
Լիբանանում սպանվել է Հեզբոլահի բարձրաստիճան հրամանատարներից մեկը
Լիբանանի հարավում սպանվել է Հեզբոլահ արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի անվտանգության ծառայություններում իր աղբյուրներին։ Ավելի ուշ, Հեզբոլահը հաստատել է Վիսամ ալ-Թավիլի սպանությունը։
Reuters-ը գրել էր, որ խոսքը «Ռադվան» էլիտար ստորաբաժանման հրամանատարներից մեկի մասին է, իսկ հարվածի հետևում, ենթադրաբար, կանգնած է Իսրայելը։
תיעוד זירת התקיפה בדרום לבנון בה נהרג מפקד בכוח רדואן, היום pic.twitter.com/cXApt9wTdm
— הארץ חדשות (@haaretznewsv) January 8, 2024
Լիբանանյան MVT network ցանցը ևս նշել է, որ զոհվածը Վիսամ ալ-Թավիլն է, որը նաև հայտնի էր Ջավադ մականունով։ AFP-ի տվյալներով՝ հրթիռը իսրայելա-լիբանանյան սահմանից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա խոցել է ալ-Թավիլի ավտոմեքենան։ Նրա հետ միասին զոհվել է ևս մեկ մարդ։
Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ իսրայելական անօդաչուի հարվածի հետևանքով Բեյրութի Դահիյա արվարձանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա Սալեհ ալ-Արուրին։ Հեզբոլահի հետ կապ ունեցող Al Mayadeen լրատվական կայքի տվյալներով՝ Բեյրութի արվարձանում ՀԱՄԱՍ-ի գրասենյակին հարվածի հետևանքով զոհվել էր 6 մարդ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հոկտեմբերի 7-ին սկսված պատերազմի ընթացքում Հեզբոլահը կորցրել է ավելի քան 130 մարտիկ: ՀԱՄԱՍ-ին աջակցող լիբանանյան այս խմբավորումը գնդակոծում է իսրայելական սահմանամերձ տարածքները։ Իսրայելն իր հերթին ևս հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին:
Լուսանկարը՝ Հեզբոլահի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել