
Պապիկյանը մանրամասներ ներկայացրեց զինծառայող Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքների մասին
Ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի մահվան դեպքի վերաբերյալ եղել են պարտականությունները ոչ պատշաճ կատարած անձինք, և նրանք ծառայողական քննությունից հետո պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել էր զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․):
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ վերադաս հրամանատարության կողմից գրավոր հանձնարարական է եղել՝ այդ օրերին տեղանքում ոչ մի տեղաշարժ թույլ չտալ։
«Հատուկ բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տվյալ զինծառայողներից 4-ը շարունակել են մնալ իրենց դիրքերում, և միայն 2 օր անց է հնարավոր եղել նրանց իջեցնել դիրքերից և զորացրել տուն»,- ասաց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ Բենիամին Մանուչարյանի մահվան դեպքի վերաբերյալ կա հիմնավոր վարկած, որ եղել է արտաքին ճնշում սպաների վրա։
«Եղել է այնպես, որ մի խումբ հատուկ տեխնիկայի միջոցով գնացել է զինծառայողին ընդառաջ, բայց եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ մոտենան դիրքին։ Զինծառայողը եկել է նրանց ընդառաջ, և ձնահյուսի պատճառով տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին, բոլոր զինծառայողների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ զինված ուժերի սպաների նկատմամբ անհարկի պահանջներից և ստիպել կատարել արարքներ, որոնք նրանք իրավունք չունեն անել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ դեպքի ամբողջ հանգամանքները կպարզվեն միայն ծառայողական պատշաճ քննությունից հետո։
Մեկնաբանել