
ՀԱՄԱՍ-ը սառեցրել է պատանդների ազատ արձակման շուրջ Իսրայելի հետ բանակցությունները
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտարարել է Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ Իսրայելի հետ բանակցությունների սառեցման մասին։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Al Arabiya հեռուստաընկերությանը։ Պատճառը Բեյրութում Իսրայելի կողմից շարժման փոխղեկավարի սպանությունն է։
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան սպանությունը որակել է որպես «ահաբեկչական գործողություն»՝ այն անվանելով Լիբանանի ինքնիշխանության խախտում և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի թշնամանքի ուժեղացում:
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հաստատել էր Բեյրութի արվարձաններից մեկի վրա իսրայելական անօդաչուների հարձակման հետևանքով ալ-Արուրիի մահը: Ալ-Արուրիի հետ զոհվել են նաև ՀԱՄԱՍ-ի մարտական թևի երկու հրամանատարներ:
57-ամյա Սալեհ ալ-Արուրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի բարձրաստիճան անդամ էր ու բնակվում էր Լիբանանում։ Նա Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող խմբավորման ռազմական հրամանատարն էր ու ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալը։ Ինչպես նշում է The Times of Israel-ը, ալ-Արուրին ՀԱՄԱՍ-ի մյուս անդամների համեմատ առավել շատ կապեր ուներ Իրանի ու Լիբանանում Հեզբոլահի հետ։
Լուսանկարը՝ Alexi J. Rosenfeld/Getty Images
Մեկնաբանել