
Իսրայելը դաշնակիցներին վստահեցրել է, որ կապ չունի Իրանում ահաբեկչության հետ
Իսրայելի իշխանություններն իրենց դաշնակիցներին հայտնել են, որ կապ չունեն Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետ: Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Իսրայելը նշել է, որ պայթյունները նման չեն Հրեական պետության կողմից իրականացվող հարձակումների սխեմային, որոնք, ինչպես նշում է պարբերականը, «սովորաբար առավել ճշգրիտ են՝ ուղղված առանձին անձանց կամ իրանական անվտանգության ուժերի հետ կապված ենթակառուցվածքների դեմ»։
Իսրայելի վարչապետի գրասենյակը, ինչպես նաև իսրայելական բանակը հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:
Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակման նշաններ ունեն: Այդ մասին CNN-ին ասել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան։ «Ես կարծում եմ, որ դա իսկապես նման է ահաբեկչական հարձակման. այն, ինչ մենք տեսել ենք նախկինում «Իսլամական պետության» կողմից։ Եվ դա, որքան ես հասկանում եմ, մեր ներկայիս վարկածն է»,- ասել է CNN-ի զրուցակիցը։
The Wall Street Journal-ի աղբյուրների կարծիքով՝ պայթյունների նպատակը կարող էր լինել Իսրայելի ու Իրանի միջև տարաձայնությունների հրահրումը՝ հունվարի 2-ին ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի՝ Սալեհ ալ-Արուրիի սպանությունից հետո։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ պայթյուններին կարող են մասնակցած լինել Իրանի ներսում գործող իսլամիստական ընդդիմադիր կազմակերպությունները, սակայն այդ տեսակետը հաստատող ապացույցներ աղբյուրները չեն ներկայացրել։
Լուսանկարը՝ Thomas Kronsteiner/Getty Images
Մեկնաբանել