HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը (մաս 4)

ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը․ (մաս 1), ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը. (մաս 2), ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը (մաս 3)

Ինչո՞ւ են ֆինանսավորում Սեֆիլյանին, Չուքազսյանին և Պապյանին

Բեւեռը այս տարի էլ դրամահավաքի անվան տակ գումար է ստացել: Ստույգ այդ գումարը որքան է կազմել և ովքեր են այդ գումարը փոխանցել պարզ չէ: Հրապարակավ հայտնել են, որ «Հունվարի 6-ի Թելեթոնում Բեւեռը հավաքել է ավելի քան 125.000 դոլար», իսկ «Հունվարի 12-ին դրամահավաք-ճաշկերույթով» որքան գումար են ստացել չեն հայտնել: Լոս Անջելեսում, սույն թվականի Հունվարի 12-ին «Պետականությունն՝ ինքնության երաշխիք» խորագրով Բեւեռի ընթրիք-դրամահավաքի երեկոն ուշագրավ էր, ոչ միայն սակավամարդությամբ, այլ նաեւ խոսուն էր Սերժ Սարգսյանի աջակիցների ներկայությամբ:

Ժիրայր Սեֆիլյանը երկու տասնամյակ զբաղված է եղել երկու բանով` քաղաքական սեւ գործ ու ծառայությունների մատուցում, և «ազգային պայքարի» պիտակի տակ փողի հավաքում: Նրա «քաղաքական» գործունեությունը հայտնի է ու դրան կանդրադառնամ նաեւ առանձին: Անցնող երկու տասնամյակներում Ժիրայրն այստեղից ու այնտեղից փող է մուրացել և ստացել: Տարիների ընթացքում թե' Հայաստանից, և թե' հատկապես սփյուռքից ստացել է միլիոնավոր դոլարներ: Ոչ ոք չի տեսել այդ գումարների ո'չ մուտքերի, ո'չ էլ ծախսերի հաշվետվությունները իսկ ծառայությունների համար թաքուն ստացած գումարների ծավալների մասին ոչ ոք չգիտի:

Վերջին տարիներին փողը հավաքվում է իբր «դավաճան ու ապիկար» Նիկոլի հեռացման ու «պետականաշինության» նպատակով:

Ինչպե՞ս են Ժիրայրն ու Բեւեռը պայքարում դավաճանի ու ապիկարի դեմ և ինչպե՞ս են «պետականություն» կառուցում հարցի պատասխանը հետևյալն է: Արդեն 5 ամիս է, մի քանի կամ լավագույն դեպքում մի քանի տասնյակ հոգով Ազատության հրապարակը գրավելով: Էլ վրաններից ոչնչով չտարբերվող «հովանոց» սենյակներ, էլ վառարաններ, էլ խոհանոց, էլ բազկաթոռներ ու աթոռներ, էլ կենցաղային իրեր: Ահա ձեզ «պետականաշինության» պայքար: Բայց արի տես, որ դավաճան ու ապիկար Նիկոլը, ով ամիսներ ի վեր ամենայն խստությամբ ուրիշ ոչ ոքի թույլ չի տալիս վրան տեղադրել Երեւանի հրապարակներում ու պուրակներում, ով իր նախորդներից էլ ավելի է ուռճացրել ոստիկանությունը և այն գործածում է զոհված զինվորների ծնողների ու պայքարող քաղաքացիների դեմ բռնանալով, և ով ըստ ճաշակի կալանավորում է, նաև սպանում դատարանի դահլիճում իր քաղաքական հակառակորդներին՝ հանդուրժում է «միակ իսկական ընդդիմություն» Ժիրայրի ու Բեւեռի անխոնջ «պայքարը»:

2023 թվականի օգոստոսին Ժիրայրը հայտարարեց, որ գալիս են Ազատության հրապարակ և «տուն չենք գնալու» մինչեւ հաղթանակ: Արա Պապյանն ասաց, որ հաղթելու են 2-3 ամսից, առավելագույնը մինչեւ տարեվերջ: Ժիրայրը վրդովվեց ու ասաց՝ «Ո'չ, հաղթելու ենք օրերի ընթացքում»: Իրապես նրանց ճամբարը հաղթեց` 2023  թվականի սեպտեմբերին Արցախը հայթափվեց ամբողջությամբ:

Արցախի հայաթափումը բավարար չէ` հերթի մեջ է մեր պետականության մնցորդների ամբողջական լուծարումը: Հետեւաբար «շուրջօրյա պայքարը» շարունակվում է: Բայց դրա համար «դրամ» է պետք: Ժիրայրը հայտարարեց. «Միայն այն փաստը, որ մեր քաղաքական ուժը շարունակում է գոյատեւել, արդեն մեծ հաղթանակ է»: Ու հրապարակում շարունակվող «փառապանծ պայքարի» պատրվակով շարունակում է փող հավաքել և սև գործ անել:

Դու ի՞նչ Նիկոլի դեմ պայքարող: 2018 թվականին գլխիդ դրեցիր «Թուխով» գլխարկը ու շարունակ գոռացիր՝ «Նիկոլին նեցուկ ենք», «Ուզում են մեր միջեւ սեպ խրել, չի ստացվի»: Նիկոլը քեզ մաքրեց մեղադրանքներից  ու տվեց քաղաքացիություն: Չուգասզյանի հետ երկու անգամ հանդիպեցիր Նիկոլին: Պատերազմից հետո խաղում ես ընդդիմադիր: Պաշտպանեցիր ձեր «սրտի» նախագահ Արմեն Սարգսյանին: 2021 թվականի մարտի 16-ի հանրահավաքին ասացիր՝ «Նիկո'լ, բանագնաց ուղարկի Արմեն Սարգսյանի մոտ»: Այս բազմակի հայակործան օպերացիայի արդյունքում Նիկոլը հասավ էրդողանի ինագուրացիայի մասնակցությանը, Ժիրայրն էլ ցանկանում է հասնել հայկական պետականության վերջնական լուծարման միջոցառման մասնակցության, որ գոնե իր կեղտոտ ձեռքը հասնի, ինչ որ մի ցեղասպան թուրքի ձեռքին:

Ժիրայր, Գարեգին, Արա փող եք հավաքում  նաեւ իբր «Սասնա ծռեր» խմբավորման ազատազրկված անդամների ու նրանց ընտանիքների կարիքները հոգալու համար: Եվ դուք ձեզ իրավունք եք տվել որոշելու, թե ո՞վ է «Սասնա ծուռ», ով ո՞չ: Ձեզ համար նրանք 7-ն են: Ձեր ցուցակում արդեն վաղուց չկան ո'չ Պավլիկ Մանուկյանը, ոչ Միայնակ Գայլը, ոչ էլ ես:

Չարամիտների և չհասկացողների համար անմիջապես ասեմ, որ իմ նկատմամբ դավաճանությունից և ընդհանրապես դավաճանությունից հետո ես նրանից ոչ մի լումա ո'չ կուզեմ, ո'չ կակնկալեմ և ո'չ էլ կընդունեմ: Եթե մի մարդ մեկի մոր աչքերին նայելով փաստացի ասում է՝ ես քո տղային դավաճանել եմ, նրան վաճառել եմ, բայց դու սուս մնա, ինչպես Ժիրայրը արեց իմ մորը, ապա ոչ մայրը ոչ էլ տղան կյանքում նրանից մի կոպեկ չեն վերցնի: Այստեղ խնդիրը մի անգամ եւս նրանց լկտիությունն է: Եւ նրանց կողմից «իսկական հերոսներ» համարած 7-ի մեջ կան այնպիսիները, որոնք կեղծ ցուցմունք են տվել իրենց զինակից ընկերների նկատմամբ:

Ոչ Ժիրայրը, ոչ Գարեգինը, ոչ Արան՝ կապ չունեն ո՛չ 2016 թվականի «Սասնա ծռերի» գաղափարի, ո՛չ էլ Սասնա ծռեր էպոսի հետ, ո՛չ էլ Սերժը՝ Արցախի և ազգային ազատագրական պայքարի հետ:

Մինչ մենք դեռ ՊՊԾ գնդում էինք, Ժիրայրը հայտարարեց, որ այլեւս Սերժի հրաժարականը չի պահանջվում: Դա արվեց ոչ միայն առանց Ժիրայրի իմացության, այլեւ, առանց մեր իմացության, նաեւ մեր անունից:  Արա Պապյանը ՊՊԾ գնդի գրավման առաջին օրերին ՔՊ պատգամավոր Գայանե Աբրահամյանի «Հոդված 3» ակումբում, փակ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հարցը պետք է հանգուցալուծվի հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանը այլևս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ մասին նրան տեղեակցրել էր Սերժ Սարգսյանի բանագնաց` Վիտալի Բալասանյանը: Ժիրայրը և այլոք ի սկզբանե դավաճանել էին՝ թե՛ մեզ, և թե՛ նաեւ Ժիրայրի ազատման համար  փողոց դուրս եկած և կտտանքների ենթարկվող ժողովրդին: Մեր գործողության օրերին ժողովուրդը հավատալով մեզ, հույսը կապեց մեզ հետ, 20 հազար մարդ իջավ փողոց, ենթարկվեց ոստիկանության վայրագ բռնություններին: Իսկ նրանք օգտագործեցին գաղափարը և ժողովրդին: Օգտագործում էին ժողովրդին և գաղափարը, քանի որ այդպիսին էր սցենարը: Սցենարն էր` կեղծ հեղափոխության վարժանք և կեղծ ճնշման ներկայացում Արցախի հողերը հանձնելու մտադրություն ունեցող Սերժ Սարգսյանի  դեմ,  որը պետք է ի կատար ածվեր հետո եւ որի մասին Գարեգին Չուքազսյանը  հայտարարեց` 2018 թվականին, որ իրենք այդ հեղափոխությունը պետք է անեինք դեռ 2016 թվականին:

ՊՊԾ գնդից մեր դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանը` 2016 թվականի օգոստոսի 1-ին հայտարարեց «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բացառվում է, մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս»: Սակայն ունենալով բացառիկ տեղեկություն Արմեն Սարգսայանի և Նիկոլ Փաշինյանի Արցախը հանձնելու բացառիկ առաքելության վերաբերյալ, առանց իր կյանքը զոհաբերելու նրանց փոխանցեց իշխանությունը: 

2018 թվականի մայիսին Նիկոլի և Գարեգինի հանդիպման ավարտն արձանգրվեց Նիկոլի կողմից հետևյալ նախադասությամբ` «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»:

2018 թվականի մայիսից հետո, երբ ինձանից ու Սմբատ Բարսեղյանից բացի խմբի մյուս անդամների խափանման միջոցները փոխվեցին ու նրանք ազատ արձակվեցին, Գարեգին Չուգասզյանն ասաց. «Բավարարված եմ»: Ինչի՞ց է բավարարված: Նրանից, որ ես մեղադրվում եմ չկատարած սպանության համա՞ր: Ե՞րբ է նա մի բառ ասել իմ նկատմամբ անարդարության մասին: Թե՞ բավարարված էր, որ բերվել էր իշխանության Արցախը ցեղասպանությամբ հանձնողների խմբակը:

Ժիրա՛յր, Վարուժա՛ն, Մխիթա՛ր, նաեւ Գարեգի՛ն. դուք դեռ 2016 թվականից ինձ դավաճանեցիք, իմ չարածները գիտակցաբար բարդեցիք իմ վրա: Քանի դեռ ձեր դավաճանությունը բացահայտված չէր, ասում էիք որ սխալն ու կեղծիքը «ռեժիմի» գործն է: «Ռեժիմի» դեմ «անխոնջ պայքարողներդ» ինչու՞ չբացահայտեցիք նրա կեղծիքը: Ինչու՞  արդարությունը չպաշտպանեցիք: Սերժի օրոք լուռ էիք, Նիկոլի օրոք  լուռ էիք մինչեւ իմ արդարացումը: Լուռ էիք նաև արդարացումից հետո, լուռ եք արդարացման բռնաբարումից և իմ 25 տարով դատապարտումից հետո: Ձեզ արդարացնելու համար ասում եք՝ մենք գիտենք, որ ոստիկանին վիրավորողն Արմենը չէ, բայց չեք ասում ով է: Ասում եք բարոյական իրավունքը չունեք անողի անունն ասել: Իսկ ո՞րն է բարոյական իրավունքը: Կանխամտածված կերպով սպանության մեղադրանքն իմ վրա բարդե՞լը:  Ո՞ր «ռեժիմն» է կեղծիք կատարել: Սերժի՞ թե Նիկոլի: Ինչպե՞ս է պատահում, որ իմ հարցով եւս Սերժն ու Նիկոլը նույն կեղծիքն են պաշտպանում:  Ինչպե՞ս է պատահում, որ երկուսի օրոք էլ դուք նույն կեղծիքն եք պաշտպանում: Դրանով, ու ոչ միայն դրանով, դուք Սերժի ու Նիկոլի ռեժիմների մեղսակիցներն եք: Դուք մեկ եք:

«Հունվարի 12-ին դրամահավաք ճաշկերույթի» ժամանակ Արա Պապյանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից, ասելով որ այն պետք է փոխվի: Հիմնավորելով, որ սփյուռքին պետք է տրվի իրավունք ընտրելու և ընտրվելու: Այն որ ՀՀ քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է առանց վերապահման ունենա ուղղակի մասնակցություն իր պետության քաղաքական կյանքին դրանում երկրոդ կարծիք չունեմ: Բայց մտահոգված եմ, որ Արա Պապյանը կրկին ազգային հարցապնդման պիտակի ներքո խոսում է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին: ՀՀ Սահմանադրության փոփոխություն են ուզում մեր թշնամիները: Այս օրհասական վիճակում երբ Արա Պապյանն է այդ մասին խոսում, ապա պետք է զգուշանանք և ընկալենք այն որպես թշնամական պատվեր: Այս մարդու և Էրդողանի ցանկությունները ու ծրագրերը նույն են: Սրանք ցանկանում են հանել մեր Սահմանադրությունից մեր պետականության և ինքնության կարևոր նշանակության հիմնասյուները: Նրանք ցանկանում են, որ մենք ուրանանք Արցախը և ցեղեսպանության հետևանքով` Արևմտյան Հայաստանի կորուստը:

Եթե դուք ցանկանում եք փոխել ՀՀ Սահմանադրությունը և Ձեր նպատակները արդար են, ապա երբ «Նիկոլին նեցուկ էիք», «Բավարարված էիք», «Թուխով էիք» ինչո՞ւ այն չփոխեցիք, այլ դեռ ավելին՝ երկու անգամ` 2018-ին և 2021-ին, նրա հետ և նրա վարչապետության ներքո մասնակցեցիք ընտրություններին և հրաժարվեցիք բողոքարկել ընտրության արդյունքները:

«Պետականությունը` ինքնության երաշխիք» խորագրի ներքո գումար հավաքողները 2023 թվականի օգոստոսից Ազատության հրապարակում բացել են տարբեր ժողովուրդների ճաշատեսակների խոհանոց: Ամբողջ օրը ուտում-խմում են: Կենաց են ասում Արցախը հանձնելու համար, հերթի մեջ են պահում Հայաստանի ավերակների մասով լուծարման կենացը և պատրաստվում թռնել Հայաստանից:

Միգուցե դեռ գտնվեն մի քանի խաբված հայեր և գումար փոխանցեն Բեւեռին, բայց համոզված եմ՝ նրանց հիմնական գումար տվողը մեր թշնամիներն են:

Մեր պատմության այս երկու` 2016-2018, տարիների ընթացքում Պապյանը խոստովանել է, որ տեղյակ է Սերժ Սարգսյանի բանագնացից, որ Ժիրայրը նրա հրաժարականը չի պահանջում: Փաշինյանը ուրախ է Չուքազսյանի հետ պայմանավորվածություններից: Չուքազսյանն էլ բավարարված է Նիկոլից: Դե իսկ Սերժ Սարգսյանը   չզոհաբերեց իր կյանքը հանուն ԱՐՑԱԽԻ, բայց զոհաբերեց իր պաշտոնը ԱՐՑԱԽԻ հանձնման համար: 

Հ.Գ.

Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքազսյանի և Արա Պապյանի երեխաները վաղուց օտար պետությունների քաղաքացիներ են: 

Արմեն Բիլյան

«Արմավիր» ՔԿՀ

19 հունվարի, 2024 թվական

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter