«Սագամար» ՓԲԸ-ն ուզում է ուսումնասիրել «Չքնաղ-Արմանիս» տեղամասի 5000 հա տարածքը
Արմանիսի ոսկու հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ն ուզում է նոր տարածքներ ուսումնասիրել։ Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» հեռանկարային տարածքի երևակումներում 2024-2027թթ. երկրաբանական ուսումնասիրության նախագիծ։
Համաձայն նախագծի՝ հայցվող տեղամասը վարչական տեսակետից ներառված է Ստեփանավան խոշորացված համայնքի Արմանիս և Ուրասար, Փամբակ խոշորացված համայնքի Արջուտ և Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրերի հողերում:
Հայցվող տարածքը զբաղեցնում է մոտ 5149.7221 հա: Նախատեսվող գործունեության տարածքում Պետական կադաստրում գրանցված անտառային ֆոնդի հողեր չկան։
Հիշեցնենք, որ դեռևս 2022թ․ ամռանը, «Սագամար» ՓԲԸ-ն 5 բնակավայրի 1300 հա տարածքի համար էր հանրային լսումներ կազմակերպել, սակայն այդ ժամանակ սահմանները դեռ հստակեցված չէին։ Այժմ ընկերությունն ավելի շատ տարածք է ուզում ուսումնասիրել հեռանկարային պաշարները հայտնաբերելու նպատակով։
Հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին, Փամբակ համայնքի Արջուտ գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Սագամար» ընկերության կողմից փորձաքննության ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային 2-րդ քննարկումը։
Արմանիսի ոսկու հանքավայրը, հիշեցնենք, չի գործում 2015 թվականից։ Ընդերքօգտագործման իրավունքը ստացած «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետերերը ՌԴ քաղաքացիներ են. խոշոր բաժնեմասը ռուս մեծահարուստ Դմիտրի Տրոիցկունն է` 70,34 %-ը, որը ձեռք է բերել դեռևս 2008թ. հունիսի 24-ին: Մնացյալ 29,66 %-ի բաժնետերը նրա գործընկեր, ՌԴ մեկ այլ գործարար և միլիոնատեր Դմիտրի Կորժևինն է, բաժնեմասը ձեռք է բերել նույն օրը: Այս գործարարները ռուսաստանյան O'Kay հիպերմարկետների ցանցի հիմնադիրներն են: Վերջիններս նաև շահագործում են Վրաստանի Բոլնիսի շրջանի Սակդրիսիի հանքավայրը։
Մեկնաբանել