանից, թե որտեղ է, պետք է նույն ջանքերով աշխատի, որպեսզի արդյունք լինի։

«Էդպիսի օր չկա, որ ես մտքով Արցախում չլինեմ։ Աչքերս փակում եմ, գնում եմ մեր տուն, դպրոցի ճանապարհով եմ գնում, անցնում մեր վարչակազմի շենքի մոտով, հետո՝ մանկապարտեզի կողքով, մի քանի խանութներ ու հետո մեր դպրոցը՝ սարերի մեջ, գողտրիկ, հարազատ։ Բայց հիմա ես այստեղ եմ, ապրում ու աշխատում եմ այստեղ, պետք է հարմարվեմ»,-ասում է Գոհար Եղիազարյանը։ 

Դպրոցում դասերն ավարտելուց հետո Լուսաբեր Առուստամյանն ու Գոհար Եղիազարյանը, դեռևս նոր ու անծանոթ ճանապարհով, քայլում են դեպի տուն, փորձում հարմարվել տեղանքին ու մարդկանց, իսկ ամեն ծանոթ փողոցի հետ միտքը թռչում է, հասնում Արցախ, նայում կամրջից ու սարերի մեջ գողտրիկ դպրոցին։

Գլխավոր լուսանկարում աջից՝ Լուսաբեր Առուստամյանը, ձախից՝ Գոհար Եղիազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter