
Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին այն պայմաններով, որով պատրաստ է Իրանը
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհ ապահովել այն պայմաններով, որով որ պատրաստ է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Բաքվի այն հակադարձումներին, որ եթե Հայաստանը պատրաստ չէ ճանապարհ տրամադրել, ապա այն կանցնի Իրանի տարածքով, և մյուսը՝ եթե Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել, ապա Հայաստանի տարածքում ադրբեջանական տրանսպորտային միջոցների նկատմամբ հսկողություն չպետք է իրականացվի։
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ եթե Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցումը 47 կիլոմետր է (հարավային հատվածով), ապա Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է, այդ դեպքում ինչու՞ է Ադրբեջանը պատրաստ հսկողության ենթարկվել 49 կմ-ի համար, բայց ոչ՝ 47-ի համար։
Պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե որն է Հայաստանի հակաքայլը Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության դեմ, Փաշինյանը նշեց, թե Հայաստանի պաշտպանության գործոնը պետք է լինի միջազգային իրավական լեգիտիմությունը՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։
Մեկնաբանել