
«Լավ եմ ճանաչում Պուտինին ու Զելենսկիին, մենք արագ կավարտենք պատերազմը». Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Այովայում Հանրապետական կուսակցության փրայմերիզում հաղթելուց հետո, խոստացել է «շատ արագ լուծել Ուկրաինայում պատերազմի հետ կապված իրավիճակը»՝ վստահություն հայտնելով, որ կկարողանա երկխոսության հրավիրել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին, որոնց «լավ է ճանաչում»։
«Մենք Պուտինի հետ լավ լեզու ենք գտնում։ Մենք շատ լավ ենք լեզու գտնում։ Դա լավ է, վատ չէ: Եթե կեղծ լուրերը դառնային իրական և ազնիվ լուրեր, այս երկրում մեր խնդիրների 90 %-ը կլուծվեր: <...> Ուկրաինայի հետ կապված իրավիճակն այնքան սարսափելի է։ <...> Եվ մենք պատրաստվում ենք լուծել այն, մենք պատրաստվում ենք լուծել այն շատ արագ»,- հայտարարել է Թրամփը։
Այովայում իր ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել, քանի որ, ըստ իրեն, նրանք ունեն լավ հարաբերություններ։
«Ես շատ լավ գիտեմ նախագահ Պուտինին, ես շատ լավ գիտեմ Զելենսկիին, ես կարող եմ ներգրավել նրան։ Մենք դա շատ արագ կլուծենք։ Դա (պատերազմը, խմբ.) երբեք չպետք է լիներ»,- եզրափակել է Թրամփը։
Ավելի վաղ գրել էինք, որ Դոնալդ Թրամփը, Հանրապետական կուսակցության ներկուսակցական քվեարկության I փուլի ժամանակ, որն ընթանում էր Այովա նահանգում, ստացել էր կոկուսի մասնակիցների մեծամասնության աջակցությունը։
Թրամփը ստացել էր ձայների շուրջ 51 %-ը։ Նա հաղթել էր նահանգի 99 շրջաններից 98-ում։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, որին աջակցել էին Այովայի հանրապետականների 21,3 %-ը։ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիքի Հեյլին երրորդ հորիզոնականում էր։ Նա ստացել էր ձայների 19,1 %-ը։ Գործարար Վիվեք Ռամասվամին էլ, որն զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, հայտարարել էր նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։ Վերջինս իր լիակատար աջակցությունն է հայտնել Թրամփին։
Լուսանկարը՝ AP Photo/Andrew Harnik
Մեկնաբանել