HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Բնակիչներն ընդդեմ կառուցապատողի․ Մալխասյանց 4-ում սակագներն ինչո՞ւ են կրկնապատկվել

Մալխասյանց 4 հասցեի նորակառույց շենքի բնակիչները և կառուցապատողը արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում շենքի սպասարկման վճարի շուրջ համաձայնության գալ։ Կողմերից որևէ մեկը չի պատրաստվում զիջել և ընդունել մյուսի պայմանները։

Դեռևս 2020 թվականին, երբ մարդիկ հետաքրքրված էին Մալխասյանց 4 հասցեում բնակարաններ ձեռք բերելով, կառուցապատողի կողմից ներկայացվող սպասարկման վճարը 1 քառ․ մ-ի համար 170 դրամ էր։ Գնորդների հարցին՝ հնարավո՞ր է հետագայում այդ գինն աճի, պատասխանել են, որ եթե աճի էլ, 20 %-ը չի գերազանցի։ Հիմա արդեն այդ գինն աճել է, բայց ոչ թե խոստացված չափով, այլ կրկնակիից ավելի՝ դառնալով 370 դրամ։ 

«Նախորդ տարվա ամառն էր, երբ իմացանք, որ սպասարկման գինը կրկնապատկվել է։ Այդ ժամանակ շենքի 73 սեփականատերերս էլեկտրոնային նամակ ուղարկեցինք կառուցապատողին՝ խնդրելով գրավոր տրամադրել ծախսերի բացվածքը, բայց որևէ պատասխան չստացանք։ Դրանից հետո փոստային նամակ ուղարկեցինք նույն պահանջով, որը նույնպես մնաց անպատասխան»,- ասում է շենքի բնակիչ Զարուհի Ղարիբյանը։

Բնակիչները պատմում են, որ երբ ստորագրել են բնակարանների առուվաճառքի պայմանագրերը, հետաքրքրվել են նաև շենքի բնակարանների և ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրից, որին նույնպես պետք է նախապես ծանոթանային և ստորագրեին։ Այդ ժամանակ կառուցապատող ընկերության ներկայացուցիչն ասել էր, որ պայմանագիրը դեռևս մշակման փուլում է, սակայն անհանգստանալու կարիք չկա, սպասարկման վճարը նույնն է, ինչ ասվել է՝ 170 դրամ 1 մետր քառ. դիմաց:

«Նախքան բնակարան գնելը մենք քննարկեցինք պայմանները, մտածեցինք՝ արժի՞ մտնել այդ բեռի տակ, թե՞ ոչ ու, ի վերջո, վերցրինք, իսկ հիմա մեզ փաստի առաջ են կանգնեցրել։ Մի քանի անգամ խոսել եմ հետները, վերջին անգամ ասացի, որ վճարելու եմ միայն նախապես պայմանավորված գինը, ասացին՝ այս պահին գինը սա է, ու չի փոխվելու»,- ասում է շենքի բնակիչ Դավիթ Զոհրաբյանը։

Մալխասյանց 4 հասցեի նորակառույց շենքը 144 բնակարան ունի և սկսել է բնակեցվել հիմնականում 2023 թ․-ի սկզբից։ Այստեղ բնակարանների մակերեսները 77-ից մինչև 137 քառ․ մետր են։ Սա նշանակում է, որ 100 քառ․ մետր մակերեսով բնակարան ունեցողը ամսական պետք է վճարի 37 հազար դրամ նախապես ասված 17 հազարի փոխարեն։ Յուրաքանչյուր ամիս բնակիչներին Whatsapp հավելվածով ծանուցում են, թե որքան սպասարկման վճարի պարտք ունեն՝ սկսած բնակվելու պահից։

«Կարևոր է շեշտել, որ մենք ոչ թե հրաժարվում ենք վճարել նախապես պայմանավորված գինը, այլ ուզում ենք հասկանալ, թե ինչի հաշվին է աճել այդ գինը, պահանջում ենք, որ մեզ տրամադրեն ծառայությունների բացվածք, տեսնենք՝ արդյոք մենք ուզո՞ւմ ենք, որ դրանք լինեն, խոսքը հավելյալ ծառայությունների մասին է, թե՞ ոչ։ Բայց մեզ հրաժարվում են որևէ բան տրամադրել, կոպիտ ասած՝ էսպես ենք ուզում, էսպես ենք անում սկզբունքով»,- ասում է բնակիչ Վաղարշ Աբգարյանը։

