HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայկական ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա. Ժոզեպ Բորել

Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավակնություններով, իսկ հայկական ինքնիշխանության ցանկացած խախտում Բաքվի համար լուրջ հետևանքներ կունենա: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԵՄ խորհրդի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Ալիևի տարածքային հավակնությունները լուրջ անհանգստություն են առաջացնում։ Հայկական տարածքի և ինքնիշխանության ցանկացած խախտում լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել էր բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Բաքվում ընկալում են որպես արտատարածքային միջանցք։

Իլհամ Ալիևը նշել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ մեկ այլ հատվածում սահման բացել։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Նախիջևան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում՝ Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ <...>Եթե իմ նշած երթուղին (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»-խմբ.) չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- նշել էր Ալիևը։

Ալիևի խոսքով՝ այն երթուղին, որն առաջարկել է Հայաստանը, «բացարձակապես պիտանի չէ: Այն հնարավոր չի լինի օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ այնտեղ կլիմայական պայմանները խիստ են, իսկ ռելիեֆը՝ բարդ»։ «Ամենաճիշտ տարբերակը Մեղրիի տարածքով է։ Խորհրդային տարիներին այնտեղով առանց այդ էլ անցնում էր երկաթուղին ու ավտոմոբիլային ճանապարհ էր կառուցվում»,- հավելել էր Ալիևը։

Լուսանկարը՝ Xinhua / Alamy Stock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter