
Ֆրանսիան Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների պայմանագիր կկնքի
Փարիզը Կիևի հետ երկկողմ պայմանագիր կկնքի, որը նախատեսում է Ուկրաինային օգնություն տրամադրում՝ այդ երկրի վրա նոր հարձակման դեպքում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելել է, որ փետրվարին կայցելի Ուկրաինա, որպեսզի վերջնականապես համաձայնեցնի այդ պայմանագրի մանրամասները: Միևնույն ժամանակ, ֆրանսիական պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ արդեն հինգշաբթի օրը Փարիզ կժամանի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
Մակրոնը նաև ազդարարել է Կիևին սպառազինության նոր մատակարարումների մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ արդեն առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկվի 40 հատ SCALP տեսակի հեռահար հրթիռ և մի քանի հարյուր ռումբ:
«Մենք պատրաստվում ենք ավելի շատ ռազմական օգնություն տրամադրել ու օգնել Ուկրաինային այն ամենով, ինչն անհրաժեշտ է Կիևին իր երկինքը պաշտպանելու համար»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Փարիզը Կիևին արդեն իսկ հատկացրել է 1,7 միլիարդ եվրոյի օգնություն։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Ուկրաինան ու Մեծ Բրիտանիան ստորագրել են անվտանգության մաին երկկողմ համաձայնագիր։ Դա տեղի ունեցավ հունվարի 12-ին Կիև Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքի այցի ընթացքում։ Համաձայնագիրը կգործի մինչև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։ Սունաքը նաև հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան 2024 թվականին մինչև 2,9 միլիարդ եվրոյի կհասցնի Ուկրաինային ռազմական օգնությունը։
Լուսանկարը՝ Sipa/Libkos
Մեկնաբանել