HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Զորանոցի հրդեհի գործով չի հերքվել հակառակորդի կողմից դիվերսիա իրականացնելու վարկածը. Ն. Նորիկյան

«Մեկ տարվա ընթացքում ոչ միայն զոհված զինծառայողների ծնողները, այլև ողջ հասարակությունը այդպես էլ չիմացան, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- այս մասին այսօր՝ հունվարի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղի զորանոցում զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ծնողների ու հասարակության մոտ կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը՝ իրավասու մարմինների փնթի, ոչ կոմպետենտ, մակերեսային գործունեության արդյունքում ավելի մեծացան։

Նորիկյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ հնարավոր ամեն ինչ արվեց և արվում է հանցագործությունը և մեղավոր անձանց ամբողջ շրջանակը մինչև վերջ չբացահայտելու, պաշտոնական վարկածը բյուրեղացնելու ու հանրությանը հրամցնելու համար։

Փաստաբանն ասաց, որ այս քրեական գործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվի, որ իրավասու մարմինները կատարել են այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով հիմնական դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ «Սա հատուկ շեշտում եմ նրա համար, որ այլ քրեական գործերով մեր համապատասխան հատուկ ծառայություններն իրականացնում են այդպիսի աշխատանք, որով որևէ առնչություն ունենալը հաստատում կամ հերքում են։ Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ այս գործով չի իրականացվել այդպիսի գործընթաց»,- նշեց նա։ 

Տուժող կողմի մոտ համոզմունք է ձևավորվել, որ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելու և ենթադրյալ այլ վարկածները հերքելուն միտված օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու։ 

Ըստ փաստաբանի՝ հիմնովին և անխոցելիորեն չի հերքվել հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով այս ողբերգությունն իրականացնելու հնարավոր վարկածը։

«Այս պայմաններում, եթե իշխանությունը պնդում է, թե տեղի ունեցածը զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու կամ անփութության հետևանք է, ուրեմն տեղի ունեցած ողբերգության ուղղակի պատասխանատուն գործող իշխանությունն է»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ զորանոցի այդ տարածքը վերածված է եղել դիզվառելիքի շուկայի։ Նա իրավապահ մարմիններին հորդորեց պարզել, թե որ սպաներն են ներգրավված եղել այդ առևտրի մեջ, և դա վերադասության կարգով մինչև ուր է հասել։

Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կամ արդեն ողջ չեն եղել, կամ առնվազն եղել են անգիտակից։ Իսկ բուն հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը բուն հրդեհի ուղղությամբ շեղելու նպատակ է հետապնդել։

Խոսելով գործի դատավարությունից՝ Նորիկյանն ասաց, որ տուժողի կարգավիճակ ստացած զինվորի վարքագիծը հարցաքննության ժամանակ՝ գրեթե ոչինչ չհիշելու մասով, տալիս է հնարավորություն արձանագրելու, որ որդեգրվել է ամեն ինչ մոռանալու, հնարավորինս լղոզելու, հանրության մոտ դատավարության նկատմամբ որոշ ժամանակ անց հիասթափություն ձեւավորելու մարտավարություն։ Փաստաբանը չի հավատում, որ այդ զինվորի ոչինչ չհիշելը պայմանավորված է նրա առողջական վիճակով։ 

Նորայր Նորիկյանը նշում է՝ եթե մենք ուզում ենք այս գործի վրա իսկապես լույս սփռել, պետք է հասկանանք, թե ինչ է եղել այդ դեպքից մի քանի ժամ կամ մի քանի օր առաջ։ 

Նա հայտնեց նաև, որ վերջին դատական նիստում այս գործով 5 մեղադրյալներից երկուսը՝ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի` թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը իրեն առաջարկել են կոնֆիդենցիալ հանդիպում քրեակատարողական հիմնարկում։ «Ես հանդիպել եմ այդ տղաներին, խոսակցության ամբողջ բովանդակությունը ներկայացրել եմ ծնողներին, բայց տակտիկական, մարտավարական առումով չեմ ցանկանում այդ խոսակցությունների բովանդակությունը բացահայտել, բայց ուզում եմ վստահ լինեք, որ այդ տղաների կողմից մեզ հայտնած տեղեկությունների հետքերով մենք գնալու ենք»,- ասաց Նորիկյանը։ 

Վերջինիս խոսքով՝ Մառլեն Սարգսյանը ուշագրավ տեղեկություններ է հայտնել, որոնք ենթակա են ստուգման։ «Եթե պարզվեն, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմված հատորները պետք է պատռել ու նետել աղբանոցը։ Իսկ այդ հատորները կարողներին, դատախազությանը և ընդհանրապես այս գործում ներգրավված բոլոր պետական իրավասու մարմինների պաշտոնյաների ուսադիրներն էլ պետք է պոկել ու շպրտել աղբանոցը»,- ասաց Նորայր Նորիկյանը։

Ասուլիսի ընթացքում խոսեց նաև զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։ «Իմ հիասթափությունը, զայրույթը արդեն չափ ու սահման չունեն։ Բայց չի նշանակում, որ էլ չենք պայքարելու․ պայքարելու ենք մինչև վերջ»,- նշեց զոհվածի հայրը։

Նա իր զարմանքն ու զայրույթն արտահայտեց ողջ մնացած զինվորի վարքագծի մասին։ Գաբրիել Կիրակոսյանն ասում է՝ նրա ցուցմունքը և դատարանում ասածները չեն համընկնում, բացի այդ՝ ինչպես նշեց նաև Նորիկյանը, զինվորը նախընտրում է ամեն հարցի պատասխանել, թե չի հիշում։

Նշենք, որ գործով կա 5 մեղադրյալ, նրանցից երեքը՝ զորամասի ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանը, զորամասի թիկունքի պետ-հրամանատարի` թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը կալանավորված են, իսկ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը և զորամասի ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանն ազատության մեջ են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter