
Տիրան Խաչատրյանը կալանավորվեց
Դատավոր Գագիկ Պողոսյանը 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին: Այս մասին հայտնում է վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանը:
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):
Ըստ այս հոդվածի` Տիրան Խաչատրյանին սպառնում է ազատազրկում` չորսից ութ տարի ժամկետով:
Ավելի վաղ Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ չնայած Տիրան Խաչատրյանի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչը կալանքի միջնորդություն էր ներկայացրել:
Հիշեցնենք` Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։
«Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապել է Արամուս, ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվել արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։
Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը (Պաշտպանության նախարարության ԶՈւ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան, խմբ․):
Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ` 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում»,- հաղորդել էր Ոստիկանությունը:
Մեկնաբանել