
Գաբրիել Ատալը Ֆրանսիայի վարչապետի ամենահավանական թեկնածուն է
Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Ատալը վարչապետի պաշտոնում Էլիզաբեթ Բորնի հավանական իրավահաջորդն է։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին։
AFP-ն նշում է, որ չնայած նոր վարչապետի նշանակումը չի հայտարարվել Բորնի հրաժարականից հետո, «այդ առաքելությունը, ըստ նախագահական շրջապատի աղբյուրների, կհանձնարարվի Ատալին»։
Ինչպես նշում է գործակալությունը, Գաբրիել Ատալի նշանակմամբ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «ձգտում է նոր շունչ հաղորդել իր նախագահական երկրորդ հնգամյակին, որը սկսվել էր հասարակության շրջանում մեծ ընդվզում առաջացրած բարեփոխումներով»։
Դրանց թվում էր կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելը։ Բացի այդ, ֆրանսիական ընդդիմությունը քննադատում էր միգրացիայի վերաբերյալ նոր օրենքը, որը նախատեսում է օտարերկրյա ուսանողների կողմից գրավի վճարում՝ որպես Ֆրանսիայում ուսումն ավարտելուց հետո նրանց հայրենիք վերադառնալու երաշխիք։
Վարչապետի պաշտոնում Ատալի նշանակման պարագայում, նա կդառնա Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետը։ Գաբրիել Ատալը 34 տարեկան է։
Լուսանկարը՝ Baptiste Giroudon / Paris Match
Մեկնաբանել