HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Գրքում ես Մեղրին չուզեցի քարուքանդ տեսնել»․ Զավեն Խաչիկյան

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի հիշողություններում Մեղրիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատերը ներկված էին սպիտակ, և տակից ոչինչ չէր երևում, իսկ եկեղեցին կոլտնտեսության խոտի պահեստն էր։ Հետո պիտի պատերի սպիտակ ներկերը քերվեին ու երևան դուրս գային աստվածաշնչյան թեմաներով որմնանկարները։ Իսկ ավելի հետո դրանք կտպվեին Մեղրիի և լուսանկարչի մանկության մասին պատմող ֆոտո-էսսեում՝ «Ամառը գույն ունի» գրքում։

Գրքում լուսանկարների ժամանակագրական հաջորդականություն չկա, կան և՛ արխիվային, և՛ նոր լուսանկարներ։ Զավեն Խաչիկյանն ուզել է, որ դիտողի մոտ շփոթմունք առաջանա․ ե՞րբ է արվել լուսանկարը՝ մե՞կ, տա՞սը, թե՞ քառասուն տարի առաջ։

Ֆոտո-էսսեի հիմքում ասոցիացիաներն են, որոնք հեղինակը ստեղծել է` համադրելով պատկերները, ձևերը ու գույները։

«Ես չեմ կարող լուսանկարել Փարիզն ու ասել, որ սա Մեղրիում է, բայց կարող եմ այնպես լուսանկարել Մեղրին, որ այնտեղից երևա Փարիզը ». Զավեն Խաչիկյան։

Ինչպե՞ս որոշեցիք, որ գիրքը պետք է Մեղրիի մասին լինի։ Ի՞նչ կարելի է գտնել գրքում։

Գիրքը սկսելիս թեման դեռ Մեղրին չէր. մաքուր լուսանկարչական մի բան էի փորձում անել, իսկ մանկությանս ընկերը՝ Աշոտ Օհանյանը, հարցրեց՝ էնտեղ Մեղրիից նկարներ կլինե՞ն։ Ասացի՝ իհարկե, բայց Մեղրին հատուկ «ֆոկուսում» չէ, ասաց` դե արի նախ Մեղրին «ֆոկուսի» բերենք, զիլ կստացվի, ասացի` կարող է ստացվել մի գիրք, որը քո ուզածը չէ. դու մշտապես էնտեղ ես ապրել, դու քո հայացքն ունես, ես էլ մանկությունից հետո վարագույրը փակել եմ ու դուրս եկել: 

Հազվադեպ էի լինում Մեղրիում, նաև դժվար էր Մեղրի հասնելը: Դեռ 80-ականներին, Մեղրի գնալու համար վիզա պետք է ունենայիր, շատերը չեն հասկանում, թե սա ինչ էր։ Որոշեցինք, որ թեման Մեղրին է լինելու:

Գիրք անելիս դժվարը թեման որոշելն է. եթե որոշեմ, ուրեմն կարող եմ մեկ ամսից գիրք հրատարակել։ Նախ պետք է համոզված լինեմ, որ արժեքավոր մի բան է ստացվելու. ոչ ժամանակի, ոչ էլ ֆինանսների վատնում։ Սկսեցինք քչփորել: Պատմաբան Անի Հակոբյանը զբաղվեց նեգատիվների սքանավորմամբ, «դժվար» հարցեր տվեց: Պարզվեց, որ շատ բաներ ունեմ, իսկ որոշ ցանկալի լուսանկարներ բացակայում են: Եթե պակասը լրացնելու նպատակով սկսեի նորից լուսանկարել Մեղրին, այն կլիներ մի ուրիշ գիրք, բայց ոչ 70-ականներին ապրվածը:  

Գիրքը վաղուց պատրաստ էր տպագրությանը, սակայն արցախյան դեպքերի հետ կապված տրամադրություն չկար. ո՞ւմ համար, ինչի՞ համար, երկիր չունես, տեսլական չունես։ Մի պահ ուզում էի արխիվս դեն նետել: Նորմալ մարդը պիտի որ հասկանա` երկրի մի մասը կորցրինք, թող լինի` ժամանակավոր, ինչևէ, տրամադրող չէ իրավիճակը:

Մեղրին նկարելիս այն մտքին չեմ եղել երբեք` բա որ հանկարծ մի օր այն «միջանցք» դառնա, ոնց` Շուշին «անմիջանցք», հետո էլ «մտավորական-կրավորական» կեցվածքով սկսենք «մտապատկերներով» խոսել դրա մասին: Երբ տարեց մեկին եմ նկարում, գիտեմ` վաղ թե ուշ, Աստծո մի օր մահանալու է, բայց երբեք չի կարելի մարդուն լուսանկարել՝ մտքին հենց դա ունենալով: Մեղրին երբեք այդպես չեմ ընկալել. ինքդ ու ծննդավայրդ նույն հարաբերության մեջ եք կյանքիդ ամբողջ ընթացքին, ինչպիսին դու և ծնողներդ: Պարզապես ուզեցի մտովի գնալ իմ մանկության վայրը, առավել ևս, երբ նեղն ես ընկնում, սկսում ես ինքդ քեզ փնտրել մանկության հուշերում:

Նաև փորձում էի ազատվել նախորդ օրերի բեռից` առաջ գնալ, սա է իմաստը ստեղծագործելու։ Գիրքը արեցինք, որովհետև այն մարդկանց հետ տանելու հատկություն ունի. էջերը մեկ-մեկ թերթելու, արանքում բաներ փնտրելու հատկություն։

Գրքում լուսանկարների կողքին նաև որմնանկարներ կան, որտեղի՞ց են դրանք։

Մեղրին անկրկնելի քաղաքաշինություն է ունեցել, եկեղեցին յուրօրինակ պատկերասրահ է, որի պատերը մեր մանկության տարիներին ամբողջովին սպիտակ էին ներկած. կոլտնտեսության խոտի պահեստն էր, մենք չգիտեինք, թե ինչեր էին թաքցված այնտեղ, նույնիսկ հիմա, երբ շատ տարիներ անց մաքրել են սպիտակ ներկը, հեղինակը հայտնի չէ: 

Հետո կոմունիստական ինչ-որ ապուշ լիդերի հրամանով դատարկեցին լեռնային գյուղերը, Մեղրիի պատմական թաղամասում այլանդակ բազմահարկեր ցցեցին, հետո էլ լեռնահանքային հետախուզական աշխատանքների արդյունքում պարզեցին, թե ոսկի կա սարերում, հանքերը հասան Կուրիս-Գուդեմնիս-Վարհավար գյուղերը: Եթե մեր մտքում Մեղրին հանք է, ուրեմն, մեր ուղեղներն արդեն աղտոտված են։ Դրա հոտն առան ազերիները, սկսեցին լեռների լանջերին մեծ տառատեսակներով շամփրել ալիևյան կարգախոսը` широко шагает азербаиджан: Հայկական եկեղեցական որմնանկարչություն՝ սպիտակ ներկով ծածկված ու ազերական լեդ-արտ` լաց ու խնդություն, «սաղ լինեն բոլշևիկները»:

Դարեր առաջ` պարսկական լծից ազատագրման տարիներին, մենք քաղաքաշինություն չունեինք, գեղանկարչություն չունեինք, Մեղրիում կառուցվելիքը ոճով տարբերվելու էր Արևելյան Հայաստանի տարածքում եղածից. սա հետաքրքիր ուսումնասիրության թեմա է։

Մեղրու` նեղլիկ սալհատակ փողոցներով, քաղաքատիպ պատշգամբներով բնակարանաշինությունը յուրօրինակ էր. տեղ-տեղ հունական Սանտորինիի փողոցներին նմանվող: Շուշի, Մեղրի, Գյումրի․ քաղաքատիպ մշակույթներ են սրանք, կարծում եմ: Գրքում որոշ որմնանկարներ տեղադրել եմ: Բարդ էր շատ նյութ մատուցելը, քանի որ կային գունավոր, սև-սպիտակ ֆոտոներ, մանկությունից մնացած հուշեր, ամենօրյա լուսանկարներ: Բնապահպանությանն ու քաղաքականությանը չուզեցի ձեռք տալ: Ես չուզեցի Մեղրին քարուքանդ տեսնել, դրա համար այսպես կառուցեցի գիրքը։

Գրքում շատ մարդկանց, հավանաբար, մեղրեցիների լուսանկարներ կան, կարևո՞ր է, որ նախքան լուսանկարելը հաղորդակցվեք, ճանաչեք նրան, ում լուսանկարում եք։

Սիրում եմ մարդկանց միջավայրում լինել նրանցից մեկը, ապրել, շնչել, հասկանալ, անծանոթ մեկին բացահայտել. աշխարհը հասկանալ դիմացինի միջոցով։ Ճամփորդելիս անհատը գնում է աշխարհի բազմազան ձևերի մեջ, ուրիշ մի վայրում ինքն իրեն փնտրելու: Կարևոր է ապրումակցել մարդուն, քանի որ տվյալ անհատի միջոցով է Տիեզերքի հետ քո կապը հենց այդ պահին. պատրաստ լինելդ է ստուգվում այդ պահին։ Էդպես էլ՝ ես Մեղրիում։

Եթե չես ապրել օրը, չես սպասել նրան, միգուցե, հետաքրքիր ֆոտոներ ի հայտ գան, բայց դրանք լիարժեք լուսանկարչական չեն լինելու, չեն համոզելու, ջնջվելու են քո, մյուսների ուղեղից։ Եթե չես ապրել, բա ի՞նչ ես անում. գի՞րք, ֆոտո՞, ուզո՞ւմ ես վաճառել դրանք, ուզո՞ւմ ես զարմացնել այն ամենով, ինչն արդեն կար Հին Հունաստանում, առ այսօր եղածը աշխարհում:

Գրքում կա՞ լուսանկարների հաջորդականություն։

Ալբոմի դեպքում պարտադիր չէ այն, գրքի դեպքում կարևոր է, թե ինչ կերպ կզարգանա սյուժեն, հետ գնա, թե` առաջ, ասոցիացիաներ պիտի ծնվեն, հետո՝ գլուխները, սկիզբն ու վերջը գան հանդիպեն։ Իրականում բարդ ընթացք է, միայն դիզայների որոշելիքը չէ, այլև` հեղինակի։ Ֆոտոները մեծ չեն, ալբոմային չեն. փոքրամարմին գիրք է:

Օրինակ՝ որմնանկարներով մի էջ կա, հանդիպակաց էջին արքայախնձորենի (կառալյոկի ծառ) սա պայմանական, ասոցիատիվ, հումորային կապ է` Ադամն ու Եվան, խնձո՞ր, թե՞ կառալյոկ: Կամ էլի որմնանկարներ են` համակցված կենցաղային ինչ-որ իրավիճակներին։ Մյուս կողմից էլ, խտացումները գրքում ըստ գույների են: Փորձել եմ լուսանկարներով տեքստ կազմել: Սա ֆոտո-էսսե է:

Հիմա շատերը սիրում են ասել` «ֆոտոսթորի եմ անում»․ հերոսին էստեղ նկարել, էնտեղ նկարել, զրուցելիս, դրսում, բայց դա ինձ համար պրիմիտիվ ու հնացած է: Նախընտրում եմ պատումի ասոցիատիվ ձևը, որը առաջ է գալիս լուսանկարից։ Գրքում երբեմն փորձել եմ դիտողի մոտ շփոթմունք ստեղծել. սա ներկա՞ն է, թե՞ տասը, քառասուն տարի առաջվանը։

Կա՞ն լավ ու վատ ֆոտոներ, թե դա յուրաքանչյուրի ընկալումից է կախված։

Գրքի մեջ ֆոտոները ռիթմ են ստեղծում, տեքստ կառուցում, մոտիվացնում, բացահայտում։ Այն սկզբունքով չեմ առաջնորդվել, որ միայն լավերը լինեն գրքում. հարյուրավորները դուրս եմ թողել։ Մանկության տարիները հուշող պատկերներ կան: Մարդիկ կային, որոնց լուսանկարները ուզում էի զետեղել գրքում` չստացվեց, ռիթմից դուրս մնացին։ 

Հաճախ եմ կրկնել` չկա «վատ ֆոտո», նույնիսկ, եթե գույնը խամրած լուսանկար է: Իսկ եթե ափիդ մեջ պապիդ միակն լուսանկարն է՝ այն արդեն անկրկնելի է։

Ասում են՝ «ֆոտոյի միջոցով մեկի կերպարը բացահայտել», նման բան չկա: Ենթադրեք, դու մի գեղեցկատես, լավ մորուքով  ծերունի ես լուսանկարել՝ լույսը տեղը տեղին, բայց հո չստացվեց, որ դու բացահայտել ես այդ մարդուն. ոչինչ էլ չգիտես մարդու մասին, կարծում եմ: Լավ լուսանկարը մարդկանց մոտ բազմազան զգացումներ է առաջ բերում: Նա մտովի ճամփորդում է այն վայրը, փնտրում է իր ապրած- տեսած կյանքը, իրեն ծանոթը: Լուսանկարդ զննելու պահին վերապրում է անցյալը` իր անցյալը, տարբեր հանգույցների կապերն է քանդում` հանգուցալուծում, ի հայտ է բերում տարաբնույթ ասոցիացիաներ, նա նորից հայտնաբերում է իր պապին, հայոց լեզվի իր ուսուցչին․ սա է լավ լուսանկարը գրքում։ Լավ լուսանկարը թղթին «պատահաբար» ստացված մակերեսն է, որտեղ օրինաչափություններ ես բացահայտում, որտեղ դու հետ ես մղվում: Լուսանկարը ժամանակի առանցքին շարժումը չի պատկերում. այնտեղ հետընթաց հոսանքի մեջ ես։

Գիրքը երբ ավարտեցիք, հրատարակեցիք, փակեցի՞ք այդ էջը ձեզ համար, թե՞ էլի շարունակելու եք նկարել Մեղրին։

Պետք է Սարոյանի ասածը կրկնեմ. հաճախ թվում է, թե կյանքիդ ամբողջ ընթացքում նույն բանն ես անում։ Թեմաներ կան, որ անընդհատ նկարում եմ, տեղեր կան, որ երկու-երեք անգամ եմ գնում։ Թեմաներ կան, որոնք շոշափում եմ, հետո հանգիստ թողնում, այնուհետև` նորից անդրադառնում: Որևէ մեկը չի պարտավորեցնում ինձ, թե ինչ լուսանկարեմ. նատյուրմորտ կլինի բացահայտվելիքը, բնանկար, թե մարդ, նույնն եմ` մտքերս տարբեր ֆորմաների հետ։ Լուսանկարչության միջոցով փնտրում եմ երկիրս, նրա մարդկանց, նրա ապագան, հաշվում կորուստները, հիմա` արդեն Արցախը…

Ձեզ բավարարում է գիրքը, ստացա՞ք այն, ինչ ցանկանում էիք։

Կուզենայի իմ ուզած թուղթը լիներ. թերին միշտ ուղեկցում է մեզ: Գիրքն ասկետիկ է, չափերը՝ փոքր։ Նրանք, ովքեր ալբոմային չափերի լուսանկարներ էին սպասում, պիտի կանգ առնեն այս դեպքում. փոքր լուսանկարը ստիպում է ընթերցողին զննել, աշխատել, պրպտել:

Թե ինչ կվերցնեն մարդիկ, դա ուրիշ խնդիր է, եթե ինձ դուր չգար, ուրիշ բան կանեի։ Մյուսներին դուր կգա, թե՞ ոչ սա ուրիշ հարց է: Այսօր հասարակությունը շատ տարբեր է։ Նույնիսկ այն ժամանակ՝ 80-ականներին, թերթում աշխատելու տարիներին, ասում էին՝ պիտի էնպես նկարես, գրես, որ բոլորը հասկանան: Շատ բան էլ չկար հասկանալու: Խմբագրի տեղակալ Այդին Մորիկյանի օրոք սկսեցի լրագրողական մի ժանր զարգացնել, որը հայ լրագրության մեջ նորույթ էր. ձև ու բովանդակություն: Ի՞նչ իմանամ՝ մարդիկ ոնց են մտածում: Դեռ էն ժամանակ ուզում էի հասկանալ, թե ես ինչ եմ ուզում անել, իսկ հիմա անում եմ այն, ինչը ճիշտ եմ համարում։ Հիմա նույնիսկ ժամանակ չունեմ մտածելու գոհ եմ, թե ոչ, քանի որ շատ-շատ բաներ ունեմ անելու՝ նախագծեր, թեմաներ։ 

Որոշ լուսանկարներում համակարգչային միջամտություներ կան՝ գույներ, խտացված երանգներ, սա ի՞նչ էֆեկտ է տալիս։

Որոշ լուսանկարներում օգտագործել եմ ֆոտոշոփը, որոշ գույներ եմ փոխել, սա ծառայում է բովանդակությանը: Ասոցիացիաները տանում են մի քիչ դեպի Մեղրի, մի քիչ` Սանտորինի, մի քիչ էլ` Արևմուտք։ Գրել գյուղի մասին չի նշանակում պատկերել միայն այդ գյուղը: Մեղրիի շուրջը զրուցելիս ես այն տանում, տեղադրում եմ աշխարհի քաղաքակրթության մեջտեղում. տեքստի դեպքում դա մի ձև է արվում, լուսանկարային գրքում` մեկ այլ կերպ: Ես չեմ կրում էն բարդույթը, թե գյուղի մարդը պարտադիր գավառական թմբիրի մեջ պիտի ապրի։ Մարդը հավաքական անհատն է: Ինձ միևնույն է, Մեղրիում կլուսանկարեմ, թե Փարիզում, կարևորն այն է, թե ես ինչ եմ մտածում այդ պահին աշխարհի մասին: Ես չեմ կարող լուսանկարել Փարիզն ու ասել, որ սա Մեղրիում է, բայց կարող եմ այնպես լուսանկարել Մեղրին, որ այնտեղից երևա Փարիզը:

Ձեզ համար Մեղրին և ամառը ի՞նչ գույն ունեն։

Ամառը գույն ունի, Մեղրիում ամառը մանկության գույն ունի։ Յուրաքանչյուրիս ամառը իր մանկության գույնն ունի. բնության, արևի ջրի հետ մենք մերկ էինք ու ազատ։ Գրքի վերնագիրը պայմանական է, ինչպես մյուս գրքերիս վերնագրերը՝ «սև, սպիտակ, եռագույն» կամ «Հոսող ջուր»։ Այդ վերջինը ջրի մասին չէ, այլ փոխվելու, գնալու, տալու-վերցնելու, փոփոխվելու: Գիրքը կազմելիս աչքիս առաջ հաճախ Սարոյանն էր. նա էդպես էլ միշտ մանուկ մնաց։ Ուզեցի, որ մեկ տողով նրա խոսքը ներկա լինի գրքում․ «Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից․ դեռևս առավոտ էր, բայց ամառ էր, և բավականին լույս կար, որպեսզի զգայի, որ երազի մեջ եմ»։

Ո՞ւմ համար է գիրքը

Պետք չէ, որ գիրքը բոլորին ամեն ինչ ասի, սա զբոսաշրջմոլիկի ալբոմ չէ։ Արդեն 4-րդ գիրքս է ու գիտեմ, որ մարդիկ հետին թվով հիշել-ասելու են՝ հա, լավ էր, բա շուտ ասեիր։ Մեծ հաշվով, այն հատուկ որևէ մեկին պետք էլ չէ, ու ես էլ էն գիտակցումով չեմ արել, թե հայտնի լուսանկարիչ եմ` Մեղրիի փրկիչ. ուղղակի մեկ-մեկ ուզում եմ ընկերներիս հետ գնալ դեպի հուշերը, սարերը, դեպի մաքուր լուսանկարը, նաև որոշ մարդկանց հաղորդակից դարձնել տեսածիս՝ ոչ հաճախ:

Լսում եմ՝ մարդիկ հաճախ են ասում՝ «Վա՜յ, մի հատ ապարատ լիներ այդ պահին ձեռիս տակ` պահը կորցրի»: Ի՞նչն էր, որ էլ չես ունենալու։ Եթե գրող ես կամ՝ լուսանկարիչ, ուրիշ մի տեղ ես փնտրելու մտքով տեսածը, ու եթե լավն ես, ուրեմն գտնելու ես այն, ինչի տերը միայն պահը չէր, նորից ու նորից կրկնվելու է անկրկնելին: Թվում է, թե այդ արևագալն էլ չի լինելու, «էդ մայրամուտից էլ չի լինելու», լինելու է, ուրիշ մի վայրում գտնելու ես, եթե պահի խորհրդին հետամուտ ես միշտ։ Ինչ-որ մի լավ բանում ապրել ես կյանքդ, ամենևին էլ պարտադիր չէ, որ բոլորն իմանան այդ մասին, շարունակիր ինքդ քեզ համար հանգիստ ապրել, հետո մի ուրիշ տեղ այն կփնտրես, ու հենց գտնես, կասես` փաստորեն էստեղ էլ կար անկրկնելին։

Դու որևէ բան չես փնտրում, որովհետև մեր անձին անտեղյակ մի վայրում նրա գոյությունը ինքնին կա, իսկ դու, տարբեր վայրերում փնտրելով, «պատահաբար» այն հայտնագործում ես հենց քո ներսում։

Այդպիսինն է Սերը, Հայրենիքը, Մեղրին … որի ամառն ամեն ինչի գույնն ունի:

Այն, ինչ ունես, դեռ չի նշանակում, թե քոնն է: Այն, ինչ քեզանից խլել են, ասում են` չկա, դեռ չի վկայում փաստը, թե գոյություն չունի. ինչ-որ մի տեղ Տիեզերքում դեռ լռում է զանգը:

Լուսանկարները տրամադրեց Զավեն Խաչիկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter