
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդը, որն ընդունել է հրաժարականի վերաբերյալ Բորնի դիմումը, շնորհակալություն է հայտնել «իր գործին նվիրվածության ու վճռականության համար»։
Madame la Première ministre, chère @Elisabeth_Borne, votre travail au service de notre Nation a été chaque jour exemplaire. Vous avez mis en œuvre notre projet avec le courage, l’engagement et la détermination des femmes d’État. De tout cœur, merci. pic.twitter.com/G26ifKfKzj
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) January 8, 2024
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Բորնը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ նոր կառավարության կազմի նշանակումը։ «Էլիզաբեթ Բորնը Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Կառավարության մյուս անդամների հետ նա կշարունակի կատարել ընթացիկ պարտականությունները մինչև նոր կառավարության նշանակումը»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վերադասավորումներ իրականացնել ֆրանսիական կառավարության կազմում։ «Journal du Dimanche» շաբաթաթերթը հայտնել էր, որ փոխարինվելու են Ֆրանսիայի վարչապետն ու որոշ նախարարներ։
Շաբաթաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մակրոնն իր երկրորդ նախագահական հնգամյա ժամկետում, չունենալով նոր մանդատի հեռանկար (նկատի ունի երրորդ ժամկետի վերաբերյալ սահմանադրական արգելքը-խմբ.), «բացարձակ լոյալ զինակցի կարիք ունի, որը զուրկ է սեփական քաղաքական հավակնություններից»:
Պարբերականի կարծիքով՝ Բորնի հավանական փոխարինողների ցանկում 4 թեկնածու է։ Ցանկը գլխավորում է քաղաքական վետերան, Ֆրանսիայի ազգային ժողովի նախկին խոսնակ, 61-ամյա Ռիշար Ֆերանը։ Վերլուծաբանների շրջանում մեծ հեղինակություն ունի նաև կաբինետի ամենաերիտասարդ անդամը՝ կրթության 34-ամյա նախարար Գաբրիել Ատալը, որը նախկինում կառավարության պաշտոնական ներկայացուցիչն էր։
Քառյակը եզրափակում են Մակրոնի մերձավոր շրջապատի երկու ազդեցիկ քաղաքական պաշտոնյաները՝ զինված ուժերի 37-ամյա նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ու գյուղատնտեսության 43-ամյա նախարար Ժուլիեն Դենորմանդին։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել