HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

2020-ի պատերազմում անհայտ կորածների ընտանիքները ևս երկու ամիս սոցիալական աջակցություն կստանան

Հունվարի 25-ի Կառավարության նիստի օրակարգային հարցերից մեկը 2020-ի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը երկարաձգելու վերաբերյալ էր։

Կառավարության 2020-ի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշմամբ՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին  ամսական 300 000 դրամ է տրամադրվել մինչև 2023-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ, սակայն ոչ ավել քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը։

Նախագծի համաձայն՝ ներկայում 25 զինծառայողի վերաբերյալ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չկան։ 25 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցությունը դադարեցվել է 2024-ի հուվարի 1-ին։ Պաշտպանության նախարարությունը նախագծով առաջարկում է դրամական աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024-ի փետրվար ամիսը ներառյալ։

Կառավարության նիստի օրակարգային հարցերից մյուսը վերաբերում էր 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սկսած պատերազմի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու՝ Կառավարության 2020-ի դեկտեմբերի 3-ին ընդունված որոշման շարունակությունն ապահովելուն։

Որոշման համաձայն՝ անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքներին ամսական տրամադրվում էր 300 000 դրամ։ Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի՝ անհայտ կորած կամ գերեվարված անձինք 11-ն են։ Եվ մինչ օրս էլ կան անհայտ կորածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց ընտանիքներն աջակցության կարիք ունեն։ Այս հանգամանքից ելնելով՝ նախագծով առաջարկվում է ևս երկու ամիս՝ 2024-ի հունվար և փետրվար ամիսներին, շահառու ընտանիքներին տրամադրել ամսական 300 000 դրամ, որի համար դիմումը կարող է ներկայացվել մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը:

Լուսանկարը՝ կառավարության արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter