HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու Ռայիսին կքննարկեն Գազայի հատվածում ու Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հունվարի 4-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որտեղ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու կքննարկի Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ առաջարկներն ու Հարավային Կովկասում առկա իրավիճակը։ Այդ մասին հայտնում է թուրքական Star պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց կունենան, ապա կկայանա Թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը:

Նիստի ընթացքում կողմերը կգնահատեն այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, էներգետիկան, տրանսպորտը և պաշտպանական արդյունաբերությունը: Երկու երկրների ներկայացուցիչները նաև տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրեր կստորագրեն։ Star-ը գրում է, որ բանակցությունների օրակարգի առաջնային կետերից մեկը կլինի Գազայի վրա Իսրայելի հարձակումները։

Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Էրդողանն ու Ռայիսին կքննարկեն, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը դադարեցնելու և մշտական հրադադարի հասնելու համար: Սպասվում է, որ Թուրքիայի առաջնորդը իրանցի գործընկերոջը կփոխանցի խնդրի լուծման վերաբերյալ Անկարայի առաջարկները։ 

Ըստ Star-ի՝ Ռայիսիի ու Էրդողանի բանակցությունների օրակարգում կլինեն նաև Հարավային Կովկասում ու Սիրիայում առկա իրավիճակներն ու ահաբեկչության դեմ պայքարը։

Իրանի նախագահը Անկարա պետք է մեկներ դեռ նախորդ տարվա նոյեմբերի վերջին, սակայն այցի օրը պարզ դարձավ, որ Ռայիսիի այցը անորոշ ժամկետով հետաձգվել է։ Թե որն էր այցի հետաձգման պատճառը, հայտնի չէ։

Լուսանկարը՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter