HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով վկայի ցուցմունքներում հակասություններ կային

Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 19-ին շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի քննությունը: Նախագահող դատավորն էր Վահե Դոլմազյանը:

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Արուսյակ Ալեքսանյանն արդեն 1 տարուց ավելի է՝ կալանավորված է: 

Դեկտեմբերի 18-ին դատարանը որոշեց երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։ Իսկ Էրիկ Ալեքսանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ նախնական պայմանավորվածություն ունենալով, 2022թ․-ի սեպտեմբերի 12-ին և 17-ին՝ Արուսյակ Ալեքսանյանի հերթապահության օրերին, երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին: Այս եղանակով, ըստ մեղադրող կողմի, նրանք փորձել են ստեղծել արհեստական ծանրաբեռնվածություն՝ հույս ունենալով, որ դրանցից մեկը կմակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Սեպտեմբերի 12-ի միջնորդությունը քննել է դատավոր Արմեն Շիրոյանը և մերժել այն։

Սեպտեմբերի 17-ի միջնորդությունը դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ նախորդ միջնորդությունները Շիրոյանն էր քննել:

Այս դատական նիստին հարցաքննվեց գործով առաջին վկա Մարիա Պետրոսյանը։ Նա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի աշխատակից է, իսկ այս դեպքի ժամանակ ժամանակավորապես կատարելիս է եղել գրասենյակի ղեկավարի պարտականությունները։

Նա ներկայացրեց, թե այս գործի շրջանակում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել։ Ըստ վկայի՝ դատարանի նախագահի պաշտոնակար Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 17-ին միջնորդությունը մակագրել է Արուսյակ Ալեքսանյանին, ինքն էլ դա փոխանցել է Աջափնյակ-1 նստավայր։ Ապա մոտ 10 րոպե հետո Գագիկ Պողոսյանը զանգել է իրեն՝ հայտնելով, որ մակագրման ընթացքում սխալ է տեղի ունեցել։ Որից հետո վկան պատմում է, որ զանգել է Աջափնյակ-1 նստավայր, խոսել է աշխատակիցներից Նաիրա Պետրոսյանի հետ և տեղյակ պահել այդ մասին՝ նշելով, որ վերամակագրման թերթիկը շուտով կուղարկի։ Գագիկ Պողոսյանի կողմից վերամակագրման թերթիկը ստանալուց հետո Մարիա Պետրոսյանն ասում է, որ էլեկտրոնային փոստով ուղարկել է Աջափնյակ-1 նստավայր։

Սակայն հետո պարզ է դարձել, որ այդ նամակը չի հասել Աջափնյակ-1 նստավայրի էլեկտրոնային հասցեին։ Վկան դատարանին հայտնեց, որ վստահություն ունեցել է, որ հասել է այն։ Սակայն դրանից օրեր անց, երբ Արուսյակ Ալեքսանյանն արդեն իսկ քննել էր այդ միջնորդությունը և կայացրել որոշում, դատարանի նախագահը զանգել է իրեն՝ պարզաբանում ստանալու, թե իր կողմից վերամակագրման որոշումը ինչու տեղ չի հասել։ Մարիա Պետրոսյանն ասում է՝ միայն այդ ժամանակ է բացել իր էլեկտրոնային փոստը ու տեսել, որ նամակը չի ուղարկվել։ 

- Ավելացնելու ոչինչ չունե՞ք,- հարցրեց ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը։

- Չէ, չունեմ,- պատասխանեց վկան։

Ալեքսանյանը շարունակեց, թե այդ հարցը պատահական չի տալիս, նա ընթերցեց Գագիկ Պողոսյանի գրությունից մի հատված, որտեղ ասել է, թե դիմել է էլեկտրոնային մակագրման թերթիկն ուղարկելու պարտականություն ունեցող գրասենյակի աշխատակցին, որը պատասխանել է, որ «խիստ ծանրաբեռնվածության պատճառով է թերացել» վերամակագրման թերթիկն ուղարկել։

- Էս աշխատակիցը դու՞ք եք, տիկին Պետրոսյան։ Դու՞ք եք խոսել պարոն Պողոսյանի հետ,- հարցրեց Էրիկ Ալեքսանյանը։

- Չեմ կարող ասել՝ պարոն Պողոսյանն ում է նկատի ունեցել,- պատասխանեց վկան։

Էրիկ Ալեքսանյանը կրկնեց հարցը, Մարիա Պետրոսյանն էլ պատասխանեց, թե ենթադրվում է, որ ինքն է, հստակ չի կարող ասել։ Էրիկ Ալեքսանյանը ևս մեկ անգամ կրկնեց հարցը, թե թերթիկը մակագրելու պարտականություն վկա՞ն է ունեցել, թե՝ ոչ։ Դատարանը միջամտեց՝ Էրիկ Ալեքսանյանին հորդորելով ճնշում չգործադրել վկայի նկատմամբ։ Ալեքսանյանն էլ նշեց, որ ճնշում չի գործադրում, այլ տալիս է խաչաձև հարցեր։ Ալեքսանյանը կրկին նույն հարցը տվեց։ Վկան պատասխանեց, որ այո, ինքն է ունեցել այդ օրը մակագրման թերթիկն ուղարկելու պարտականություն, սակայն պնդեց, որ չգիտի, թե Գագիկ Պողոսյանն ում է նկատի ունեցել իր գրության մեջ։ 

Էրիկ Ալեքսանյանը կրկին հիշատակեց Գագիկ Պողոսյանի գրությունը, որտեղ նշված է, թե աշխատակիցը հայտնել է՝ «խիստ ծանրաբեռնվածության պատճառով է թերացել»։ Ալեքսանյանը վկային հարցրեց՝ թերացե՞լ է, թե՝ ոչ։ Վկան նշեց, որ թերանալու մասին չի ասել և վստահ է եղել, որ ուղարկել է վերամակագրման թերթիկը։ Էրիկ Ալեքսանյանի ճշտող հարցին, թե Գագիկ Պողոսյանը ստու՞մ է իր գրությամբ, վկան պատասխանեց, որ Պողոսյանը չի ստում, և ինքը չի հիշում՝ թերանալու մասին ասե՞լ է, թե՝ ոչ։

Էրիկ Ալեքսանյանը հաջորդիվ վկային հարցրեց, թե արդյոք գիտի՞ ինչ է նորմատիվ իրավական ակտը, հետո հարցրեց, թե արդյոք գիտի՞ ինչ է օրենքը։ Վկան հետաքրքրվեց, թե Ալեքսանյանն ինչու է նման հարցեր տալիս։ Դատախազ Արմեն Գևորգյանն առարկեց այս հարցերին՝ նշելով, որ իր մոտ տպավորություն է՝ 3-րդ կուրսի ավարտական քննության հարցեր է Էրիկ Ալեքսանյանը տալիս վկային։ Ըստ դատախազի՝ Էրիկ Ալեքսանյանի հարցը ոչ միայն չի առնչվում մեղադրանքի հետ, այլև իր մեջ վկայի մասնագիտական ունակություններին թերահավատորեն վերաբերելու նշույլներ է պարունակում։ Դատախազի համոզմամբ՝ դա հոգեբանական ներազդեցության յուրահատուկ միջոց է։ Դատարանը որոշեց հարցը հանել։ Էրիկ Ալեքսանյանն էլ առարկեց դատարանի գործողությունների դեմ։

Պաշտպանական կողմից հարց հնչեց նաև, թե արդյոք վկան չունե՞ր պարտականություն՝ հետևողականություն ցուցաբերելու, որ ստուգեր՝ վերամակագրման թերթիկը հասե՞լ է Աջափնյակ-1 նստավայր, թե՝ ոչ։ Վկա Մարիա Պետրոսյանը պատասխանեց, որ արել է այն, ինչ հանձնարարվել է Գագիկ Պողոսյանի կողմից։ Դատախազը կրկին առարկություն ներկայացրեց հարցի վերաբերյալ։ Արմեն Գևորգյանի կարծիքով՝ պաշտպանական կողմի հարցադրումները մեղադրանքի սահմաններից դուրս են։ «Մարիա Պետրոսյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ, այնինչ պաշտպանության կողմից հարցադրումներ են կատարվում՝ ի մեղադրանք Մարիա Պետրոսյանի»,- ասաց դատախազը։

Վկա Մարիա Պետրոսյանը հարցաքննության ընթացքում կարծիք արտահայտեց նաև այն մասին, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը պարտավոր էր միջնորդությունը վերադարձնել, քանի որ առնվազն զանգի միջոցով ինքը տեղեկացրել էր, որ վերամակագրում է տեղի ունեցել։ Սակայն ի պատասխան հարցերի, թե որ նորմատիվ իրավական ակտով էր պարտավոր դատավորը, վկան չկարողացավ մատնանշել, փոխարենն ասաց՝ «համաձայն ձևավորված ներքին աշխատանքային կարգի»։

Այս հայտարարությանն ի պատասխան՝ Արուսյակ Ալեքսանյանն ասաց․ «Ես երբևէ գրասենյակում չեմ աշխատել, բայց հարգանք ունեմ գրասենյակի աշխատակիցների նկատմամբ։ Արդյոք ճի՞շտ եք համարում դատավորի գործողություններին ինքնավստահ, հստակ գնահատական տալ, թե դատավորն ինչ էր պարտավոր անել»։ Վկան կրկնեց․ «Նման կանոնակարգ կար, և դատավորը պարտավոր էր այդպես անել»։ Պաշտպանական կողմի համոզմամբ՝ դատարանի նախագահը լիազորություն չուներ հեռախոսազանգի միջոցով հետ պահանջելու միջնորդությունը, Արուսյակ Ալեքսանյանն էլ նման պարտականություն չուներ վերադարձնելու:

Հարցերը սպառվելուց հետո թե՛ դատախազը, թե՛ ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը միջնորդեցին, որ հրապարակվի վկայի նախաքննական ցուցմունքը, քանի որ այսօրվա ցուցմունքի հետ համադրելիս հակասություններ էին տեսնում։

Մասնավորապես, դատարանում հարցաքննության ընթացքում մի քանի անգամ հարց հնչեց, թե արդյոք վերամակագրությունից հետո վկան չի՞ զանգել Աջափնյակ-1 նստավայր՝ աշխատակիցներից պարզաբանումներ ստանալու համար, Մարիա Պետրոսյանն ասաց, որ չի զանգել։ Մինչդեռ նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ Մարիա Պետրոսյանը քննիչին ասել է, որ կատարվածի մասին իմանալուց հետո զանգել է Աջափնյակ-1 նստավայրի աշխատակից Նաիրա Պետրոսյանին՝ պարզելու, թե որն է խնդիրը։ Նաիրիա Պետրոսյանը, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, իրեն ասել է, որ թեև տեղեկացրել են Արուսյակ Ալեքսանյանի աշխատակազմին, սակայն այդ միջնորդությունը չեն վերադարձրել։ Ըստ վկայի՝ նա այլ հարցեր տալը անիմաստ է համարել, քանի որ արդեն իսկ Արուսյակ Ալեքսանյանը քննել էր միջնորդությունը և կայացրել որոշում։

Դատավոր Վահե Դոլմազյանը հարցրեց վկային, թե ինչու էր դատարանում ասում, թե չի զանգել Աջափնյակ-1 նստավայրի աշխատակիցներից պարզաբանումներ ստանալու, մինչդեռ քննիչին ասել է, թե զանգել է։ Դատարանը հետաքրքրվեց՝ ի վերջո, իրականությունը ո՞րն է։ «Հա, խոսել եմ Նաիրայի հետ, բայց այդ մասը լավ չէի հիշում»,- ասաց վկան։

Էրիկ Ալեքսանյանը հարցրեց․ «Ձեր ցուցմունքը ընթերցվեց, դուք միանգամից ասացիք՝ հիշում եմ։ Հասկանում ենք, երկար ժամանակ է անցել, հնարավո՞ր է, որ այս պահին ևս սխալ եք հիշում, որ վերամակագրման թերթիկն ուղարկել եք Աջափնյակ-1 նստավայր»։ Վկան պատասխանեց՝ հիշում է, որ վերամակագրման թերթիկն ուղարկել է։

- Բա էդ ոնց է ստացվում, որ էնի լավ հիշում էիք, էս մեկը չէիք հիշում, հիմա վերհիշեցիք,- հարցրեց Էրիկ Ալեքսանյանը։

- Դե, որովհետև հարցաքննությունս այնպես չի, որ կարճ է եղել, ու նորմալ ա, որ չհիշեմ։ Այդպես է ստացվել, չեմ կարող ավել բան պատասխանել,- պատասխանեց վկան։

- Շատ բան չեք կարողանում բացատրել, տիկին Պետրոսյան,- արձագանքեց ամբաստանյալ Էրիկ Ալեքսանյանը։

Հարցաքննությունը տևեց շուրջ 4 ժամ։ Նիստի ավարտին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ վկայի հարցաքննությունը նաև մի կարևոր հարցի պատասխան վերահաստատեց։ Ըստ նրա՝ Սերգեյ Գրիգորյանի՝ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը անհապաղ քննության ենթակա միջնորդություն չի հանդիսացել, ինչի մասին փաստեց վկան։ Ըստ նրա՝ տվյալ իրավիճակում արդեն երկրորդական հարց է՝ տվյալ վերամակագրումը դատարանին հասե՞լ է, թե՝ ոչ։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 29-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter