HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Սիրո հոդված» սերիալի երիտասարդ դերասաններին չեն վճարել. պրոդյուսերի խոսքով՝ «Նուռ» հեռուստաընկերությունը գումարն ամբողջությամբ չի փոխանցել

2022 թվականին նկարահանվել ու ամիսներ անց՝ հոկտեմբերի 31-ից «Նուռ» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել «Սիրո հոդված» անվանումով սերիալը։ Սիթքոմ ոճի սերիալը նկարահանել է «Լոս Անջելես փրոդաքշն» ընկերությունը և վաճառել հեռուստաընկերությանը։

Սերիալի դերասաններից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, դիմել է «Հետքին» և պատմել, որ ինքն ու հեռուստասերիալում նկարահանված մի քանի դերասաններ չեն վարձատրվել։

Երիտասարդ դերասանի խոսքով, բազմիցս դիմել են նկարահանող պրոդյուսերին՝ Վարդգես Միրզոյանին, բայց նա տարբեր պատճառաբանություններով մինչ օրս չի վճարել։

«Նուռ» հեռուստաընկերությամբ («Արփի մեդիա ՍՊԸ») հեռարձակված սերիալը բաղկացած է 16 մասից։ Նկարահանումները, ըստ մեզ դիմած դերասանի, տևել են մոտ 50 օր։ Նկարահանումներին մասնակցել է  30 դերասան։ 

«Սկզբում մեզ տվեցին պայմանագրեր, որտեղ նշված չէր, թե ինչքան գումար պետք է ստանանք։ Պայմանագիրը մեկ օրինակից էր, մենք ստորագրել ենք դրա տակ։ Նկարահանումները տևել են մոտ 50 օր, որից հետո մինչև այսօր ոչ ոք գումար չի ստացել: Հեռուստասերիալում նաև նկարահանվել են հայտնի դերասաններ՝ Լևոն Հարությունյանը, դերասանուհի Արսինե Նավասարդյանը։ Նրանց գումարները տվել են, մնացած բոլորը, որոնց գումար չեն տվել, եղել են երիտասարդներ»,-պատմում է նա։

Երբ պրոդյուսեր Վարդգես (Վիկո) Միրզոյանը զանգերին չի պատասխանել, դերասանները դիմել են «Նուռ» հեռուստաընկերություն։ Այստեղ հայտնել են, թե պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը վաղուց փոխանցել են պրոդյուսերին, գնել են սերիալը, ու որ բոլոր հարցերով դերասանները պետք է կապ հաստատեն պրոդյուսերի հետ, հեռուստաընկերությունն անելիք չունի։

«Երբ գումարն ուզում ենք, ասում է՝ ես մեղավոր չեմ, որ սենց եղավ ու իմ երեխեքի բերանից կտրում ու քիչ-քիչ տալիս եմ, բայց շատ-շատերը կան, որ ոչ մի կոպեկ չեն ստացել էդքան տանջանքների դիմաց, ասում է՝ իբրև իրեն էլ են խաբել, մինչև վերջ չեն վճարել։ Բացի այդ, եթե գլոբալ նայենք, քասթինգ ստուդիաների միջոցով որևէ սերիալում նկարահանված դերասանները հիմնականում չեն վճարվում։   Երիտասարդ դերասանների նկատմամբ վերաբերմունքը լավ չէ»,-ասում է նա։

Դերասանները հիմնականում չեն բարձրաձայնում այս մասին, ավելի երիտասարդ ու անփորձ դերասանները նախընտրում են լռել, որպեսզի չզրկվեն հետագա առաջարկներից ու ֆիլմերում ընդգրկվելու հնարավորությունից։

«Հետքը» կապ հաստատեց սերիալի պրոդյուսեր Վարդգես Միրզոյանի հետ։ Վերջինս հայտնեց, թե «Նուռ» հեռուստաընկերությունն ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունները։ Խոստացված 10 մլն դրամի փոխարեն, ըստ Միրզոյանի, վճարել է 4 մլն 350 000 դրամ։ Վարդգես Միրզոյանի տեղեկությամբ՝ հեռուստաընկերության պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը սերիալի համար նախատեսված գումարի մի մասը յուրացրել է։«Նուռ» հեռուստաընկերությունից հայտնեցին, որ Ռուբեն Թումանյանն այժմ չի աշխատում։ 

«Ինձ էլ են խաբել, 4 մլն֊ով ո՞նց սերիալ նկարես, որի ամեն էպիզոդը մի նոր լոկացիայում է, էդքան դերասանի ո՞նց վճարես, ո՞նց կերակրես, ես 4 մլն եմ ստացել, բայց էդ սերիալի վրա 9 մլն ծախսել եմ իմ գրպանից»,-ասաց Վարդգես Միրզոյանը։

Վերջինս հավելեց, որ իրենց դիմած բոլոր անձինք վճարվել են։ 

«Ես իմ գրպանից վճարել եմ, շատ շատերին,վճարել եմ, որ էդ մարդիկ առանց վարձատրության չմնան, ով եկել ասել ա՝ ես քո մոտ նկարվել եմ, փող ստացել ա, իմ հիշելով՝ ես 80-90 %-ին վճարել եմ։ Հավաքարարն էլ փող ստացել է, հիասթափվել եմ, էլ սերիալ չեմ նկարելու, քանի որ հեռուստաընկերություններն էլ իրենց պարտավորությունները նորմալ չեն կատարում»,-ասում է պրոդյուսերը։

Վարդգես Միրզոյանը պնդում է, որ եթե սերիալում նկարահանված դերասանները չեն վճարվել, ապա դրանում իր մեղքի բաժինն ունի նաև հեռուստաընկերությունը, մասնավորապես՝ դրա պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը, որի հետ նախօրոք այլ գումարի շուրջ էին պայմանավորվել, հետո ասել է, թե չեն կարողանալու 10 մլն վճարել, վճարելու են 4 մլն 350 000 դրամ։

Վարդգես Միրզոյանը չի մտաբերում՝ պահպանե՞լ է պայմանագրի օրինակները, թե ոչ, բայց հիշում է, որ հեռուստաընկերությունը վճարել է նախատեսված գումարի միայն կեսը։

«Հետքը» կապ հաստատեց նաև «Նուռ» հեռուստաընկերության հետ։ Հեռուստաընկերության աշխատակիցը նշեց, որ ավելի ուշ կպատասխանեն մեր հարցերին։ Ժամեր անց զանգահարեց հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից՝ Տիգրանը, որն իր ազգանունը չնշեց։ Ասաց, որ զանգահարել է՝ հասկանալու, թե ինչ հարց ունենք։ Թեմային տեղեկանալուց հետո ասաց, որ պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը 2023 թվականից չի աշխատում հեռուստաընկերությունում, ինքն էլ համոզված է, որ հեռուստաընկերությունը վճարել է պայմանագրով նախատեսված գումարը։ Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկեց գրավոր հարցում ուղարկել հեռուստաընկերության էլեկտրոնային հասցեին։ Փորձեցինք կապ հաստատել նաև  «Նուռ» հեռուստաընկերության նախկին պրոդյուսեր Ռուբեն Թումանյանի հետ։ Վերջինս չպատասխանեց։

Հեռուստասերիալն այժմ ցուցադրվում է «Կինոդարան» առցանց կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter