HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

44-օրյա պատերազմից հետո պետության տրամադրած հավաստագրով Արցախում բնակարան գնած անձինք նոր հավաստագրեր կստանան

2022-ի փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագիր իրականացնելու մասին։ Որոշման համաձայն՝ հավաստագրով հնարավոր է բնակարան գնել Երևանում, Հայաստանի մարզերում և Արցախում՝ հիփոթեքային վարկի միջոցով։ Հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 10 տարի է։

Բնակարաններ գնել կամ կառուցել կարելի է՝

  • Երևանում, եթե անձը կամ նրանից սերված ընտանիքը, որոնք նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելը ունեցել են Երևանի հաշվառում։
  • ՀՀ մարզերում, եթե նախքան Արցախի Հանրապետությունում բնակվելը հաշվառված չեն եղել Արցախի Հանրապետությունում։
  • Եթե շահառու ընտանիքը չի համապատասխանում չափորոշիչներին ՀՀ մարզերում կամ Երևանում բնակարան գնելու կամ կառուցելու համար, ապա պետք է բնակարան գնի Արցախում։

Ծրագիրը, ուժի մեջ մտնելուց մինչ օրս, մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, վերջին անգամ՝ 2023-ի հունիսի 16-ին։ Շուտով որոշման մեջ կրկին փոփոխություններ կլինեն։ Դա պայմանավորված է Արցախում բնակարան գնելու անհնարինությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Հետք»-ին հայտնեցին, որ որոշման մեջ նախատեսված փոփոխությունը շուտով կներկայացվի Կառավարություն։

Ծրագրի թվային պատկերը

Ծրագրի շահառուների թիվը 4308 է, բայց նրանցից բոլորը չէ, որ օգտվում են այս ծրագրից։ Հավաստագիր տրամադրվել է 3765 շահառուի, որոնցից 1918-ն են օգտագործել իրենց հավաստագրերը։

Ծրագրի շահառուները բնակարաններ գնել են կամ կառուցել հիմնականում Հայաստանի մարզերում։ Մարդիկ նախընտրել են բնակարան գնել ավելի ապահով և Երևանին ավելի մոտ մարզերում։ 47% բնակարանները գնվել են կամ կառուցվել Կոտայքի և Արարատի մարզերում: Արցախում գնվել է 11 բնակարան։ Գնված եւ կառուցված բնակարանների աշխարհագրությունը տե՛ս ինֆոգրաֆիկայում։

Ի՞նչ խնդիրներ են եղել հավաստագրով բնակարան գնելիս

Անահիտ Գրիգորյանը ընտանիքի հետ միասին 1994 թվականին տեղափոխվել են Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք։ 2020-ի պատերազմից հետո կորցրել են իրենց բնակարանը և տեղափոխվել են Երևան։ «Պատերազմը որ սկսվեց, բոլորս տեղահանվեցինք, հույս ունեինք, որ պետք է վերադառնանք, բայց ինչպես որ գիտեք, չվերադարձանք»,- ասաց Անահիտը։

Բնակարան գնել են հավաստագիրը ստանալուց մեկ տարի անց։ Վարկեր ունեին ուշացրած։ Անահիտի խոսքով՝ ուշացրած վարկերը հիմնական խնդիրը չէին, բանկից փոխանցել են, որ գործող վարկեր ունեն, դրանց ամբողջական մարումից հետո կարող են օգտագործել հավաստագիրը։ Գրիգորյանների ընտանիքը մեկ տարվա ընթացքում մարել է վարկերը, որպեսզի կարողանա օգտագործել հավաստագիրը։ «Մեկ տարի հետո կարողացանք բանկի հետ գործարք անել։ Մինչև այդ մեկ տարին անցավ, տները թանկացան բավականին»,- ասում է Անահիտը։

Գրիգորյանները բնակարան են գնել Արարատի մարզի Նոյակերտ գյուղում։ Անահիտը պատմում է, որ մինչև բնակարան գնելը, որոշ ծախսեր իրենք են արել, մասնավորապես՝ 250 000 դրամ կանխավճար, 75 000 դրամ կադաստրային վճար և մոտ 25 000 դրամ էլ նոտարական վճար։

Ի՞նչ է սպասվում այն 11 ընտանիքներին, որոնք Արցախում են բնակարան գնել

44-օրյա պատերազմից հետո Արցախում բնակարան գնածներից մեկը Սասուն Հարությունյանն է։ Նա ծնունդով Քարին Տակ գյուղից է, Արցախի ՆԳՆ սպա։ Աշխատանքի բերումով տեղափոխվել է Շուշի, բնակարան է գնել, վերանորոգել։ Շուշիի իր տունը և Քարին Տակի հայրական տունը կորցրել է 2020-ի պատերազմին։ Սասունը և ընտանիքը՝ կինը, երկու երեխաները, տեղափոխվել են Ստեփանակերտ, երկու տարի վարձով բնակարանում ապրելուց հետո օգտվել են Կառավարության որոշմամբ հաստատված ծրագրից և բնակարան են գնել Ստեփանակերտում։ Բնակարանի գինը 15 մլն է եղել։ «Երեք միլիոնն էլ ես եմ ավելացրել, 10 ամիս եմ մնացել տան մեջ»,- ասաց Սասուն Հարությունյանը։

Հարությունյանների ընտանիքը երկու պատերազմների պատճառով երեք տուն է կորցրել, իսկ այժմ բնակվում են Երևանում՝ վարձով, երեխաները համալսարանում են սովորում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին, որ մշակվում է նախագիծ, որի հաստատումից հետո Արցախի Հանրապետությունում անշարժ գույք ձեռք բերած շահառուները հնարավորություն կունենան նույն հավաստագրով գույք ձեռք բերել Հայաստանում։

 

Լուսանկարը՝ «Հետք»-ի

Տվյալները՝ 2023թ․ դեկտեմբերի 11-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter