
Վաշինգտոնը հավատում է Երևանի ու Բաքվի միջև ամուր խաղաղությանը
Միացյալ Նահանգները հավատում է Երևանի ու Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման հնարավորությանը։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանթ Փաթելը։
«Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Սա այն է, ինչի ուղղությամբ Պետքարտուղարությունը կշարունակի աշխատել: Համակարգող Լուի Բոնոն, պետքարտուղարը և մյուսներն ակտիվորեն շարունակում են անել դա»,- ընդգծել է Փաթելը։
Նախօրեին հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային անդրադարձել էր նաև Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք աջակցում ենք խաղաղության պայմանագրին, կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը։ Մեզ ոգևորում է այն, որ երկու երկրներն ունեն առողջ խաղաղության օրակարգ»,- պնդել էր ամերիկացի դիվանագետը։
Փոխպետքարտուղարի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները քաղաքական, տնտեսական և անվտանգային հարցերում լավ հարաբերություններ ունի Երևանի ու Բաքվի հետ։
«Մենք կարծում ենք, որ կողմերի միջև խաղաղության ձեռքբերումը տարածաշրջանային տնտեսական զարգացման հնարավորություններ կստեղծի»,- եզրափակել էր ամերիկացի պաշտոնյան։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել