HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սիթի բայք» ծրագրից տուժածները կարող են դիմել Քննչական կոմիտե

«Սիթի բայք» ծրագրում ներդրում կատարած և գումարները կանխիկացնելու հնարավորությունից զրկված անձանց Հայաստանի քննչական կոմիտեն հորդորում է դիմել նախաքննական մարմնին։

Հիշեցնենք, որ տարեվերջին «Հետքը» բացահայտեց «Սիթի բայք» անվանումով հերթական ֆինանսական բուրգը, որը տարբեր մեքենայություններով մարդկանցից գումարներ էր ներգրավում՝ արագ եւ հեշտ եկամտի խոստումով, սակայն հետագայում մարդիկ զրկվում էին իրենց ներդրած գումարները ստանալու հնարավորությունից։ Քննչական կոմիտեում «Հետք»-ի հետաքննության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներից սկսված՝ համացանցային տարբեր հարթակներով տարածվել են բազմաթիվ գովազդային հոլովակներ` ամերիկյան «Սիթի Բայք» անվանումով ընկերության հայաստանյան մասնաճյուղ ներկայացած նույնանուն ծրագրի միջոցով գումար վաստակելու վերաբերյալ:

Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սիթի Բայք» անվանումով վերոնշյալ ծրագիրն առերևույթ հանդիսացել է ֆինանսական բուրգ, որտեղ անձի կողմից եկամտի ստացումը պայմանավորված է եղել բացառապես ծրագրում գումար ներդնելով և նոր անձանց ներգրավելով, և որևէ ձեռնարկատիրական գործունեություն փաստացի չի իրականացվել:

2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Սիթի Բայք» անվանումով ծրագիրը «փակվել է», և վերացել է ներդրված գումարների կանխիկացման հնարավորությունը, որի արդյունքում ծրագրում ներդրում իրականացրած մի շարք անձինք զրկվել են իրենց գումարները կանխիկացնելու հնարավորությունից:

Նման իրավիճակում հայտնված անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3, հեռ.՝ 010 30-42-12)»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter