HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Թորոսը նախընտրում է տուգանվել, բայց չունենալ վարորդական վկայական

Թորոս Խաչատրյանը 2019 թվականից մոպեդ է վարում։ Նա Հայաստանում մոպեդ ունենալու և վարելու հարցում մեծ դժվարությունների է բախվել։ Մինչ օրս էլ Թորոսը օրենքի հետ խնդիրներ է ունենում մոպեդը վարելիս։

Այս պատմությունը սկսվել է 2021 թվականին, երբ Կառավարությունը լրացում կատարեց պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկում՝ ներառելով մոպեդները։

2022 թվականին Ոստիկանությունը, հիշեցնելով Կառավարության որոշումը, զգուշացրեց վարորդներին, որ մոպեդները պետք է հաշվառել և վարել «AM» ենթակարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում։ Պարեկներն ու ճանապարհային ոստիկանները սկսեցին առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս հարցին։ 

Ուժեղացված հսկողության շրջանակներում 2022թ․-ին պարեկները Թորոս Խաչատրյանի մոպեդը տեղափոխում են հատուկ պահպանության գոտի։ «Ու ինձ ասեցին՝ մինչև փաստաթուղթ  չբերես, որ էս մոպեդը պատկանում է քեզ, մենք մոպեդը քեզ չենք տալու»,- պատմում է Թորոսը։ Նա դիմում է Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն մոպեդը գրանցելու համար։ Սակայն Թորոսին ասում են, որ մոպեդը գրանցելն անհնար է, քանի որ չկա նոտարով հաստատված առուվաճառքի պայմանագիրը։ «Ես հասկացա, որ երբեք էլ չեմ կարա մոպեդը հանեմ էդտեղից, բայց մինչև էդ օրենքը, բոլորը մոպեդներն առել են list.am-ից, գնացքով բերել են այլ երկրից ու տարբեր տեղերից, նույնը կլինի, եթե ասեն՝ հեծանիվները պետք է գրանցել, բայց հեծանիվ գնելուց նոտարով հաստատված առուվաճառքի պայմանագիր ո՞վ ունի»,- ասում է Թորոս Խաչատրյանը։

Նա որոշում է դիմել դատարան։ Շուրջ 10 ամիս տևած դատական գործընթացներից հետո դատարանը բավարարում է Թորոսի հայցը և անվավեր ճանաչում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևան ՀՔԲ պետի որոշումը, միևնույն ժամանակ դատարանը պարտավորեցնում է Ոստիկանությանը մոպեդի պետական գրանցումը կատարել։

Դատարանը բավարար է համարում Թորոս Խաչատրյանի ներկայացրած առուվաճառքի պայմանագիրը, որը կնքել է մոպեդը գնելիս։ Միևնույն ժամանակ դատարանը արձանագրում է, որ Կառավարության որոշմամբ առկա չէ որևէ նորմ առ այն, որ մոպեդների վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը պետք է լինի նոտարական կարգով վավերացված:

Թորոս Խաչատրյանի խոսքով՝ մինչ օրս էլ կան մարդիկ, որոնք Կառավարության որոշումից առաջ են ձեռք բերել մոպեդները և նման խնդրի առաջ են կանգնած։ Իր դեպքում եթե «փրկություն» է եղել պայմանագրի առկայությունը, կան դեպքեր, որ դա ևս չկա։

Մոպեդ վարելու համար վարորդական վկայական ստանալը խնդրահարույց է

Մոպեդը դատարանի որոշմամբ գրանցելուց հետո Թորոս Խաչատրյանի հաջորդ խնդիրը դառնում է պետհամարանիշ հանելը, ինչի համար անհրաժեշտ է «AM» ենթակարգի վարորդական վկայական։ Այն ստանալու համար պահանջվում է հանձնել երկու քննություն՝ տեսական և գործնական։ 

Նա մեզ հետ զրուցելու ընթացքում մուտք գործեց roadpolice.am կայք, որ քննության համար հերթագրվի, սակայն տվյալները լրացնելուց հետո էկրանին հայտնվեց գրություն, թե Երևանի հաշվառման- քննական ստորաբաժանման ծանրաբեռնվածության պատճառով առաջարկում են ընտրել այլ ստորաբաժանում։ Թորոս Խաչատրյանն ասում է՝ օրվա ցանկացած ժամի փորձելիս նույն իրավիճակն է, նա հարցնում է, թե ինչու պետք է քննություն հանձնելու համար գնա Գյումրի կամ այլ ստորաբաժանում։

Մոտոցիկլի և մոպեդի դեպքում պահանջվում է նաև, որ գործնական քննությանը վարորդները ներկայանան իրենց տրանսպորտային միջոցով՝ ի տարբերություն ավտոմեքենաների, որ տրամադրում է Ոստիկանությունը։ Բացի այդ՝ քննություն հանձնող քաղաքացիներից պահանջվում է վճարել մոտ 14 հազար դրամ։ Թորոս Խաչատրյանն այս պահանջները ևս համարում է անտրամաբանական։ «Այսինքն՝ Երևանում ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարող մասնակցել քննությանը, ստիպված պետք է գնամ այլ ստորաբաժանում, մոպեդս տեղափոխելու համար էվակուատոր վարձեմ, մի հատ էլ 14 հազար դրամ վճարեմ քննության համա՞ր»,- ասում է Թորոս Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ եթե ավտոմեքենաների դեպքում այդ վճարը որևէ կերպ հիմնավորված է, քանի որ քննություն հանձնողներն օգտվում են Ոստիկանության տրամադրած ավոտմեքենաներից, ապա մոպեդներ վարելու վկայական ստացողների նկատմամբ գումարի այդ պահանջը հիմնավոր չէ։ Կան մարդիկ նաև, որ չունեն մոպեդ կամ մոտոցիկլ, սակայն ցանկանում են ստանալ վարորդական վկայական, իսկ Ոստիկանության այս պահանջներն անհնարին են դարձնում դրա իրագործումը։ 

Թորոս Խաչատրյանի խոսքով՝ տեսական քննությունն անցնելը ևս բարդ գործընթաց է։ Երեք անհաջող փորձից հետո նա այլևս չի ցանկանում գնալ քննության։ Պատմում է՝ քննությանը մասնակցելու վերջին փորձի ժամանակ պարտադրել են, որ ակնոցը հանի՝ պատճառաբանելով, թե փաստաթղթի լուսանկարում ակնոց չի կրում։ «Հետո իմացա, որ եղել են մարդիկ, որ հատուկ ակնոց են կրել՝ դալտոնիզմը ստուգող հարցերին ճիշտ պատասխանելու համար։ Իրենք փոխանակ որևէ սարքով ստուգեն, թե ինչ ակնոց է իմը, ինձ հանում են քննությունից»,- ասում է Թորոսը։

Նախորդ երկու փորձերին ակնոցը հանելու պահանջ չեն ներկայացրել իրեն։ Այժմ Թորոսը տեսական քննությանը մասնակցելու համար ստիպված է ներկայանալ կամ առանց ակնոցի կամ անցնել հատուկ հետազոտություն։ Թորոսի խոսքով՝ պոլիկլինիկայի կողմից տրված բժշկական տեղեկանքը ևս հիմք չեն ընդունում։

Թորոս Խաչատրյանն ի վերջո պետհամարանիշ հանել է իր ընկերոջ անունով, որը ունի վարորդական վկայական, իսկ ինքը շարունակում է վարել առանց վկայականի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter