
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են Իսրայելի օգտին լրտեսություն իրականացնող 34 մարդու
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը հայտարարել է, որ ձերբակալել է 34 մարդու, որոնք կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության օգտին միջազգային լրտեսության մեջ։ Այդ մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաընկերությունը։
Ձերբակալություններն իրականացվել են Թուրքիայի ութ նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում և Անկարայում։ Ձերբակալվածների մեծ մասն օտարերկրացիներ են։ Թուրքական դատախազության տվյալներով՝ ընդհանուր առմամբ լրտեսության մեջ կասկածվել է 46 մարդ, նրանցից ոմանք ավելի վաղ մեկնել են արտերկիր: Խուզարկություններ են կատարվել 57 հասցեներում։
Հետաքննությունը պնդում է, որ կասկածյալները, «Մոսադի» հրահանգով, պատրաստվում էին հարձակում իրականացնել Թուրքիայում ապրող պաղեստինցի ակտիվիստների վրա։ Daily Sabah-ը գրում է, որ ձերբակալություններն իրականացվել են այն բանից հետո, երբ դատախազությունը կասկածել է, թե «Մոսադ»-ը հարձակումներ է կազմակերպել Թուրքիայում գտնվող պաղեստինցիների վրա։
2021 թվականից ի վեր թուրքական հետախուզությունը պարբերաբար ձերբակալում է Իսրայելի օգտին լրտեսության մեջ կասկածվողների։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվել են տասնյակ մարդիկ։
Թուրքիան դատապարտում է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունները, որն իրականացվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների դեմ։ Դրանք սկսվել էին նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո։ 2023 թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է միջազգային դատական ատյաններում պատասխանատվության ենթարկել Իսրայելին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել