
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հայտնում է վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
«Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։
Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)»,- գրել է փաստաբանը:
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` 18:00-ին:
Հիշեցնենք` Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։
«Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապել է Արամուս, ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվել արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։
Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը (Պաշտպանության նախարարության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան, խմբ․):
Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:
Հանգամանքները պարզվում են»,- հաղորդել էր Ոստիկանությունը:
Մեկնաբանել