Հավաքվածները պատմում են, որ երբ հրաժարվել են վճարել առաջարկվող սակագինը, դեկտեմբեր ամսից սկսել են զգալ դրա հետևանքները։ Նրանց խոսքով՝ իրենց ճնշելու հիմնական լծակը ջուրն է։ Կամայական պահի կարող են անջատել կամ իջեցնել ջրի ճնշումը։ Շենքի բնակիչները «Վեոլիա Ջուր» ՍՊԸ-ի բաժանորդներ չեն, ջուրը նրանց բաշխում է հենց կառուցապատողը։ Բնակիչներն անգամ հասանելիություն չունեն իրենց ջրաչափերին։ Դրանք թեև տեղադրված են հարկերում, սակայն փակ են, բռնակները՝ հանված, այնպես, որ մարդիկ չկարողանան բացել և հետևել օգտագործված ջրի ծավալին։

«Արդեն երկու օր է՝ մեր տան վարձակալների բնակարանում ջուր չկա։ Իջա իրենց գրասենյակ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա, պատասխանեցին՝ քանի որ սպասարկման վճարը չեք վճարել, դրա համար ջուր չկա։ Ասում եմ՝ բայց ես ջրի համար ամեն ամիս վճարում եմ, դա ի՞նչ կապ ունի։ Ընկերության ներկայացուցիչը՝ Մանե Հախինյանը, ում հետ խոսում էի, ասաց՝ սպասարկման պայմանագիրը երբ ստորագրեք, ջուրը կլինի»,- ասում է շենքի բնակիչ Սաթենիկ Սմբատյանը։

Սաթենիկի և քրոջ բնակարանները կողք կողքի են։ Քույրն ապրում է ԱՄՆ-ում և տունը վարձակալությամբ է տվել։ Դեպքից հետո կապվել է կառուցապատող ընկերության ներկայացուցչի հետ, փորձել պարզաբանում ստանալ, ասել են, որ պետք է ստորագրի պայմանագիրը, սակայն երբ ուղարկել են պայմանագիրը Սաթենիկի քույրը հրաժարվել է, քանի որ այն չի ունեցել հստակ կետեր ծառայությունների մատուցման վերաբերյալ և եղել է շատ ընդհանրական։ Դրանից հետո Սաթենիկն ասում է, որ քրոջ համարն արգելափակել են։ Նա կարծում է, որ հատկապես թիրախավորում են այն մարդկանց տները, որոնք ավելի խոցելի են, ինչպես օրինակ իրենց այլազգի վարձակալները, որպեսզի տան տերը այդ ճնշման տակ ստորագրի։

«Վերևի հարկում, մի երիտասարդ ընտանիք կա, հենց Նոր տարվա նախաշեմին ջուրն անջատեցին, ստիպված այլ տեղ գնացին Նոր տարին անցկացնելու։ Էդ մարդիկ էլ, քանի որ չէին ուզում աղմուկ անել, ստիպված ստորագրեցին պայմանագիրը, որից հետո ջուրը միացրին»,-ասում է Զարուհի Ղարիբյանը։

Ով է Մալխասյանց 4-ի կառուցապատողը և ինչ է առաջարկում բնակիչներին

Մալխասյանց 4 հասցեում գտնվող 13-հարկանի շենքի կառուցապատողը 2017 թ․-ին հիմնադրված «Ա. Վ. Ա. Ս.» ՍՊԸ-ն է։ Բնակիչները իրենց առուվաճառքի պայմանագիրը հենց այս ընկերության հետ են կնքել։ Ընկերության 100 % բաժնետերը և տնօրենը Արման Շվագիրն է, բացի «Ա. Վ. Ա. Ս.» ՍՊԸ-ից Շվագիրը ունի ևս մի քանի ընկերություններ, որոնք զբաղվել կամ զբաղում են շինարարական գործունեությամբ։ Դրանցից է CBS-ը՝ «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ն։ Համաձայն ընկերության կայքում նշված տեղեկատվության CBS-ի նախագծերից են եղել Հայաստանի ամերկյան համալսարանի ուսանողական կացարանը, Կոնվերս բանկի մի քանի մասնաճյուղ, իրականացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի գրասենյակի վերանորոգման աշխատանքները և այլն։

«Ա. Վ. Ա. Ս.» ՍՊԸ-ի գրասենյակը հենց Մալխասյանց 4 շենքի առաջին հարկում է, ուստի բնակիչներին հանդիպելուց և լսելուց հետո, զրուցեցինք նաև Արման Շվագիրի և «Հենք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Նարեկ Խալաթյանի հետ։ «Հենք» ՍՊԸ-ն կառուցապատողի կողմից առաջադրված ընկերությունն է, որը զբաղվում է սպասարկման հարցերով։ Բնակիչներն իրենց ջրի ծախսը փոխանցում են հենց այս ընկերության հաշվեհամարին։

Արման Շվագիրը մեզ հետ երկար ժամանակ շրջեց շենքում, ցույց տվեց, թե ինչ հնարավորություններ ունի համալիրը, ինչպիսի ծառայություններ է առաջարկում իր բնակիչներին։ «Այս ամենը էսպես պահելու համար առաջարկվող սակագինը ամենախելամիտն է»,- ասաց տնօրենը։

Հարցին, թե ինչպես է գոյացել սպասարկման համար պահանջվող 370 դրամ գինը, որը 117 %-ով ավելի է նախապես հայտարարվածից, Նարեկ Խալաթյանն ասում է, որ դրա համար իրենք երկար հաշվարկներ են արել։

«Շենքի պայմանների ներկայացումից մինչև դրանց կատարում էական ժամանակ է անցել, ու էդ ընթացքում մենք երկար ժամանակ հաշվարկել ենք ու հասկացել, որ կատարվող աշխատանքների համար անհրաժեշտ գումարը 370-ն է։ Ի սկզբանե որոշ ժամանակ մենք որևէ մեկին պայմանագրեր չենք առաջարկել, իրականացրել ենք սպասարկումը, հասել այս որակին, հետո նոր համոզվելով, որ որակը պահպանելու համար սպասարկման վճարն այդքան արժե, կապվել ենք բնակիչների հետ ու ներկայացրել պայմանագիրը»,- ասում է Նարեկ  Խալաթյանը։

Շենքի 8-րդ հարկում բնակիչների հետ մեր հանդիպմանը Արման Շվագիրը տեսախցիկով հետևում էր, ասում է, որ ամբողջ շենքում բողոքողներն ընդամենը մոտ տասը հոգի են, և չի հասկանում, թե ինչու չեն ուզում գալ և իր հետ անմիջապես խոսել։

«Հիմա դուք այդ 10 հոգու դժգոհությունն եք լսել, բայց շենքի շատ բնակիչներ՝ ներառյալ ես գոհ ու շնորհակալ ենք, որ էստեղ բնակարաններ ունենք ու մեր ընկերներին, քույրերին, եղբայրներին խորհուրդ ենք տալիս, որ էս նոր կառուցվող երկրորդ շենքում էլ իրենք բնակարաններ ձեռք բերեն»,- ասում է Շվագիրը։

Բնակիչները պատասախանում են, որ առնվազն 73 սեփականատեր՝ շենքի մեծ մասը, ընդ որում՝ ոչ բոլորի հետ են կապվել, միացել է իրենց դիմումին, երբ պահանջել են տրամադրել ծախսերի բացվածք, թե ինչ ծառայություններ են իրականացվում, որոնք ի սկզբանե ասված 170 դր․ սակագնի մեջ չկային։

Զարուհի Ղարիբյանն ասում է, որ նույնիսկ աղբահանության և վիտրաժային ապակիների մաքրում չի իրականացվում, ինչը նախատեսվում էր անել։ «Հենք» ՍՊԸ-ի փոխտնօրենը պատասխանում է, որ դա ժամանակի հարց է, իրենք հիմա լավագույն լուծումն են փորձում գտնել։

«Մենք այն ժամանակ չէինք նախատեսել, որ օգտագործելու ենք այս տիպի տեխնիկա, նյութեր, որ անվտանգությունը լինելու է այս մակարդակի։ Բոլոր նրանք, ովքեր եկել են մեր գրասենյակ, բացատրել ենք ու ներկայացրել իրենց։ Ծառայությունները ներառում են շենքի մաքրություն, բակի խնամք, վերելակի սպասարկում, անվտանգություն։ Աշխատողներով, նյութածախսով, գալիս է էդ գինը, իսկ մնացած բաները մեր կողմից իրենց բոնուս է։ Մենք էստեղից շահույթ ստանալու խնդիր չունենք, մենք ուզում ենք ստանալ տարածաշրջանի լավագույն համալիրներից մեկի որակում»,-ասում է Նարեկ  Խալաթյանը։ Բոնուս ասելով՝ Խալաթյանը նկատի ունի մարզասրահը, երեխաների համար նախատեսված սենյակը և հանդիպումների համար նախատեսված սենյակը։

Արման Շվագիրը չի հասկանում հատկապես այն մարդկանց դժգոհությունը, որոնք, իր խոսքով, ամսական 600-700 հզր դրամով բնակարանը վարձով են տալիս ու դժգոհում 14-15 հզր դրամ ավել վճարից։

Անդրադառնալով բնակիչների բողոքին, որ իրենք հասանելիություն չունեն իրենց հարկերում եղած պահատուփերին, որտեղ ջրաչափն է՝ Շվագիրն ասում է, որ այդ պահատուփերում ինժեներական կոմունիկացիաներ կան, և բնակիչները չպետք է դրանց ձեռք տան, քանի որ հնարավոր է վնասեն կամ սխալ բանի ձեռք տան և իրենց վնասեն։

Բնակիչներն ասում են, որ շենքի ներկայացուցիչների հետ ցանկացած խոսակցություն որևէ ընդհանուր լուծման չի բերում, քանի որ նրանց առաջարկը մեկն է՝ դիմել դատարան։ Մինչ այժմ բնակիչները այս հարցով դիմել են մի քանի մարմինների՝ ՄԻՊ գրասենյակ, որտեղից պատասխան չի եկել, վարչապետի աշխատակազմ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, Երևանի քաղաքապետարան։ Այնտեղից պատասխանել են, որ «Հենք» ՍՊԸ-ն զբաղվել է ինքնագործունեությամբ, մասնավորապես առանց սեփականատերերի մեծամասնության հետ հաշվի նստելու փորձում է զբաղվել շենքի կառավարմամբ՝ ստեղծելով արհեստական խոչընդոտներ: Եթե տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա գործողությունը իրենից ներկայացնում է ինքնիրավչություն, և դրանով պետք է զբաղվեն օրինապահ մարմինները։

Հարցին, թե ինչպես է կառուցապատող ընկերության տնօրեն Արման Շվագիրը, ի վերջո, պատկերացնում խնդրի լուծումը, պատասխանում է, որ իրենք համբերատար սպասում են։

«Հիմա անկախ էդ մարդիկ վճարում են էդ սպասարկման գումարը, թե չէ, միևնույն է վերելակը աշխատում է, ուրիշ ծառայությունները գործում են, չէ՞։ Մենք էլ համբերատար սպասում ենք մինչև էդ մարդիկ գիտակցության գան ու սկսեն վճարել, եթե չէ, ուրեմն էդ տասը բնակիչն էլ թող չվճարի, ինչ ասեմ»,- ասում է Շվագիրը։

Մալխասյանց 4-ի բնակիչները նույնպես դեռևս սպասում են իրենց դիմումների պատասխաններին և խնդրի արտադատական կարգով լուծմանը, հակառակ դեպքում չեն բացառում նաև կառուցապատողի դեմ դատական հայց ներկայացնելը։

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ
Եթե կառուցապատողը պատասխանի մի պարզ հարցի, թե ինչու բացվածքը չի ներկայացնում բնակիչներին, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Իրենց օրենքից դուրս են համարում երևի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter