HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփն Այովայում հաղթել է ներկուսակցական քվեարկության I փուլում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Հանրապետական կուսակցության ներկուսակցական քվեարկության I փուլի ժամանակ, որն ընթանում էր Այովա նահանգում, ստացել է կոկուսի (կուսակցության անդամների կամ աջակիցների հավաք, խմբ.) մասնակիցների մեծամասնության աջակցությունը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։ Գործակալության վերլուծաբանները, առաջին տեղամասերում քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, նախկին նախագահի հաղթանակն անխուսափելի են համարել:

Թրամփը ստացել է ձայների շուրջ 51 %-ը։ Նա հաղթել է նահանգի 99 շրջաններից 98-ում։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, որին աջակցել են Այովայի հանրապետականների 21,3 %-ը։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին երրորդ հորիզոնականում է։ Նա ստացել է ձայների 19,1 %-ը։ Գործարար Վիվեք Ռամասվամին էլ, որն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտարարել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Նա իր լիակատար աջակցությունն է հայտնել Թրամփին։

Այովայում ներկուսակցական ընտրությունները ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկուսակցական ընտրությունների ավանդական առաջին փուլն են։ Հաջորդը կդառնա Նյու Հեմփշիրի փրայմերիզը, որը կկայանա հունվարի 23-ին։ Նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության վերջնական թեկնածուն կորոշվի մինչև գարնան վերջ, իսկ արդեն կուսակցության հուլիսյան համագումարի ժամանակ կառաջադրվի որպես միասնական թեկնածու։

2023 թվականին Դոնալդ Թրամփը մեղադրյալի կարգավիճակ ստացավ չորս քրեական գործով։ Դատավարություններից առաջինի մեկնարկը նշանակված է մարտի 4-ին, սակայն պաշտպանական կողմի բողոքի հիման վրա այն կարող է հետաձգվել։ Նույնիսկ եթե Թրամփը մեղավոր ճանաչվի ու դատապարտվի ազատազրկման, դա չի զրկի նրան ընտրվելու իրավունքից։

Ամենայն հավանականությամբ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու կդառնա գործող նախագահ Ջո Բայդենը։ Նման դեպքերում կուսակցությունները սովորաբար առաջադրում են գործող նախագահի թեկնածությունը։ Սակայն Դեմոկրատական կուսակցությունը ևս փրայմերիզներ կանցկացնի։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Լուսանկարը՝ Jim WATSON / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter