HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրության վավերացմանը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը: Փաստաթուղթը կուղարկվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն առաջիկա օրերին պետք է ստորագրի այն։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի միակ անդամ երկիրը, որն առայժմ չի վավերացրել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը, մնում է Հունգարիան։

Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էր ներկայացրել 2022 թվականի ամռանը։ Այդ երկրները նման որոշում էին կայացրել Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։ ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ է, որ թեկնածու երկրի հայտը հաստատեն Դաշինքի բոլոր անդամները։

Արդյունքում 2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ին միացավ միայն Ֆինլանդիան։ Դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հակազդում էր Թուրքիան՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ։ Մասնավորապես, Անկարան Ստոկհոլմից պահանջում էր արտահանձնել մարդկանց, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են ահաբեկչության մեջ։ 2023 թվականի հուլիսին Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ բանակցություններից հետո համաձայնել էր աջակցել Շվեդիայի հայտին։

Deutsche Well-ն գրում է, որ Հունգարիայի իշխանություններն իրենց հերթին Ստոկհոլմին հանդիմանել են Բուդապեշտին «սևացնելու» քաղաքականության և իրավական պետության նորմերից Հունգարիայի նահանջի վերաբերյալ պարբերաբար հանրային հայտարարություններ անելու համար: 2024 թվականի հունվարի 23-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իր շվեդ գործընկեր Ուլֆ Քրիստերսոնին հրավիրեց Բուդապեշտ՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Ի պատասխան՝ Շվեդիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ բանակցությունների պատճառ չեն տեսնում, քանի որ Հունգարիան դեռևս 2022 թվականի ամռանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շվեդիային առանց որևէ վերապահման Դաշինքին անդամակցելու հրավեր է ուղարկել։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter